ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք print



ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ԲԱԺԻՆ 6.
ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԼՈՒԽ 20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀՈԴՎԱԾ 154. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում եւ լուծվում է սույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով:
2. Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, եւ քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով:
3. Քաղաքացիական հայցով  որոշումն ընդունվում է քաղաքացիական օրենսդրության նորմերին համապատասխան:
4. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները:

ՀՈԴՎԱԾ 155. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՌԻ ԿԱՄ ՈՐՈՇՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Նույն քաղաքացիական հայցով դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշումը, հայցից քաղաքացիական հայցվորի հրաժարումն ընդունելու կամ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաեւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայությունը, որով հայցը մերժվել  կամ լրիվ կամ մասնակի բավարարվել է, բացառում է քաղաքացիական հայցի հարուցումը:
2. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով:
3. Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով:

ՀՈԴՎԱԾ 156. ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ

Դատախազը հարուցում եւ պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը:

ՀՈԴՎԱԾ 157. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ ՎՃԱՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ

Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցն ազատվում է պետական տուրքի գանձումից:

ՀՈԴՎԱԾ 158. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:
2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար:
3. Հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա եւ ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց, ինչպես նաեւ պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի եւ գույքի բռնագանձման մասին:

ՀՈԴՎԱԾ 159. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել հայցադիմումն ընդունելուց, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին:

ՀՈԴՎԱԾ 160. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կամ սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել` ապահովելու քաղաքացիական հայցը:

ՀՈԴՎԱԾ 161. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները եւ օրինական շահերը: Նման իրավունքներից օգտվում է նաեւ այն անձը, որի շահերի պաշտպանության համար դատախազը քաղաքացիական հայց է հարուցել:
2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման եւ համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց:

ՀՈԴՎԱԾ 162. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքացիական հայցը քննվում է քրեական գործի հետ միասին` ըստ վերջինիս ընդդատության:

ՀՈԴՎԱԾ 163. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը լուծվում է դատավճռով:

ՀՈԴՎԱԾ 164. ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Բացառիկ դեպքերում, երբ քաղաքացին զրկված է իր գույքային շահերն անձամբ պաշտպանելու հնարավորությունից, դատարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել հանցագործության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին:

ԳԼՈՒԽ 21. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 165. ՊԱՇՏՊԱՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Պաշտպանի կողմից կասկածյալին եւ մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է վստահորդի միջոցների հաշվին` պաշտպանի եւ վստահորդի միջեւ փոխհամաձայնեցված պայմաններով կամ պաշտպանի համաձայնությամբ ցույց է տրվում անվճար:
2. Նշանակված պաշտպանի կողմից կասկածյալին եւ մեղադրյալին ցույց տրվող իրավաբանական օգնությունը վարձատրվում է պետական բյուջեի հաշվին, եթե վստահորդը պաշտպանի հետ չի կնքել համաձայնություն եւ պաշտպանը չի հայտարարել անվճար օգնություն ցույց տալու մասին: Նշանակված պաշտպանին վճարվելիք գումարների չափը որոշվում է պաշտպանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնին հաշիվ ներկայացնելուց հետո` մեկ ժամվա աշխատանքի համար` դատախազի մեկ ժամվա աշխատավարձի չափով: Դատարանն իրավունք ունի դատապարտյալի վրա դնել նրան ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կրած ծախսերի
 հատուցումը, բացի այն դեպքերից, երբ կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնությունը պետք է ցույց տրվի անվճար` սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
 3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին եւ մեղադրյալին իրավաբանական օգնության վճարից լրիվ կամ մասնակի ազատելու մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
     4. Քրեական գործով վարույթին որպես նշանակված պաշտպան մասնակցող փաստաբանի իրավաբանական օգնությունը պաշտպանությունից հրաժարված կասկածյալին եւ մեղադրյալին ցույց է տրվում անվճար, եթե պաշտպանությունից նրանց հրաժարվելը չի ընդունվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:
5. Կասկածյալի կամ մեղադրյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի վարձատրությունը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով:

ՀՈԴՎԱԾ 166. ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՄԱՍՆԱԳԵՏԻ, ՓՈՐՁԱԳԵՏԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Քրեական գործով վարույթում թարգմանիչը, մասնագետը, փորձագետը ստանում են`
1) աշխատանքի վայրից աշխատավարձ, եթե աշխատանքը կատարել են ծառայության առաջադրանքի կարգով.
2) քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ պայմանավորված չափով վարձատրություն` պետական բյուջեի հաշվին, եթե աշխատանքը կատարել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով.
3) համապատասխան կողմի հետ պայմանավորված չափով վարձատրություն, եթե աշխատանքը կատարել են տվյալ կողմի հետ ունեցած պայմանավորվածությամբ:
2. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վարձատրությունը տրվում է թարգմանչի, մասնագետի, փորձագետի կողմից հաշիվ ներկայացնելուց հետո` քրեական վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 167. ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

1. Քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի, կասկածյալի կամ մեղադրյալի օրինական ներկայացուցչի, պաշտպանյալի համար անվճար իրավաբանական օգնություն ցույց տվող պաշտպանի ընթերակայի, մասնագետի, թարգմանչի, փորձագետի, վկայի կրած հետեւյալ ծախսերը`
1) քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքսիից, եւ տրանսպորտի այլ տեսակներով երթեւեկության արժեքը, իսկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաեւ օդային տրանսպորտով երթեւեկության արժեքը.
2) բնակտարածության վարձակալության արժեքը` ծառայողական գործուղումների վճարման համար ընդունված նորմերով, եթե այդ ծախսերն այլ կերպ չեն հատուցվել.
3) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով մշտական բնակության վայրից դուրս տվյալ անձանց բնակվելու համար անհրաժեշտ օրապահիկը, եթե այն այլ կերպ չի հատուցվել.
4) միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը նա ծախսել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար, բացի այն դեպքերից, երբ միջին աշխատավարձը նրա համար պահպանվում է հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում, գործատուի կողմից.
5) քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քննչական կամ այլ դատավարական գործողությանը մասնակցելու հետեւանքով աղտոտված, փչացած կամ կորած գույքի մաքրման, նորոգման, վերականգնման կամ ձեռքբերման ծախսերը:
2. Պետական մարմինները եւ հաստատությունները պարտավոր են տուժողի, կասկածյալի, մեղադրյալի, նրանց օրինական ներկայացուցիչների, ընթերակայի, թարգմանչի, մասնագետի, փորձագետի, վկայի համար պահպանել նրանց միջին աշխատավարձն ամբողջ ժամանակի համար, որը նրանք ծախսել են քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մասնակցելու համար:
3. Մասնագետին եւ փորձագետին հատուցվում է նաեւ նրանց պատկանող օգտագործված նյութերի արժեքը, որոնք նրանց կողմից ծախսվել են հանձնարարված աշխատանքը կատարելիս, ինչպես նաեւ աշխատանքի կատարման համար սարքավորումներն օգտագործելու, կոմունալ եւ այլ ծառայությունների համար նրանց մուծած վճարը:
4. Քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերը դատարանի որոշման հիման վրա ենթակա են հատուցման սույն հոդվածի առաջին մասում թվարկված անձանց դիմումի համաձայն` օրենսդրությամբ սահմանված չափով: Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված ծախսերը կարող են օրենսդրությանը համապատասխան հատուցվել վարույթն իրականացնող մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ:

ԳԼՈՒԽ 22. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 168. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

1. Դատական ծախսերը բաղկացած են`
1) տուժողին հանցագործության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից.
2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու եւ օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից.
3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից.
4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից.
5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման եւ հետազոտման համար ծախսված գումարներից.
6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից.
7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի եւ տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից.
8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից:
2. Դատական ծախսերը վճարվում են պետական բյուջեից, եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ:

ՀՈԴՎԱԾ 169. ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԱՆՁՈՒՄԸ

1. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:
2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ  գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:
3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից` ըստ դատարանի կողմից որոշված բաժնի` հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը եւ յուրաքանչյուրի գույքային դրությունը:
4. Անչափահասին դատապարտելու դեպքում դատական ծախսերը կարող են դրվել նրա օրինական ներկայացուցչի վրա:
5. Եթե մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն ամբաստանյալը մահացել է, ապա նրա ժառանգները պատասխանատու չեն դատական ծախսերի հետ կապված նրա պարտավորությունների համար:

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Ֆաքս՝ +374 (10) 511-646
Էլ. փոստ` info@prosecutor.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն