Քաղաքացիների ընդունելության կարգը
Դատախազությունում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման եւ քաղաքացիների ընդունելության կարգը սահմանվում է ՀՀ գլխավոր դատախազության Կանոնակարգով եւ «Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում դիմումների եւ բողոքների քննարկման ու քաղաքացիների ընդունելության կարգի մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 15 հրամանով:
Ըստ կանոնակարգի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում քաղաքացիների, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդունելությունն իրականացնում է քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման բաժինը: Վարչությունների եւ բաժինների պետերը, նրանց տեղակալներն ընդունում են այն քաղաքացիներին, որոնք բողոքում են ՀՀ գլխավոր դատախազության վարչություններում ու բաժիններում ավելի վաղ ընդունված որոշումներից: Իսկ եթե բողոքը վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից ընդունված որոշումներին, ապա անձնական ընդունելությունը կարող է կազմակերպվել միայն ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների անմիջական հանձնարարությամբ: ՀՀ գլխավոր դատախազի, նրա տեղակալների կողմից ընդունելությունն իրականացվում է այն բողոքներով, որոնք քննարկվել են վարչությունների, բաժինների պետերի կողմից:
Տարածքային դատախազությունների ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի թիվ 15 հրամանի համաձայն, պետք է անձամբ շաբաթն առնվազն մեկ անգամ կատարեն քաղաքացիների ընդունելություն:
Դիմում-բողոքների քննարկման կարգը
Դատախազության մարմիններում քննարկման են ենթակա ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց այն դիմումները, որոնք տեղեկություններ են պարունակում հանցագործությունների, պետության գույքային շահերի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների, օրինականության խախտումների մասին: Քրեական գործերի քննության հետ կապված քննիչների, հետաքննության մարմինների, դատախազների գործողությունների, ինչպես նաեւ դատարանների դատավճիռների, վճիռների եւ որոշումների դեմ բերված բողոքները ստուգվում են ՀՀ քրեական դատավարության եւ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով:
Այն դիմումները, որոնցում առաջադրված հարցերի լուծումը չի մտնում դատախազության մարմինների իրավասության մեջ, քննարկման ենթակա չեն եւ դրանք ստացվելուց հետո 5-օրյա ժամկետում պետք է ուղարկվեն ըստ պատկանելության՝ այդ մասին ծանուցելով դիմողներին կամ վերջիններիս պարզաբանելով, թե ում պետք է դիմեն:
ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 15 հրամանն արգելում է դիմումներն ուղարկել այն դատախազություններ, որոնց ղեկավարները մասնակցել են դիմումներում առաջադրված հարցերի լուծմանը, կամ որոնցից դժգոհում է դիմումատուն: Անհրաժեշտության դեպքում նրանց տրվում են հանձնարարություններ՝ նշելով ստուգման ենթակա կոնկրետ հանգամանքներն ու դրանց կատարման ժամկետները: Դատախազության աշխատակիցների գործողությունները բողոքարկող դիմումների վերաբերյալ որոշումներ ընդունում են նրանց վերադաս դատախազները:
Անստորագիր դիմումները ենթակա չեն քննարկման, իսկ եթե նման դիմումները պարունակում են տեղեկություններ նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին, ապա դրանք ուղարկվում են համապատասխան իրավապահ մարմիններ՝ ըստ ենթակայության:
Դիմումը կարող է թողնվել առանց քննարկման, եթե՝
- դրանում շարադրված բոլոր փաստարկները նախկինում լրիվ եւ օբյեկտիվորեն ստուգվել եւ դիմումին պատասխան է տրվել ստորաբաժանումները գլխավորող դատախազների կողմից՝ դիմողին պարզաբանելով վերադաս դատախազին դիմելու իրավունքը,
- դրա բովանդակությունը զուրկ է տրամաբանությունից ու իմաստից,
- պարունակում է այնպիսի արտահայտություններ, որոնք արատավորում են այլ անձանց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ անպարկեշտ արտահայտություններ. այդ մասին, եթե այլ որոշում չի կայացվում, ծանուցվում է հեղինակին՝ նախազգուշացնելով, որ նման դիմումներ ստացվելու դեպքում գրագրությունը կարող է դադարեցվել:
ՀՀ նախագահից, ՀՀ ազգային ժողովի նախագահից, ՀՀ վարչապետից ստացված դիմումները, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հատուկ հսկողության վերցված դիմումները քննարկվում են անհապաղ:
Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կողմից ՀՀ դատախազական մարմիններում ստացված դիմումները լուծվում են 15-օրյա ժամկետում: Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մնացած դիմումները լուծվում են դատախազությունում ստացվելու օրվանից մեկամսյա ժամկետում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում չպահանջող դիմումները՝ 15 օրից ոչ ուշ: Դիմումի լուծման ժամկետը կարող է երկարացվել դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի, իսկ գլխավոր դատախազությունում՝ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից, բայց ոչ ավելի քան 15 օրով՝ ուշացման պատճառների եւ ձեռնարկվող միջոցների մասին անպայման ծանուցելով դիմողներին, ինչպես նաեւ դիմումն ուղարկած մարմնին կամ անձին:
«Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում դիմումների եւ բողոքների քննարկման ու քաղաքացիների ընդունելության կարգի մասին» ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մայիսի 10-ի թիվ 15 հրամանը չի տարածվում եզրակացության համար ստացվող ներման խնդրագրերի, բռնադատվածների վերաբերյալ գործերով դիմումների քննարկման եւ լուծման կարգի վրա:

