Գերատեսչական փաստաթղթեր
30.05.2007
Հրաման №17; 30.05.2007թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՀՐԱՄԱՆ
«30» 05. 2007թ. , Երևան №17
«Դատախազի վարքագծի կանոնագիրքը» հաստատելու մասին
Դատախազության գործունեությունում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ պաշտոնեական պարտականությունների բարեխիղճ կատարման համար անհրաժեշտ իրավական երաշխիքներ սահմանելու նպատակով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 30-րդ կետի հոդվածի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի եւ 66-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Դատախազի վարքագծի կանոնագիրքը» (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության դատախազության կադրերի բաժնին՝ «Դատախազի վարքագծի կանոնագիրքը» ստորագրությամբ հանձնել դատախազներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2005 թ. մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 6 հրամանը:
Արդարադատության պետական
խորհրդական Ա.Հովսեփյան
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
գլխավոր դատախազի 2007 թվականի
մայիսի 30-ի թիվ 17 հրամանով
«ԴԱՏԱԽԱԶԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ»
1. Ընդհանուր դրույթներ
«Դատախազի վարքագծի կանոնագիրքը» պայմանավորված է իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացման գործում դատախազական գործունեության կարևորության գիտակցմամբ,
ազգային բարոյա-հոգեբանական ու իրավական ավանդույթների պահպանմամբ և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան դատախազական գործունեության չափանիշների արմատավորման անհրաժեշտությամբ,
ժողովրդավարության և օրենքի գերակայության սահմանադրական սկզբունքների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1979թ. դեկտեմբերի 17-ի 34/169 բանաձևով ընդունված Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի Կանոնագրքի, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի թիվ R(2000)19 և R(94)12 հանձնարարականների դրույթների պահպանման գիտակցմամբ,
իրավապահպան և արդարադատության գործառույթների իրականացման բնագավառում յուրաքանչյուր դատախազի առանցքային դերի, դատախազության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեությունում նրա վարքագծի էական նշանակությամբ,
դատախազի վարքագծի, մասնագիտական ու գործնական առանձնահատկությունները, պաշտոնեական գործունեության և արտապաշտոնեական հարաբերություններում միայն օրենքին ենթարկվելու և դատախազների անկախությունն ապահովելու անհրաժեշտությամբ,
Հայաստանի Հանրապետությունում միջազգային հանրության կողմից ընդունված չափորոշիչներին համապատասխան դատախազական գործունեություն հաստատելու, դատախազների անաչառությանն ու անկախությանը, երկրում մարդու իրավունքների և ազատությունների համակողմանի պաշտպանությանը նպաստող երաշխիքներ ապահովելու ցանկությամբ:
2. Դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները
2.1. Դատախազն իր գործունեությունում պարտավոր է ուղենիշ ընդունել հետևյալ սկզբունքային պահանջները՝
ա) իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով նպաստել դատախազական գործունեության անկախության ապահովմանը և դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը,
բ) բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության համակարգի և իր անձի նկատմամբ, ցանկացած պայմաններում ու իրավիճակում բարձր պահել դատախազի կոչումն ու բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը, գործել այնպես, որպեսզի նրա անաչառության և անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի,
գ) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով՝ միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, օրենքների կատարումն ապահովելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու և վերացնելու համար,
դ) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, առաջնորդվել սոցիալական և իրավական արդարացիության սկզբունքով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը,
ե) մշտապես ապահովել արհեստավարժությունն ու մասնագիտական գիտելիքների պատշաճ մակարդակը, իրազեկ լինել օրենսդրության փոփոխություններին, պարբերաբար զբաղվել իր և իր գործընկերների մասնագիտական գիտելիքների բարձրացմամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին, հնարավորության սահմաններում զբաղվել գիտական և մանկավարժական գործունեությամբ, կատարել հատկապես դատախազության կազմակերպման ու գործունեության հետ կապված հետազոտական աշխատանքներ,
զ) լինել օրինապահ, արդարամիտ, կարգապահ, զուսպ, անկեղծ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, անհանդուրժողական` ծառայակիցների թույլ տված սխալների, ոչ բարոյական վարքագծի նկատմամբ,
է) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանց ժամանակին կանխարգելման և հետևանքները վերացնելու նպատակով,
ը) իրեն տրամադրված հրազենը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված լիազորություններ իրականացնելիս դրսևորել ծայրահեղ համեստություն, ողջամտություն ու կոռեկտություն,
թ) գործել օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով:
2.2. Դատախազը գործում է հրապարակայնորեն այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը:
2.3. Դատախազը պարտավոր է դրսևորել անհրաժեշտ հետևողականություն` օրենքով նախատեսված սահմանափակումները պահպանելիս:
3. Դատախազի վարքագծի կանոնները պաշտոնեական հարաբերություններում
3.1. Դատախազի գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության սկզբունքի վրա:
3.2. Դատախազն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Նա չի կարող լինել քաղաքական կազմակերպության անդամ, ինչպես նաև այլ կերպ զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Նա չպետք է հովանավորչություն դրսևորի որևէ կուսակցության նկատմամբ:
3.3. դատախազը չի կարող անդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ազգային, դավանանքի կամ ֆիզիկական արատների խտրականության հետ:
3.4. Դատախազը կարող է մասնակցել արդարադատության իրականացման, մարդու իրավունքների ընդլայնման և պաշտպանության հետ առնչվող հարցերի և իրավական ակտերի նախագծերի քննարկմանը:
3.5. Դատախազը պարտավոր է պաշտոնեական գործունեությունն իրականացնել ինքնուրույն և անաչառ, օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, պաշտոնատար և այլ անձանց, ինչպես նաև մերձավորների, ընկերների ու ծանոթների ապօրինի ազդեցությունից անկախ, զերծ մնալ անհատական կամ խմբակային շահերի կամ լրատվության միջոցների կամ տեղական, անձնական, ազգային կամ քաղաքական ցանկացած ազդեցությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից:
3.6. Դատախազը պարտավոր է գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը, աշխատանքային ընկերների նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել ուրիշի արտահայտած կարծիքը, անիրավաչափորեն չմիջամտել ուրիշի պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, չհրապարակել իրեն հայտնի դարձած ծառայողական և պետական գաղտնիքը, գործել բացառապես իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պատրաստակամություն դրսևորել օգնելու և աջակցելու իր աշխատանքային ընկերներին:
3.7. Դատախազն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ, ունենալ ինքնուրույն համոզմունք, միաժամանակ նա չի կարող առաջնորդվել ենթադրություններով, հույզերով, կողմերի անձնական վերաբերմունքով, վարքագծով և այլ կողմնակի ազդեցությամբ:
3.8. Պաշտոնեական գործունեության գործընթացում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտումն ու անաչառ քննադատությունը պետք է ընդունի ըմբռնումով և անհրաժեշտ հետևությունների հանգելով, միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար:
3.9. Դատախազը պետք է լինի ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող:
4. Դատախազի վարքագծի կանոնները արտապաշտոնեական հարաբերություններում
4.1. Դատախազը պարտավոր է արտապաշտոնեական հարաբերություններում գործել իր բարձր կոչմանը համապատասխան:
4.2. Դատախազը պարտավոր է արտապաշտոնեական գործունեությունը` ընտանեկան, քաղաքացիական և այլ հարաբերություններն ու ապրելակերպը, կազմակերպել այնպես, որպեսզի այդպիսիք չազդեն պաշտոնեական գործունեության իրականացման և պաշտոնեական պարտականությունների պատշաճ կատարման վրա:
4.3. Դատախազը պարտավոր է ձեռնպահ մնալ իր և դատախազության հեղինա-կությունը վարկաբեկող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական և այլ կախվածության մեջ դնող անձնական, ֆինանսական և գործնական կապերից:
4.4. Դատախազը պարտավոր է հասարակական և անձնական կյանքում հարգել օրենքը, պաշտոնեական դիրքը ի չարը չօգտագործել, ձեռնպահ մնալ իրավախախ-տումներից, բարոյականության նորմերը ոտնահարող արարքներից:
4.5. Դատախազը չի կարող լինել խնամակալ, հոգաբարձու կամ հավատարմատար անձ, բացառությամբ պաշտոնեական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող ընտանիքի անդամների վստահված անձ լինելուց:
4.6. Դատախազը պարտավոր է լինել բարոյական բարձր արժեքների կրող, խուսափել արատավորող գործողություններից, պահպանել համակեցության կանոնները, հարգել ազգային և կրոնական սովորույթները, իր վարքով ու անաչառ գործելակերպով նվաճել հասարակության վստահությունը, լինել զուսպ, իսկ զգացմունքներում՝ կայուն:
5. Պատասխանատվությունը «Դատախազի վարքագծի կանոնագրքի» խախտման համար
5.1. «Դատախազի վարքագծի կանոնագրքի» խախտում թույլ տալու դեպքում դատախազը կարգապահական պատասխանատվություն է կրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ կետի նորմերին համապատասխան:
5.2. Կարգապահական վարույթն իրականացնելիս պահպանվում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանվածության երաշխիքները: Դատախազի վարքագծի կանոնների պահպանության երաշխավորը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն է:
«Դատախազի վարքագծի կանոնագիրքը» մշակվել է դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

