Աշխատակազմ 
- ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՓԱԿ ԵՎ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Հայաստանի Հանրապետության
գլխավոր դատախազի 2007թվականի
հունիսի 29-ի թիվ 43 հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմը (այսուհետև` աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Հայաստանի Հանրապետության դատախազությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունը:
2. Աշխատակազմի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի (այսուհետև՝ գլխավոր դատախազ): Աշխատակազմը վերակազմակերպվում և իր գործունեությունը դադարեցնում է գլխավոր դատախազի հրամանով:
3. Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, գլխավոր դատախազի հրամաններով և իրավական այլ ակտերով:
4. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրագրված գույք և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
5. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
6. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:
7. Դատախազության աշխատակազմն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
8. Աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք: Աշխատակազմն ունի գլխավոր դատախազի հաստատած միասնական նմուշի ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
9. Աշխատակազմի լրիվ անվանումն է.
հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ,
ռուսերեն՝ “Аппарат прокуратуры Республикаи Армения" государственное управленческое учреждение,
անգլերեն՝ “Staff of the Prosecutor’s office the Republic of Armenia” state administrative institution:
10. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան, 5:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Աշխատակազմի հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության դատախազությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
12. Աշխատակազմն իր խնդիրների լուծման համար իր ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց միջոցով՝
1) իրականացնում է գլխավոր դատախազին, նրա տեղակալներին, Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովող գործառույթներ,
2) իրականացնում է Հայաստանի Հարապետության դատախազության և աշխատակազմի ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ու տնտեսական ապահովման, կազմակերպական, տեխնիկական սպասարկման, ներքին աուդիտի, պետական գույքի կառավարման, անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման պետական գնումների, աշխատակազմում պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կադրային քաղաքականությունը և այլ բնույթի գործառույթներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության դատախազության արդյունավետ գործունեության ու աշխատակիցների համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծմանը,
3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի, խորհրդակցությունների, ինչպես նաև հանձնաժողովների և խորհուրդների նիստերի կազմակերպատեխնիկական բնույթի նախապատրաստական գործառույթներ,
4) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացուցչական արարողակարգերը,
5) իրականացնում է միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքներ, օտարերկրյա դատախազությունների և դրանց պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ու դրանց ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության և աշխատակազմի արտաքին կապերին վերաբերող գործընթացները,
6) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության կապը զանգվածային տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ, նախապատրաստում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ,
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության միասնական արխիվային գործի կազմակերպումը,
8) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի շտեմարանի վարումը, պատրաստում է համապատասխան իրավական ակտերի ժամանակագրական օրինակներ, հաշվառում է գլխավոր դատախազի և աշխատակազմի ղեկավարի կողմից ընդունվող իրավական ակտերը,
9) ապահովում է աշխատակազմում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, համակարգչային ծրագրերի, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ցանցի, տեղեկատվական միջազգային համակարգերի, հասանելիության միջոցների ներդրումը և շահագործումը,
10) ապահովում է գործավարության միասնականությունը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը, էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումն ու պահպանումը,
11) ապահովում է աշխատակազմի վարչական շենքերի և դրանց հարող տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը,
12) իրականացնում է իրավական ակտերով աշխատակազմին վերապահված այլ լիազորություններ:
III. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է.
1) աշխատակազմի կենտրոնական մարմինը,
2) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները:
14. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները կարող են ստեղծվել աշխատակազմին օրենքով վերապահված առանձին այլ գործառույթներ իրականացնելու նպատակով:
15. Աշխատակազմի կառուցվածքը հաստատում է գլխավոր դատախազը:
16. Աշխատակազմի կենտրոնական մարմինը կազմված է կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից: Աշխատակազմի կենտրոնական մարմնի նստավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մասնաշենքում:
17. Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները կազմվում են Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված մարմիններին համապատասխան՝ առանց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաշվի առնելու:
18. Աշխատակազմի կենտրոնական մարմինը և տարածքային ստորաբաժանումները ֆինանսավորվում են պետական բյուջեից մեկ տողով` որպես Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ:
19. Հայաստանի Հանրապետության դատախազության պահպանման ծախսերի ֆինանսավորումը և բյուջետային գործընթացն իրականացնում է աշխատակազմի կենտրոնական մարմինը` կենտրոնացված համակարգով:
IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
20. Աշխատակազմը կառավարում է գլխավոր դատախազը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է գլխավոր դատախազին:
21. Գլխավոր դատախազը.
1) հաստատում է դատախազության աշխատակազմում պետական ծառայության (այսուհետև` պետական ծառայություն) պաշտոնների անձնագրերը,
2) հաստատում և փոփոխում է պետական ծառայության պաշտոնների անվանացանկն ու հաստիքների քանակը,
3) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` աշխատակազմի պետական ծառայողներին բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ,
4) սահմանում է`
ա) պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և աշխատակարգը,
բ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող փակ մրցույթի կարգը,
գ) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթի թեստերի կազմման և թեստավորման կարգը,
դ) բաց մրցույթի հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը,
ե) դատախազության աշխատակազմում պետական ծառայողի (այսուհետև` պետական ծառայող) գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը,
զ) պետական ծառայողների վերապատրաստման կարգն ու պայմանները,
է) աշխատակազմի ստորաբաժանումների գործունեության կարգերը,
ը) պետական ծառայողների անձնական գործերի վարման կարգը,
5) պետական ծառայողի` պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում, աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ, մինչև հինգ տարի ժամկետով կարող է երկարաձգել պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը,
6) աշխատակազմի խնդիրներին համապատասխան` սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները,
7) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը,
8) նշանակում և ազատում է աշխատակազմի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի կենտրոնական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին,
9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից նշանակվող պետական ծառայողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր,
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի` իրավական ակտերի պահանջներին հակասող իրավական ակտերը,
11) որոշում է աշխատակազմի կենտրոնական մարմնին և տարածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը,
12) վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
13) լսում է աշխատակազմի գործունեության հաշվետվությունները, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները,
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
22. Աշխատակազմի անմիջական ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
23. Աշխատակազմի ղեկավարը աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև պետական ծառայող հանդիսացող, տեխնիկական սպասարկումն ապահովող ու պայմանագրային հիմունքներով այլ աշխատանքներ կատարող աշխատակիցների գործունեության կազմակերպման, համակարգման և վերահսկման լիազորություններով օժտված պաշտոնատար անձ է:
24. Աշխատակազմի ղեկավարը ենթակա և հաշվետու է գլխավոր դատախազին:
25. Աշխատակազմի ղեկավարը պետական ծառայող է, որին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը՝ հինգ տարի ժամանակով:
26. Աշխատակազմի ղեկավարը՝
1) ապահովում է աշխատակազմում պետական ծառայության իրականացումը,
2) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին՝ օրենքով, իրավական այլ ակտերով և կանոնադրությամբ նախատեսված աշխատակազմի գործունեության բնագավառներին, նպատակներին, խնդիրներին համապատասխան՝ աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
3) ապահովում է աշխատակազմի բնականոն գործունեությունը, պարբերաբար վերլուծում է աշխատակազմի գործունեությունը, իրականացնում է ընթացիկ գործունեության վերահսկողությունը,
4) բացահայտում է հրատապ լուծման ենթակա խնդիրները, գնահատում կարծիքները և դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ, իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը,
5) առանց լիազորագրի, իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազության անունից, ներկայացնում է նրանց շահերը այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, կնքում պայմանագրեր և գործարքներ,
6) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված կարգով, տնօրինում է աշխատակազմին ամրագրված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,
7) տալիս է Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատախազության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
8) քննարկում է աշխատակազմի իրավասու պետական ծառայողների՝ իրենց վստահված նյութական միջոցների պահպանման և օգտագործման համապատասխանության ստուգման արդյունքները,
9) պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է իր իրավասությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր,
10) տնօրինում է աշխատակազմի գործունեության արդյունքում ձևավորված տեղեկատվությունը, օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված կարգով ապահովում է տեղեկատվության տրամադրումը ըստ նշանակության,
11) հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի արխիվում՝ օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջների կատարման նկատմամբ,
12) օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և ազատում աշխատակազմի պետական ծառայողներին և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր՝ բացառությամբ սույն կանոնադրության 20-րդ կետի 8-րդ ենթակետով նախատեսված պաշտոնների,
13) շնորհում է պետական ծառայության դասային աստիճաններ` բացառությամբ բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների,
14) գլխավոր դատախազի հաստատմանն է ներկայացնում պետական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերը, հիշյալ պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը,
15) որոշում է կայացնում աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին, հայտարարում է փակ մրցույթները,
16) տալիս է տեղեկանքներ պետական ծառայության թափուր պաշտոնների մասին, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին,
17) օրենքով սահմանված կարգով պետական ծառայողների բնութագրերը ստանալուց հետո, բնութագրի և մասնավոր կարծիքի հիման վրա, որոշում է կայացնում սահմանված կարգով պետական ծառայողների աշխատանքի գնահատման, մասնավորապես` նրանց նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչպես նաև բնութագրերը ներկայացնում է գլխավոր դատախազին,
18) պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատվելուց հետո, մեկամսյա ժամկետում, հաստատում /փոփոխում/ է աշխատակազմի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների հաստիքացուցակները,
19) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ աշխատակազմի աշխատակիցներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
20) գլխավոր դատախազին է ներկայացնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող պետական ծառայողների թեկնածությունները,
21) սահմանված կարգով կազմակերպում է աշխատակազմի աշխատակիցների որակավորման բարձրացման աշխատանքները,
22) ապահովում է աշխատակազմի կապը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ու այլ մարմինների հետ,
23) հանդիսանում է Հայաստանի Հարապետության դատախազության ֆինանսական միջոցների կարգադրիչը՝ գլխավոր ֆինանսիստը,
24) կարգավորում է աշխատակազմի գործունեության ընթացքում գանձապետարանի հետ առաջացող հարաբերությունները և խնդիրները,
25) ապահովում է բյուջետային տարվա ֆինանսական հատկացումների նպատակային օգտագործումը, սահմանված կարգով իրականացնում է հաշվապահական հաշվառում, կազմում վճարման փաստաթղթեր, կատարում բանկային գործարքներ, կազմում ֆինանսական հաշվետվություններ,
26) միջոցներ է ձեռնարկում աշխատակազմին հատկացված դրամական միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ,
27) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի միջնաժամկետ ծախսային ծրագրի և առաջիկա տարվա բյուջետային հայտի մշակման աշխատանքները,
28) իրականացնում է բյուջեի կատարողականի վերլուծություն, ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների հիման վրա պատրաստում է ֆինանսավորման հայտերը,
29) ապահովում է աշխատակազմին հատկացված բյուջետային միջոցների համամասնական բաշխման նախագծի կազմումը,
30) ապահովում է ֆինանսաբյուջետային կարգապահությունը, վերահսկում է աշխատակազմի հաշվապահական հաշվառումը,
31) հաստատում է աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները,
32) ապահովում և վերահսկում է դրամական միջոցների ու նյութական արժեքների սահմանված կարգով հաշվառումը և դրանց հետագա շարժին առնչվող գործառնությունների գույքագրումը,
33) հաստատում է աշխատակազմի պահպանման ծախսերի ամփոփ նախահաշիվները,
34) ապահովում է գլխավոր դատախազին ներկայացվող, ինչպես նաև գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների կողմից ստորագրման ենթակա փաստաթղթերի մասնագիտական ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունը,
35) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության դատախազության բյուջետային ֆինանսավորման հայտերի, համակարգի պահպանման ծախսերի նախահաշվի նախապատրաստման աշխատանքները,
36) ապահովում է աշխատակազմում, ինչպես նաև համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական հոսքերի կառավարման ու ներքին աուդիտի համակարգի առկայությունը,
37) ապահովում է աշխատակազմում և համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններում ֆինանսական հարցերի վերաբերյալ հաստատված ակտերի պահանջների կատարման գնահատումը և հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանությունների բացահայտումն ու դրանց ճշգրտման ապահովումը,
38) գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, ապահովում է գնումների համակարգի առկայությունը,
39) ծախսերի գերակատարումը բացառելու անհնարինության դեպքում, ապահովում է այդ մասին հաշվետվությունների ներկայացումը գլխավոր դատախազին,
40) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները,
41) ապահովում է ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը և սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության դատախազության անունից, ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին,
42) ապահովում է սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատախազության, աշխատակազմի և համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը,
43) ընդունում և հաստատում է բյուջետային ծախսերի գործառնական ու տնտեսագիտական դասակարգմամբ նախորդ ամսվա ընթացքում աշխատակազմի եկամուտների և ծախսերի վերաբերյալ ամսական հաշվետվությունները,
44) ընդունում և հաստատում է ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները,
45) վերլուծում և համեմատում է ընթացիկ հաշվետվությունների հետ սահմանված կարգով աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներից, ինչպես նաև համակարգի պետական ոչ առևտրային և պետական այլ կազմակերպություններից ստացված անհրաժեշտ հաշվետվությունները, ամփոփում դրանք ու ներկայացնում գլխավոր դատախազին,
46) ապահովում է Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը՝ ծրագրից շեղումների պատճառների բացահայտմամբ,
47) ապահովում է դատախազության մարմիններում առգրավված նյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը,
48) օրենքով սահմանված կարգով տնօրինում է գլխավոր դատախազության դեպոզիտ հաշիվներում առկա գումարները,
49) Հայաստանի Հանրապետության դատախազությունում և համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպություններում կազմակերպում է տարեկան գույքագրում, հսկում գույքի նպատակային օգտագործումը, օգտագործման ժամկետները, ինչպես նաև կատարում մնացորդ գույքի և այլ արժեքների հատկացման վերաբաշխումը, դուրսգրումը և աճուրդային վաճառքի կազմակերպումը,
50) դատախազության համակարգի աշխատակիցների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպում է դատախազության մարմինների անցագրային ռեժիմը, վարչական շենքերի և շինությունների շահագործումն ու պահպանությունը,
51) կազմակերպում է Հայաստանի Հարապետության դատախազության համակարգչային, հաղորդակցման այլ միջոցների միասնական ցանցի ստեղծման, ավտոտրանսպորտային տնտեսության արդյունավետ շահագործման ու անխափան աշխատանքը,
52) պատասխանատու է Հայաստանի Հայաստանի դատախազության և աշխատակազմի ֆինանսական պարտավորությունները և հիմնական միջոցներն արդյունավետ կառավարելու (ներառյալ՝ հիմնական միջոցների հաշվառումը, պահպանությունը և շահագործումը), ինչպես նաև նյութական և ֆինանսական միջոցների վատնումն ու չնախատեսված ծախսերը կանխելու, արդյունավետ օգտագործելու համար,
53) պատասխանատու է համակարգի պետական հիմնարկներին՝ բյուջետային դասակարգմանը համապատասխան, բյուջեով նախատեսված հատկացումներն ապահովելու և դրանց կողմից միջոցների նպատակային ծախսումները վերահսկելու համար,
54) պատասխանատու է աշխատակազմի կողմից օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ֆինանսական միջոցների հավաքումն ապահովելու համար,
55) Հայաստանի Հանրապետության դատախազությունում ապահովում է գործավարության միասնականությունը,
56) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:
27. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է նրա անմիջական ենթակայությամբ և իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը:
28. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պետական ծառայող է, որին պաշտոնի նշանակում է գլխավոր դատախազը՝ աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
29. Աշխատակազմի ղեկավարի տեղակալի լիազորությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, պաշտոնի անձնագրով և իրավական այլ ակտերով:
30. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում, կատարում է վերջինիս պարտականությունները:
31. Աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալի միաժամանակյա բացակայության դեպքում, աշխատակազմի ղեկավարի պարտականությունները գլխավոր դատախազի հրամանով կարող է կատարել նաև այլ պետական ծառայող:
V. ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
32. Գլխավոր դատախազի խորհրդականի, գլխավոր դատախազի առաջին օգնականի, գլխավոր դատախազի օգնականի, գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի, գլխավոր դատախազի տեղակալների օգնականների պաշտոնները համարվում են հայեցողական պաշտոններ: Դրանց հաստիքները ներառվում են աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
33. Գլխավոր դատախազի խորհրդականին, գլխավոր դատախազի առաջին օգնականին, գլխավոր դատախազի օգնականին, գլխավոր դատախազի մամուլի քարտուղարին պաշտոնի է նշանակում և ազատում գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալների օգնականներին պաշտոնի է նշանակում եւ ազատում գլխավոր դատախազը՝ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացմամբ:
34. Գլխավոր դատախազի խորհրդականը.
1) պարբերաբար գլխավոր դատախազին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման ուղղությամբ,
2) գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է մասնակցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությանն առնչվող քննարկումների,
3) գլխավոր դատախազի կողմից իրեն հանձնարարված բնագավառին վերաբերող հիմնախնդիրների լուծման նպատակովª գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ,
4) գլխավոր դատախազի հանձնարարությամբ ներկայացնում է առաջարկություններ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի վերաբերյալ,
5) կատարում է գլխավոր դատախազի առանձին հանձնարարություններ:
35. Գլխավոր դատախազի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է գլխավոր դատախազը:
36. Գլխավոր դատախազի առաջին օգնականը.
1) գլխավոր դատախազի հետ համաձայնեցնելով՝ կազմակերպում է գլխավոր դատախազի ընթացիկ ու հեռանկարային աշխատանքային ծրագրերը և դրանք ներկայացնում գլխավոր դատախազի հաստատմանը,
2) կազմակերպում է գլխավոր դատախազի խորհրդակցությունների, հանդիպումների և այցերի նախապատրաստումը՝ համագործակցելով համապատասխան կազմակերպությունների, պաշտոնատար և այլ անձանց հետ,
3) գլխավոր դատախազի հանձնարարությամբ կարող է հրավիրել և անցկացնել խորհրդակցություններ,
4) ապահովում է գլխավոր դատախազի խորհրդակցությունների, բանակցությունների և հանդիպումների արձանագրությունների վարումը, կազմակերպում է այցերը և ուղևորությունները,
5) աշխատում է գլխավոր դատախազի փոստի և այլ փաստաթղթերի հետ,
6) վարում է գլխավոր դատախազի անձնական արխիվը,
7) կատարում է գլխավոր դատախազի առանձին հանձնարարություններ:
37. Գլխավոր դատախազի և գլխավոր դատախազի տեղակալների օգնականները.
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում իրենց անմիջական ղեկավարներին,
2) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն,
3) կատարում են իրենց անմիջական ղեկավարների առանձին հանձնարարություններ:
38. Գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը.
1) ներկայացնում է գլխավոր դատախազի պաշտոնական տեսակետները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին,
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ,
3) գլխավոր դատախազին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ,
4) իր գործունեության ծրագրերի մշակման ու իրականացման վերաբերյալ առաջարկներ և վերլուծություններ է ներկայացնում գլխավոր դատախազին, որի հետ համաձայնեցնելուց հետո, հետևում է դրանց իրականացմանը,
5) անցկացնում է գլխավոր դատախազի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ,
6) գլխավոր դատախազին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում է գլխավոր դատախազի տեղակալների, օգնականների, աշխատակազմի և այլ աշխատակիցների հետ,
7) գլխավոր դատախազի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով,
8) կատարում է գլխավոր դատախազի առանձին հանձնարարություններ:
39. Գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների օգնականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է գլխավոր դատախազը:
VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
40. Աշխատակազմի կենտրոնական մարմինը.
1)Հայաստանի Հանրապետության դատախազության իրավասու պաշտոնատար անձանց հայտերի հիման վրա տալիս է տեղեկանք՝
ա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպի մասին,
բ) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախկինում քննած գործերով որոշումների մասին,
գ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին»Եվրոպական համաձայնագրի՝ տվյալ հարցի վերաբերյալ առկա մեկնաբանությունների մասին,
դ) իրավունքի տվյալ բնագավառում տեսական մոտեցումների և նոր զարգացումների մասին,
ե) իրավունքի զարգացման նոր ուղղությունների մասին,
զ) Սահմանադրական դատարանի որոշումների մասին;
2)Իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության միասնական բյուջետային գործընթացը,
3)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության պաշտոնական համացանցային կայքի աշխատանքը,
4)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության միասնական արխիվային գործի վարումը,
5)օժանդակում է Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի, ինչպես նաև հանձնաժողովների և խորհուրդների նախապատրաստական ու կազմակերպական աշխատանքների իրականացմանը,
6)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության ներկայացուցիչների արտասահմանյան այցերի հետ կապված աշխատանքները,
7)իրականացնում է արարողակարգային միջոցառումներ և կատարում թարգմանություններ,
8)իրականացնում է օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծման աշխատանքները,
9)իրականացնում է դատախազության ներկայացուցիչների, պետական ծառայողների արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
10)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունում կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների, հաղորդակցության էլեկտրոնային միջոցների, տեղային ներքին ցանցի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության և փոստաշրջանառության, տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների նախագծումը, կազմակերպումը, շահագործումը,
11)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունում էլեկտրոնային գործավարության և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային փաստաթղթերի կամ այլ տեղեկատվական էլեկտրոնային հենքերի արխիվացումն ու պահպանումը,
12)իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի, ինչպես նաև աշխատակազմի պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների տեխնիկական օժանդակությունը,
13)ընդունում է պետական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին,
14)ապահովում է տեղեկատվության միջոցների, այդ թվում` տեղական մամուլի ամենօրյա տեսության, ինչպես նաև համացանցի միջոցով օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերի ուսումնասիրման, դրանց հիման վրա՝ ամենօրյա տեսությունների կազմման աշատանքները,
15)ապահովում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը,
16)ապահովում է քաղաքացիների ընդունելության գործընթացի անխափանելիությունը,
17)ապահովում է գլխավոր դատախազի և նրա տեղակալների ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի լեզվաոճական և եզրույթային միասնականությունը, անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի տեղակալների իրավական ակտերի բնօրինակների և իրավական այլ ակտերի պատճենների պահպանումն ու արխիվացումը,
18)ապահովում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված արխիվային քաղաքականության հստակ իրականացումը,
19)իրականացնում է օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
VII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
41. Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները՝ վարչությունները և բաժինները (այսուհետև՝ տարածքային ստորաբաժանումներ), ապահովում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և իրավական այլ ակտերով Երևան քաղաքի դատախազությանը, Երևան քաղաքի համայնքների դատախազություններին, մարզերի դատախազություններին, զինվորական կենտրոնական դատախազությանը, կայազորի զինվորական դատախազություններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
42. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներն իրավունք ունեն իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է Երևան քաղաքի դատախազության, Երևան քաղաքի համայնքների դատախազությունների, մարզերի դատախազությունների, զինվորական կենտրոնական դատախազության, կայազորի զինվորական դատախազությունների լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը:
43. Ստորաբաժանումներն ունեն նստավայրեր՝ Երևան քաղաքի, Երևան քաղաքի համայնքների, մարզերի, զինվորական և կայազորների զինվորական դատախազություններում:
44. Ստորաբաժանումներն ունեն գլխավոր դատախազի կողմից հաստատված միասնական նմուշի ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
VIII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
45. Աշխատակազմի պետական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներն իրենց գործառույթներն իրականացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, պաշտոնի անձնագրի և իրավական այլ ակտերի:
46. Աշխատակազմում պետական ծառայողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գլխավոր դատախազի հաստատած աշխատանքային ներքին կարգապահական կանոններով և սույն կանոնադրությամբ:
47. Աշխատակազմում պետական ծառայողներ չեն համարվում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով առանձին այլ խնդիրներ ու գործառույթներ իրականացնող անձինք:
48. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք համարվում են աշխատակազմի աշխատողներ, նրանց հաստիքները ներառվում են աշխատակազմի հաստիքացուցակում, իսկ այդ հաստիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, սույն կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով:
49. Աշխատակազմում պետական ծառայող չհանդիսացող աշխատակիցներին աշխատանքի է ընդունում ու աշխատանքից ազատում աշխատակազմի ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
50. Աշխատակազմի պետական ծառայողները և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները հաշվետու են ըստ վերադասության և գործում են յուրաքանչյուրն իր պաշտոնի անձնագրին կամ իր լիազորություններին համապատասխան:
IX. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ
ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
51. Աշխատակազմում պետական ծառայության պաշտոններում նշանակման և ազատման կարգը իրականացվում է «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ծառայողի պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման կարգի համաձայն՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
52. Առաջին անգամ աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
X. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
53. Աշխատակազմում պետական ծառայողների նկատմամբ տարածվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատական ծառայողի և սոցիալական ապահովության վերաբերյալ դրույթները:
54. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձը պետական ծառայության պաշտոնի ենթախմբի պատկանելությանն ու այդ պաշտոնում պետական ծառայողի ընդհանուր, մասնագիտական և պետական ծառայության uտաժին համապատաuխան պաշտոնեական դրույքաչափն է:
55. Աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
56. Աշխատակազմում պետական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում:
XI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ
ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
57. Աշխատակազմում պետական ծառայողի խրախուսուման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերություններն իրականացվում են «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն:
XII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԸ
58. Աշխատակազմում պետական ծառայության ստաժը ներառում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև՝ մինչև «Դատախազության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված՝ դատախազությունում պետական ծառայության պաշտոններին համարժեք պաշտոններում աշխատած ողջ ժամանակահատվածը, ինչպես նաև՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատած տարիները:
59. Աշխատակազմում պետական ծառայության ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ դատախազության աշխատակազմում պետական ծառայողի ընդհանուր, մասնագիտական աշխատանքային և պետական ծառայության ստաժում:
60. Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև՝ դատական կարգով:
XIII. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
61. Աշխատակազմի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով:
62. Աշխատակազմն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
63. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:
64. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն ու իր կարիքների համար գնումները կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
65. Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով՝ աշխատակազմի կենտրոնական մարմնի կողմից:
XIV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
66. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարեցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Հայաստանի Հանրապետության
գլխավոր դատախազի 2007 թվականի
հունիսի 29-ի թիվ 43 հրամանի
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
I. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Վարչություններ
1. Ֆինանսատնտեսական վարչություն.
ա) տնտեսական ապահովման և սպասարկման բաժին,
բ) հաշվապահական հաշվառման բաժին:
2. Դատախազների սպասարկման վարչություն:
3. Արտաքին կապերի և արարողակարգի վարչություն:
Բաժիններ
1. Տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժին:
2. Հատուկ բաժին:
3. Ընդհանուր բաժին:
4. Արխիվ:
II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի զինվորական դատախազության կենտրոնական մարմնի տարածքային վարչություն:
2. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչություն:
3. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության տարածքային բաժին:
4. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության տարածքային բաժին:
5. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության տարածքային բաժին:
6. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության տարածքային բաժին:
7. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազության տարածքային բաժին:
8. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Շենգավիթ համայնքի դատախազության տարածքային բաժին:
9. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության տարածքային բաժին:
10. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Կոտայքի մարզի դատախազության տարածքային բաժին:
11. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Արարատի մարզի դատախազության տարածքային բաժին:
12. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Արմավիրի մարզի դատախազության տարածքային բաժին:
13. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Արագածոտնի մարզի դատախազության տարածքային բաժին:
14. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Շիրակի մարզի դատախազության տարածքային բաժին:
15. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Լոռու մարզի դատախազության տարածքային բաժին:
16. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Տավուշի մարզի դատախազության տարածքային բաժին:
17. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Գեղարքունիքի մարզի դատախազության տարածքային բաժին:
18. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Վայոց ձորի մարզի դատախազության տարածքային բաժին:
19. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Սյունիքի մարզի դատախազության տարածքային բաժին:
20. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Երևանի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
21.Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
22. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Գուգարքի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
23. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Սևանի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
24. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Շիրակի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
25. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
26. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի թիվ 1 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
27. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի թիվ 2 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
28. Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի թիվ 3 կայազորի զինվորական դատախազության տարածքային բաժին:
- ՀՀ գլխավոր դատախազի 07.12.07թ. №80 հրամանը՝ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007թ. հունիսի 29-ի«Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 43-րդ հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
- ՀՀ գլխավորի դատախազի 29.05.08թ. №49 հրամանը՝ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի ««Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին»»N 43 հրամանում փոփոխություններ կատարելու մասին: