Միջազգային համագործակցություն
Դատախազության փոխհարաբերությունները այլ պետությունների դատախազությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հայաստանի դատախազությունն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում միջազգային իրավական կապերի ամրապնդմանը եւ հանցավորության դեմ պայքարում այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցության սերտացմանը:
Հայաստանի Հանրապետության դատախազությունն անդամակցում է ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների Կոորդինացիոն խորհրդին դրա հիմնադրման օրվանից՝ 1993 թվականի հունվարից, իսկ 1999 թվականից հանդիսանում է Դատախազների միջազգային ասոցիացիայի եւ Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսի լիիրավ անդամ: Միաժամանակ ակտիվորեն մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, սեմինարներին, փորձում երկկողմանի համաձայնագրերով կարգավորել հարեւան եւ ընդհանրապես այլ երկրների դատախազական կառույցների հետ համագործակցությունը:
- 1998 թվականի հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ դատախազության մի խումբ աշխատակիցների վերապատրաստումը ԱՄՆ-ում եւ Նիդեռլանդներում կազմակերպելու մասին:
- 1999 թվականի հոկտեմբերին Երեւանում իրավական փոխօգնության եւ համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության դատախազությունների միջեւ:
- 2001 թվականի հունիսին ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնը ստորագրեցին թմրանյութերի վերահսկման եւ իրավապահպանության բնագավառում ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համաձայնագիր: Սույն համաձայնագիրը հետագայում 2003, 2004 եւ 2005 թվականներին լրացվել է կից ստորագված արձանագրություններով՝ ի հավաստումն համագործակցության արդյունավետության:
- 2003 թվականի հունիսին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազների Կոնֆերանսի աշխատանքային նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի ղեկավարությամբ:
- 2005 թվականի հուլիսի 1-ին Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի գլխավոր դատախազները ստորագրել են Հուշագիր՝ երկու երկրների դատախազությունների միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին:
- 2005 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում Հայաստանի եւ Լատվիայի գլխավոր դատախազները ստորագրել են Համաձայնագիր երկու երկրների դատախազությունների միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին:
- 2005 թվականի հոկտեմբերի 6-ին Մինսկում Հայաստանի եւ Բելոռուսի գլխավոր դատախազները ստորագրել են Արձանագրություն՝ երկու երկրների դատախազությունների միջեւ փոխըմբռման եւ իրավական համագործակցության ամրապնդման մասին:
- Բավարիայի արդարադատության նախարարի հրավերով 2005 թվականի նոյեմբերի 5-11-ը Մյունխեն է մեկնել ՀՀ դատախազության պատվիրակությունը՝ գլխավոր դատախազի ղեկավարությամբ: Այցի նպատակը իրավական օգնության ցուցաբերման բնագավառում հետագա համագործակցության զարգացումն է:
- 2006 թվականի ապրիլի 21-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին Թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության նամակ-համաձայնագրի չորրորդ լրացումը:
- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով 2006 թվականի սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով Երեւան ժամանեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ կոլեգիայի նիստ, ստորագրվեց «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին» (pdf)համաձայնագիր:
- 2006 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռաշիդ Տուսուպբեկովը Աստանայում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր (pdf):
- 2007 թվականի մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն ու Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան Մոսկվայում ստորագրել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր (pdf):
- 2007 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Է.Գոդֆրին ստորագրեցին ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ 2001 թ. կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում լրացում կատարելու մասին 5-րդ արձանագրությունը:
- ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2007 թվականի հուլիսի 5-7-ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազ Թամաշ Կովաչի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում երկու երկրների գլխավոր դատախազները 2007թ. հուլիսի 6-ին ստորագրեցին Հուշագիր «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հունգարիայի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին» (pdf):
2007 թվականի հոկտեմբերի 9-10-ը Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը, որի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հանդես եկավ զեկույցով՝ մարդկանց առեւտրի դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների դատախազությունների համագործակցության խնդիրների վերաբերյալ: - ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց 2007 թվականի նոյեմբերի 21-24-ը Ինդոնեզիայում, Բալի քաղաքում տեղի ունեցած հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի երկրորդ ամենամյա կոնֆերանսին եւ գլխավոր հանդիպմանը: Կոնֆերանսին մասնակցող ՄԱԿ-ի անդամ 89 անդամ-պետությունների հակակոռուպցիոն մարմինների ներկայացուցիչները եւ 11 միջազգային կազմակերպությունները ստորագրել են Հռչակագիր:
ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է րեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով, որը տեղի է ունեցել նոյեմբերի 10-11-ը, Լվով քաղաքում:
Այցելության ընթացքում, նոյեմբերի 13-ին, Կիեւ քաղաքում Հայաստանի եւ Ուկրաինայի գլխավոր դատախազները՝ Ա.Հովսեփյանը եւ Ալ.Մեդվեդկոն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը կանոնակարգում է իրավական օգնության մեխանիզմները՝ նախանշելով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության նոր ուղղություններ եւ հնարավորություններ:

