ArmenianEnglishRussian
Site Map

Գործառույթներ

Print Version
Դատախազության գործառույթները

Հայաստանի Հանրապետության դատախազությունը գործում է ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի հիման վրա: 
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝  ՀՀ դատախազության լիազորություններն են են՝

1) հարուցել քրեական հետապնդում.
2) հսկողություն իրականացնել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանել մեղադրանքը.
4) պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան.
5) բողոքարկել դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.
6) հսկողություն  իրականացնել պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

1. Օրենքով նախատեսված դեպքերում  եւ կարգով հարուցել քրեական հետապնդում

Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ քրեական հետապնդման հարուցումը դատախազի բացառիկ լիազորությունն է:

 

2. Հսկողություն իրականացնել նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ

       Դատախազական հսկողությունը նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ ընդգրկում է քրեական դատավարական մինչդատական փուլն ամբողջությամբ, որպեսզի ոչ մի անմեղ  անձ հանցանքի  կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի եւ չդատապարտվի, ոչ ոք  անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի  դատավարական  հարկադրանքի  միջոցների, իրավունքների եւ ազատությունների այլ սահմանափակման, հանցանք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի:
Այս բնագավառում  օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազը պարտավոր է ղեկավարվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազի 2000 թվականի մայիսի 10-ի «Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական  հսկողության կազմակերպման եւ իրականացման ու դրա արդյունավետության բարձրացման միջոցառումների մասին» թիվ 13 հրամանի պահանջներով, որտեղ առավել հստակեցված են  նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կազմակերպման եւ իրականացման ձեւերն ու եղանակները:

3. Դատարաններում պաշտպանել մեղադրանքները

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:
Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:
 Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:

4. Ներկայացնել պետական շահերի պաշտպանության հայցեր

 Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:
4. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետության շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:
5. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:
6. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի իր որոշմամբ՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, պահանջելու և ստանալու իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու բացատրություններ:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է նաև այն դեպքերում, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը Հանրապետության Նախագահն է, կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կամ Ազգային ժողովը՝ հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներից:

5. Բողոքարկել դատական ակտերը՝ վճիռները, դատավճիռները, որոշումները

1.Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:
3. Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
5. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
7. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
8. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստանալու գործի նյութերի պատճենը:

6. Հսկողություն իրականացնել պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ

Այս լիազորությունն իրականացնելիս դատախազն իրավունք ունի՝

-ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք.
- ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.
- ստուգելու պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու.
- հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
- անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատությունից զրկելու վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել իր ակտը.
-  պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
- Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:

Իրենց լիազորությունները կատարելիս դատախազության մարմիններն անկախ են: Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:
Դատախազը, քննիչը պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի վերաբերյալ: Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրuևորել քաղաքական զuպվածություն և չեզոքություն:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը:
 

Գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազը վերադաս է` մարզի դատախազի, Երեւան քաղաքի դատախազի, համայնքների դատախազների, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի, կայազորների զինվորական դատախազների համար:  ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը

1) իրականացնում է դատախազության ղեկավարումը.
2) սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
4) հաստատում է գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը.
5) սահմանում է դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում.
6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտեր.
7) հաստատում է «Դատախազի վարքագծի կանոնագիրքը».
8) հաստատում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը.
9) հաստատում և փոփոխում է դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը և հաuտիքների քանակը.
10) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, սահմանում նրանց գործունեության կարգը.
12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
3. Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ դատախազության  կոլեգիայի նախագահն է: