ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք print



ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ: ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

 ԳԼՈՒԽ 39. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Հոդված 777. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր

1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը
պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել
որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ
պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
2. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Սույն գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության եւ
այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:

Հոդված 778. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումը

Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել անձամբ, եթե այլ բան
նախատեսված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Հոդված 779. Ծառայությունների համար վճարելը

1. Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում եւ կարգով:
2. Կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է պատվիրատուի մեղքով, ծառայությունները վճարվում են լրիվ ծավալով, եթե այլ բան նախատեսված չէ
օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
3. Այն դեպքում, երբ կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար կողմերից որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում, պատվիրատուն կատարողին հատուցում է նրա կատարած փաստացի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:

Հոդված 780. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը

1. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:
2. Կատարողն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պայմանով:

Հոդված 781. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի իրավական կարգավորումը

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են
կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) եւ կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նաեւ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:

 ԳԼՈՒԽ 40. ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 782. Հանձնարարության պայմանագիր

1. Հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում
 է մյուս կողմի (հանձնարարողի) անունից եւ նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները եւ պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:
2. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
3. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 783. Հանձնակատարի վարձատրությունը

1. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված
 է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով:
Այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագիրն առնչվում է երկու կողմերի կամ դրանցից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Հանձնարարության վճարովի պայմանագրում վարձատրության չափի կամ այն վճարելու կարգի մասին պայմանի բացակայության դեպքում, հանձնակատարը, սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան, վարձատրվում է պայմանագիրը կատարելուց հետո:
3. Որպես առեւտրային ներկայացուցիչ (320 հոդվածի 1-ին կետ) գործող հանձնակատարը, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահել իր մոտ գտնվող եւ հանձնարարողին հանձնելու ենթակա գույքը հանձնարարության պայմանագրով նախատեսված իր պահանջներն ապահովելու համար:

Հոդված 784. Հանձնարարողի ցուցումներին համապատասխան հանձնարարությունը կատարելը

1. Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել
 հանձնարարողի ցուցումներին համապատասխան: Հանձնարարողի ցուցումները պետք է
 լինեն օրինաչափ, իրականացվող եւ որոշակի:
2. Հանձնակատարն իրավունք ունի շեղվել հանձնարարողի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ հանձնարարողի, եւ հանձնակատարը չի կարողացել նախապես հարցում անել հանձնարարողին կամ ողջամիտ ժամկետում չի
ստացել իր հարցման պատասխանը: Հանձնակատարը պարտավոր է թույլ տված շեղումների մասին ծանուցել հանձնարարողին, երբ նման ծանուցումը դառնում է հնարավոր:
3. Հանձնարարողը որպես առեւտրային ներկայացուցիչ գործող հանձնակատարին (320 հոդվածի 1-ին կետ) կարող է իրավունք վերապահել` առանց նախնական հարցման շեղվելու իր ցուցումներից: Այդ դեպքում առեւտրային ներկայացուցիչը պարտավոր է կատարված շեղումների մասին ողջամիտ ժամկետում ծանուցել հանձնարարողին, եթե այլ բան նախատեսված չէ հանձնարարության պայմանագրով:

Հոդված 785. Հանձնակատարի պարտականությունները

Հանձնակատարը պարտավոր է`
1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի.
2) հանձնարարողի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի մասին բոլոր տեղեկությունները.
3) ի կատարումն հանձնարարության` գործարքներից ստացածն անհապաղ հանձնել հանձնարարողին.
4) հանձնարարությունը կատարելուց կամ մինչեւ դրա կատարելը հանձնարարության պայմանագիրը դադարելուց հետո հանձնարարողին անհապաղ վերադարձնել այն լիազորագիրը, որի գործողության ժամկետը չի ավարտվել, եւ հաշվետվություն ներկայացնել` կցելով համապատասխան փաստաթղթեր, եթե դա պահանջվում է պայմանագրի պայմաններով կամ հանձնարարության բնույթով:

Հոդված 786. Հանձնարարողի պարտականությունները

1. Հանձնարարողը պարտավոր է հանձնարարության պայմանագրով նախատեսված
իրավաբանական գործողությունները կատարելու համար հանձնակատարին տալ
լիազորագիր (լիազորագրեր), բացառությամբ սույն օրենսգրքի 318 հոդվածի  1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
2. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, հանձնարարողը պարտավոր է`
1) հանձնակատարին ապահովել հանձնարարությունը կատարելու համար անհրաժեշտ միջոցներով.
2) հատուցել հանձնակատարի կրած ծախսերը:
3. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարից անհապաղ ընդունել պայմանագրին համապատասխան ամբողջ կատարվածը:
4. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե սույն օրենսգրքի 783 հոդվածին համապատասխան` հանձնարարության պայմանագիրը վճարովի է:

Հոդված 787. Վերահանձնարարում

1. Հանձնակատարն իրավունք ունի, սույն օրենսգրքի 323 հոդվածում նախատեսված
դեպքերում եւ պայմաններով, հանձնարարության կատարումը հանձնարարել այլ անձի
(տեղակալին):
2. Հանձնարարողն իրավունք ունի հեռացնել հանձնակատարի ընտրած տեղակալին:
3. Եթե հանձնակատարի հնարավոր տեղակալի անունը նշված է հանձնարարության
պայմանագրում, հանձնակատարը պատասխանատվություն չի կրում նրա ընտրության եւ
նրա կողմից գործերը վարելու համար:
Եթե հանձնարարության կատարումն այլ անձի փոխանցելու հանձնակատարի իրավունքը նախատեսված չէ պայմանագրում կամ նախատեսված է, սակայն տեղակալի անունը նշված չէ, հանձնակատարը պատասխանատվություն է կրում տեղակալի ընտրության համար:

Հոդված 788. Հանձնարարության պայմանագրի դադարելը

1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաեւ որպես հետեւանք`
1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու.
2) հանձնակատարի հրաժարվելու.
3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որեւէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու:
2. Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց: Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
3. Հանձնակատարի` որպես առեւտրային ներկայացուցչի, գործողություններ նախատեսող հանձնարարության պայմանագրից հրաժարվող կողմը պարտավոր է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ ծանուցել մյուս կողմին պայմանագրի դադարման մասին, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Առեւտրային ներկայացուցիչ-իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում հանձնարարողն իրավունք ունի հանձնարարությունը վերացնել առանց նախնական
ծանուցման:

Հոդված 789. Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետեւանքները

1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչեւ հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա գիտեր կամ պետք է իմանար հանձնարարությունը դադարելու մասին:
2. Հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի վերացմամբ հանձնակատարին պատճառված վնասները հատուցելու համար, բացառությամբ այն պայմանագրի դադարման դեպքերի, որը նախատեսում է հանձնակատարի` որպես առեւտրային ներկայացուցչի գործողություններ:
3. Հանձնակատարի կողմից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի դադարեցմամբ հանձնարարողին պատճառած վնասները
հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը հրաժարվել է
այնպիսի պայմաններում, որոնցում հանձնարարողը զրկված է եղել իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ինչպես նաեւ, երբ հանձնակատարը հրաժարվել է այն պայմանագիրը կատարելուց, որը նախատեսում է նրա` որպես առեւտրային ներկայացուցչի գործողություններ:

Հոդված 790. Հանձնակատար-քաղաքացու ժառանգների եւ հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողի պարտականությունները

Հանձնակատարի մահվան դեպքում նրա ժառանգները պարտավոր են ծանուցել
հանձնարարողին հանձնարարության պայմանագրի դադարման մասին եւ ձեռնարկել
այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են հանձնարարողի գույքը պահպանելու
համար, մասնավորապես, պահպանել նրա գույքը եւ փաստաթղթերն ու դրանք հանձնել
հանձնարարողին:
Նման պարտականություն կրում է նաեւ հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողը:

 ԳԼՈՒԽ 41. ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 791. Կոմիսիայի պայմանագիր

1. Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք:
Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները եւ պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզեւ կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ:
2. Կոմիսիայի պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց ժամկետի, դրա կատարման տարածքի նշումով կամ առանց դրա,  ի շահ կոմիտենտի եւ նրա հաշվին այնպիսի գործարքներ կնքելու իրավունքը երրորդ անձանց չտրամադրելու կոմիտենտի պարտավորությամբ, որոնց կնքելը հանձնարարված է կոմիսիոներին, կամ առանց նման պարտավորության` կոմիսիայի առարկա գույքի տեսականու վերաբերյալ պայմաններով կամ առանց այդ պայմանների:
4. Օրենքով եւ այլ իրավական ակտերով կարող են նախատեսվել կոմիսիայի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկություններ:

Հոդված 792. Կոմիսիոն վարձատրությունը

1. Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաեւ լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով:
Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով եւ վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմիսիայի պայմանագիրը կատարելուց հետո` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափով:
2. Եթե կոմիսիայի պայմանագիրը չի կատարվել կոմիտենտից կախված պատճառներով, ապա կոմիսիոները պահպանում է կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաեւ կատարած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը:

Հոդված 793. Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը

1. Պարտավորություն ստանձնած կոմիսիոները պարտավոր է այն կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով եւ կոմիտենտի ցուցումներին համապատասխան, իսկ կոմիսիայի պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
2. Այն դեպքում, երբ կոմիսիոները գործարքը կնքել է կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայմաններով, լրացուցիչ օգուտը կոմիտենտի եւ կոմիսիոների միջեւ բաշխվում է հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 794. Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում

1. Կոմիսիոները կոմիտենտի առջեւ պատասխանատվություն չի կրում վերջինիս
 հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ
 այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել
 երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման
 երաշխավորությունը (դելկրեդերե):
2. Երրորդ անձի կողմից գործարքը չկատարելու դեպքում կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին, հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաեւ, պահպանելով պահանջի զիջման կանոնները (397-404 հոդվածներ), կոմիտենտի պահանջով նրան փոխանցել նման գործարքից բխող իրավունքները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա` գործարքով կոմիտենտի իրավունքների զիջումը թույլատրվում է անկախ երրորդ անձի հետ կոմիսիոների այն համաձայնությունից, որն արգելում կամ սահմանափակում է նման զիջումը: Դա կոմիսիոներին չի ազատում երրորդ անձի հանդեպ արգելման կամ սահմանափակման համաձայնության խախտման հետ կապված իրավունքի զիջման համար պատասխանատվությունից:

Հոդված 795. Ենթակոմիսիա

1. Կոմիսիոներն իրավունք ունի պայմանագիրը կատարելու նպատակով այլ անձի հետ կնքել ենթակոմիսիայի պայմանագիր` ենթակոմիսիոների գործողությունների համար` մնալով պատասխանատու կոմիտենտի առջեւ, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Ենթակոմիսիայի պայմանագրով` կոմիսիոները ենթակոմիսիոների հանդեպ ձեռք է բերում կոմիտենտի իրավունքներ եւ պարտականություններ:
2. Մինչեւ կոմիսիայի պայմանագրի դադարելը կոմիտենտն իրավունք չունի առանց կոմիսիոների համաձայնության անմիջական հարաբերությունների մեջ մտնել ենթակոմիսիոների հետ, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:

Հոդված 796. Կոմիտենտի ցուցումներից շեղվելը

1. Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, եւ կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր:
2. Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերապահել առանց նախնական հարցման շեղվել իր ցուցումներից: Այդ դեպքում կոմիսիոները պարտավոր է ողջամիտ ժամկետում կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
3. Կոմիսիոները, որը գույքը վաճառել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից ցածր գնով, պարտավոր է վերջինիս հատուցել գների տարբերությունը, եթե չի ապացուցում, որ ինքը հնարավորություն չի ունեցել գույքը վաճառել համաձայնեցված գնով եւ, որ այն ավելի ցածր գնով վաճառելը կանխել է կոմիտենտին պատճառվելիք ավելի մեծ վնասները: Այն դեպքում, երբ կոմիսիոները պարտավոր էր նախապես հարցում անել կոմիտենտին, նա պետք է նաեւ ապացուցի, որ հնարավորություն չի ունեցել նախնական համաձայնություն ստանալ կոմիտենտի ցուցումներից շեղվելու մասին:
4. Եթե կոմիսիոները գույքը գնել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից բարձր գնով, ապա նման գույքն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներից երրորդ անձի հետ գործարք կնքելու մասին ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին: Հակառակ դեպքում` գնված գույքը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված:
5. Եթե կոմիսիոները հաղորդում է, որ իր վրա է վերցնում գնի տարբերությունը, կոմիտենտն իրավունք չունի հրաժարվել իր համար կնքված գործարքից:

Հոդված 797. Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները

1. Կոմիտենտից կոմիսիոներին փոխանցված կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է:
2. Կոմիսիոներն իրավունք ունի, սույն օրենսգրքի 373 հոդվածին  համապատասխան, իր մոտ պահել կոմիտենտին կամ նրա կողմից նշված անձին հանձնելու ենթակա գույքը` կոմիսիայի պայմանագրով իր պահանջներն ապահովելու համար:
Կոմիտենտին սնանկ ճանաչելու դեպքում կոմիսիոների` նշված իրավունքը դադարում է, իսկ կոմիտենտի հանդեպ ունեցած պահված գույքի արժեքի շրջանակներում նրա պահանջները բավարարվում են սույն օրենսգրքի 374 հոդվածին համապատասխան` գրավով ապահովված պահանջներին հավասար:

Հոդված 798. Կոմիսիոների պահանջները կոմիտենտին հասանելիք գումարներից բավարարելը

Սույն օրենսգրքի 426 հոդվածին համապատասխան` կոմիսիոներն իրավունք ունի
կոմիսիայի պայմանագրով իրեն հասանելիք գումարները պահել այն գումարներից,
որոնք իր մոտ մուտք են լինում կոմիտենտի հաշվին:

Հոդված 799. Կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար

1. Կոմիսիոները կոմիտենտի առջեւ պատասխանատվություն է կրում կոմիտենտի`
 իր մոտ գտնվող գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:
2. Եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիսիոների մոտ կոմիտենտի համար մուտք եղած գույքն ընդունելիս այդ գույքում առկա են վնասվածքներ կամ պակասորդ, որը կարող էր նկատվել արտաքին զննման ժամանակ, ինչպես նաեւ կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որեւէ մեկի կողմից վնասվածք պատճառելու դեպքում, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել եւ այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին:
3. Կոմիսիոները, որը չի ապահովագրել իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը, պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ կոմիտենտը նրան
հանձնարարել է գույքն ապահովագրել կոմիտենտի հաշվին կամ, եթե կոմիսիոների
կողմից այդ գույքի ապահովագրության պարտականությունը նախատեսված է,
կոմիսիայի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:

Հոդված 800. Կոմիսիոների հաշվետվությունը

Հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին հաշվետվություն ներկայացնել եւ վերջինիս հանձնել կոմիսիայի պայմանագրով ստացվածը: Հաշվետվության վերաբերյալ առարկություններ ունեցող կոմիտենտը պարտավոր է հաշվետվությունն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով:
Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:

Հոդված 801. Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը

Կոմիտենտը պարտավոր է`
1) կոմիսիոներից ընդունել կոմիսիայի պայմանագրով կատարվածը.
2) զննել իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը եւ վերջինիս անհապաղ ծանուցել դրանում հայտնաբերված թերությունների մասին.
3) կոմիսիոներին ազատել կոմիսիոն հանձնարարության կատարման համար երրորդ անձանց հանդեպ նրա ստանձնած պարտավորություններից:

Հոդված 802. Կոմիսիոն հանձնարարության կատարման ծախսերը հատուցելը

1. Կոմիտենտը պարտավոր է, բացի կոմիսիոն վարձատրությունից, իսկ համապատասխան դեպքերում` նաեւ դելկրեդերի համար լրացուցիչ վարձատրությունից, կոմիսիոներին հատուցել կոմիսիայի պայմանագրի կատարման հետ կապված նրա ծախսերը:
2. Կոմիսիոները կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի պահատվության համար ծախսերի հատուցման իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կոմիսիայի պայմանագրով:

Հոդված 803. Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը

1. Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները:
2. Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պայմանագիրը դադարելու մասին, եթե ծանուցման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Այդ դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրություն վճարել մինչեւ պայմանագրի դադարելը կնքված գործարքների համար, ինչպես նաեւ կոմիսիոներին հատուցել մինչեւ պայմանագրի դադարելը կատարած ծախսերը:
3. Հանձնարարությունը վերացնելու դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիայի պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` անհապաղ տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը կոմիտենտի հաշվին հանձնել պահատվության կամ վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:

Հոդված 804. Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց

1. Կոմիսիոներն իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով, հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ այն դեպքի, երբ այն կնքվել է առանց գործողության ժամկետը նշելու: Այդ դեպքում կոմիսիոները ոչ ուշ, քան երեսուն օր առաջ պետք է կոմիտենտին ծանուցի պայմանագրի դադարման մասին, եթե ծանուցման առավել երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Կոմիսիոները պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոմիտենտի գույքը
պահպանելու համար:
2. Կոմիսիոներից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում ստանալուց հետո կոմիտենտը տասնհինգօրյա ժամկետում պետք է տնօրինի կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի գույքը պահատվության հանձնել կոմիտենտի հաշվին կամ այն վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:
3. Հանձնարարությունը կատարելուց հրաժարված կոմիսիոները պահպանում է մինչեւ պայմանագրի դադարելը կնքած գործարքների համար կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաեւ մինչեւ այդ պահը կրած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:

Հոդված 805. Կոմիսիայի պայմանագրի դադարելը

Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, կոմիսիայի պայմանագիրը դադարում է նաեւ որպես հետեւանք`
1) կոմիտենտի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու.
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կոմիսիոների կողմից
 պայմանագրի կատարումից հրաժարվելու.
3) կոմիսիոների մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.
4) կոմիսիոներին սնանկ ճանաչելու:
Կոմիսիոներին սնանկ ճանաչելու դեպքում, ի կատարումն կոմիտենտի ցուցումների, կոմիսիոների կնքած գործարքներով կոմիսիոների իրավունքները եւ պարտականություններն անցնում են կոմիտենտին:

ԳԼՈՒԽ 42.ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 806. Գործակալության պայմանագիր

1. Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է
վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից եւ նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:
Երրորդ անձի հետ իր անունից եւ պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզեւ պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում եւ գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ:
Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից եւ նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը:
2. Գործակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Այն դեպքերում, երբ գործակալության պայմանագրում նախատեսված են պրինցիպալի անունից գործարքներ կնքելու համար գործակալի ընդհանուր լիազորություններ, պրինցիպալն իրավունք չունի երրորդ անձանց հետ հարաբերություններում վկայակոչել գործակալի մոտ պատշաճ լիազորությունների բացակայությունը, եթե չի ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար գործակալի լիազորությունների սահմանափակման մասին:
4. Գործակալության պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց դրա:
5. Օրենքով կարող են նախատեսվել գործակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները:

Հոդված 807. Գործակալական վարձատրություն

1. Պրինցիպալը պարտավոր է գործակալության պայմանագրում սահմանված չափով
եւ կարգով վարձատրել գործակալին:
Եթե գործակալության պայմանագրում գործակալական վարձատրության չափը
նախատեսված չէ եւ այն չի կարող որոշվել, ելնելով պայմանագրի պայմաններից,
վարձատրությունը վճարվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան:
2. Պայմանագրում գործակալական վարձատրություն վճարելու կարգի մասին պայմանների բացակայության դեպքում պրինցիպալը պարտավոր է գործակալի կողմից անցած ժամանակահատվածի մասին հաշվետվությունը ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում վճարել վարձատրությունը, եթե վարձատրությունը վճարելու այլ կարգ չի բխում պայմանագրի էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Հոդված 808. Պրինցիպալի եւ գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով

1. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց:
2. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայմանագրում նշված տարածքի հետ լիովին կամ մասնակիորեն համընկնող տարածքում այլ պրինցիպալների հետ նմանօրինակ գործակալության պայմանագրեր չկնքելու գործակալի պարտավորությունը:
3. Գործակալության պայմանագրի պայմանները, որոնց ուժով գործակալն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես որոշակի կատեգորիայի գնորդներին (պատվիրատուներին) կամ պայմանագրով սահմանված տարածքում գտնվելու կամ բնակության վայր ունեցող գնորդներին (պատվիրատուներին), առոչինչ են:

Հոդված 809. Գործակալի հաշվետվությունները

1. Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում եւ կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո:
2. Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարված ծախսերի անհրաժեշտ ապացույցներ, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:
3. Պրինցիպալը, որն առարկություններ ունի գործակալի հաշվետվության վերաբերյալ, պետք է հաշվետվությունը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում այդ մասին հայտնի գործակալին, եթե այլ ժամկետ սահմանված չէ գործակալության պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:

Հոդված 810. Ենթագործակալության պայմանագիր

1. Գործակալը պայմանագիրը կատարելու նպատակներով կարող է ենթագործակալության պայմանագիր կնքել այլ անձի հետ` մնալով պատասխանատու պրինցիպալի հանդեպ վերջինիս գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: Գործակալության պայմանագրում կարող է նախատեսվել ենթագործակալության պայմանագիր կնքելու գործակալի պարտականությունը` այդ պայմանագրի կոնկրետ պայմանների նշումով կամ առանց դրա:
2. Ենթագործակալն իրավունք չունի երրորդ անձանց հետ գործարքներ կնքել գործակալության պայմանագրով պրինցիպալ համարվող անձի անունից, բացառությամբ
այն դեպքերի, երբ, սույն օրենսգրքի 323 հոդվածի 1-ին կետին համապատասխան,
ենթագործակալը կարող է գործել վերալիազորման հիման վրա: Նման վերալիազորման
կարգը եւ հետեւանքները սահմանվում են սույն օրենսգրքի 787 հոդվածով նախատեսված կանոններով:

Հոդված 811. Գործակալության պայմանագրի դադարելը

Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գործակալության
պայմանագիրը դադարում է նաեւ որպես հետեւանք`
1) պայմանագիրը կատարելուց կողմերից որեւէ մեկի հրաժարվելու, եթե այն կնքվել է առանց ավարտի ժամկետը որոշելու.
2) գործակալի մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.
3) գործակալին սնանկ ճանաչելու:

Հոդված 812. Գործակալական հարաբերությունների նկատմամբ կոմիսիայի եւ հանձնարարության պայմանագրերի մասին կանոնների կիրառումը

Գործակալության պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 40 կամ 41 գլուխներով նախատեսված կանոնները` կախված այն բանից, թե այդ պայմանագրի պայմաններով
գործակալը գործում է պրինցիպալի, թե իր անունից, եթե այդ կանոնները չեն հակասում սույն գլխի դրույթներին կամ գործակալության պայմանագրի էությանը:

ԳԼՈՒԽ 43. ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 813. Պահատվության պայմանագիր

1. Պահատվության պայմանագրով մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը եւ այն վերադարձնել պահպանված վիճակում:
2. Պահատվության պայմանագրով, որտեղ պահառուն, որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը` պահատվություն իրականացնող առեւտրային կամ
ոչ առեւտրային կազմակերպություն է (արհեստավարժ պահառու), կարող է նախատեսվել պահատուի գույքը պայմանագրով նախատեսված ժամկետում ի պահ վերցնելու պահառուի պարտականությունը:

Հոդված 814. Պահատվության պայմանագրի ձեւը

1. Պահատվության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Պահատվության պայմանագրի հասարակ գրավոր ձեւը համարվում է պահպանված, եթե գույքի ի պահ ընդունումը պահառուի կողմից հավաստված է պահատուին`
1) պահատվության ստացական, անդորրագիր, վկայագիր կամ պահառուի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ տրամադրելով.
2) գույքի ի պահ ընդունումը հավաստող մետաղանիշ (համար) կամ այլ նշան տալով, եթե գույքի ի պահ ընդունումը հաստատող այդպիսի ձեւը նախատեսված է օրենքով կամ այլ իրավական ակտով կամ սովորական է տվյալ տեսակի պահատվության համար:

Հոդված 815. Գույքն ի պահ ընդունելու պարտականությունը կատարելը

1. Պահատվության պայմանագրով գույքն ի պահ ընդունելու պարտականությունն
ստանձնած պահառուն (813 հոդվածի 2-րդ կետ) իրավունք չունի պահանջել, որպեսզի
այդ գույքը պահատվության հանձնվի իրեն:
Սակայն, պայմանագրով նախատեսված ժամկետում գույքն ի պահ չհանձնած պահատուն պահառուի առջեւ պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք պատճառվել են պահառուին գույքը պահատվության չհանձնելու հետեւանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: Պահատուն ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե ողջամիտ ժամկետում պահառուին հայտնում է նրա ծառայություններից հրաժարվելու մասին:
2. Պահառուն ազատվում է գույքն ի պահ ընդունելու պարտականությունից, եթե գույքն իրեն չի հանձնվել պայմանագրով սահմանված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Հոդված 816. Պահատվության ժամկետը

1. Պահառուն պարտավոր է գույքը պահել պահատվության պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում:
2. Պահառուն պարտավոր է գույքը պահել մինչեւ պահատուն այն կպահանջի, եթե պահատվության ժամկետը նախատեսված չէ պայմանագրով եւ չի կարող որոշվել` ելնելով դրա պայմաններից:
3. Եթե պահատվության ժամկետը որոշված է պահատուի ցպահանջ իրավունքով, պահառուն իրավունք ունի տվյալ հանգամանքներում գույքի պահատվության սովորական ժամկետը լրանալու դեպքում պահատուից պահանջել հետ վերցնելու գույքը` դրա համար նրան տրամադրելով ողջամիտ ժամկետ: Պահատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը հանգեցնում է սույն օրենսգրքի 826 հոդվածով նախատեսված հետեւանքներին:

Հոդված 817. Պահատվությունը գույքի դիմազրկմամբ

Պահատվության պայմանագրով ուղղակի նախատեսված դեպքերում, մեկ պահատուի
 ի պահ ընդունված գույքը կարող է խառնվել այլ պահատուներից նույն տեսակի եւ որակի ի պահ ընդունած գույքի հետ (դիմազրկմամբ պահատվություն): Այդ դեպքում պահատուին վերադարձվում է հավասար կամ կողմերի պայմանավորված քանակությամբ նույն տեսակի եւ որակի գույք:

Հոդված 818. Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը

1. Ի պահ ընդունված գույքի պահպանվածության ապահովման համար պահառուն պարտավոր է ձեռնարկել պահատվության պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները:
Պայմանագրում այդպիսի միջոցների մասին պայմանների բացակայության կամ այդ պայմանները լրիվ չլինելու դեպքում, պահառուն գույքի պահպանվածություն ապահովելու նպատակով պետք է ձեռնարկի գործարար շրջանառության սովորույթներին եւ պարտավորության էությանը` ներառյալ ի պահ հանձնված գույքի հատկություններին, համապատասխանող միջոցներ, եթե նման միջոցներ ձեռնարկելը բացառված չէ պայմանագրով:
2. Պահառուն` իրեն հանձնված գույքի պահպանվածության համար բոլոր դեպքերում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնց պարտադիր լինելը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց կողմից սահմանված կարգով (հակահրդեհային, սանիտարական, պահպանական եւ այլն):
3. Եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն պարտավոր է ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար:

Հոդված 819. Ի պահ հանձնված գույքից օգտվելը

Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության օգտվել ի պահ
հանձնված գույքից, ինչպես նաեւ դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ պահվող գույքից օգտվելն անհրաժեշտ է դրա պահպանվածությունն ապահովելու համար եւ չի հակասում պահատվության պայմանագրին:

Հոդված 820. Պահատվության պայմանները փոփոխելը

1. Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության
պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ
մասին անհապաղ ծանուցել պահատուին եւ սպասել վերջինիս պատասխանին:
Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը եւ
 այլ պայմանները:
2. Եթե պահատվության ժամանակ առաջացել է գույքի փչացման իրական վտանգ, կամ գույքն արդեն փչացել է, կամ առաջ են եկել դրա պահպանվածությունն ապահովելու հնարավորությունը բացառող հանգամանքներ, իսկ պահատուի կողմից ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն անհնար է, պահառուն իրավունք ունի պահատվության վայրում գոյություն ունեցող գնով ինքնուրույն վաճառել գույքը կամ դրա մի մասը: Եթե նշված հանգամանքներն առաջ են եկել այնպիսի պատճառների հետեւանքով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, ապա նա վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը գնի հաշվին հատուցելու իրավունք ունի:

Հոդված 821. Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը

1. Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետեւանքով պահառուին եւ երրորդ անձանց պատճառված վնասների համար:
Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, եւ պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ:
2. Եթե պահառուի գիտությամբ եւ համաձայնությամբ` սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված` ի պահ ընդունված գույքը, չնայած դրա պահատվության պայմանների պահպանմանը, շրջապատի, պահառուի կամ երրորդ անձանց գույքի համար դարձել է վտանգավոր, եւ հանգամանքները պահառուին հնարավորություն չեն ընձեռում պահատուից պահանջել այն անհապաղ հետ վերցնելու կամ, երբ վերջինս չի կատարում պահառուի նման պահանջը, պահառուն կարող է գույքը վնասազերծել կամ ոչնչացնել առանց պահատուին հատուցելու վնասները: Այդ դեպքում պահատուն պահառուի եւ երրորդ անձանց առջեւ պատասխանատվություն չի կրում նման գույքի պահատվությամբ պատճառված վնասների համար:

Հոդված 822. Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելը

Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության գույքը ի պահ հանձնել երրորդ անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ստիպված է դա կատարել հանգամանքների ուժով` պահատուի շահերից ելնելով, եւ զրկված է նրա համաձայնությունն ստանալու հնարավորությունից, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Պահառուն պարտավոր է անհապաղ ծանուցել պահատուին գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու մասին:
Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու դեպքում պահատուի եւ սկզբնական պահառուի միջեւ պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, եւ վերջինս պատասխանատվություն է կրում երրորդ անձի, որին նա ի պահ է հանձնել գույքը,
գործողությունների համար, ինչպես իր սեփականի:

Հոդված 823. Պահատվության համար վարձատրությունը

1. Պահառուն պահատվության համար վարձատրվում է պահատվությունն ավարտվելիս, իսկ եթե պահատվության վարձատրությունը նախատեսված է ըստ փուլերի, պահառուն պետք է վարձատրվի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո` համապատասխան մասերով:
2. Պահատվության համար վարձատրությունը նախատեսված ժամանակահատվածի ավելի քան կեսից ուշացնելու դեպքում պահառուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց եւ պահատուից պահանջել անհապաղ հետ վերցնելու ի պահ հանձնված գույքը:
3. Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, նա իրավունք ունի ստանալ վարձատրության համապատասխան մասը, իսկ սույն օրենսգրքի 821 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում` վարձատրության ամբողջ գումարը:
Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն է կրում, նա իրավունք չունի վարձատրություն պահանջել, իսկ ստացված գումարները պարտավոր է վերադարձնել
պահատուին:
4. Եթե պահատվության ժամկետի ավարտից հետո պահատուն հետ չի վերցրել ի պահ տրված գույքը, նա պարտավոր է գույքի հետագա պահատվության համար պահառուին վճարել համապատասխան վարձատրություն: Այս կանոնը կիրառվում է նաեւ այն դեպքում, երբ պահատուն պարտավոր է գույքը հետ վերցնել մինչեւ պահատվության ժամկետի ավարտը:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Հոդված 824. Պահատվության ծախսերի հատուցումը

1. Գույքի պահատվության հետ կապված` պահառուի ծախսերը ներառվում են
պահատվության վարձատրության մեջ, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության
պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում պահատուն պարտավոր է պահառուին հատուցել պահատվության նպատակով նրա կատարած անհրաժեշտ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:

Հոդված 825. Պահատվության արտակարգ ծախսերը

1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաեւ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտավոր է այդ ծախսերի համար ստանալ պահատուի համաձայնությունը: Եթե պահատուն պահառուի նշած ժամկետում կամ պատասխանի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում իր անհամաձայնությունը չի հայտնել, համարվում է, որ նա համաձայն է վճարելու արտակարգ ծախսերը:
3. Այն դեպքում, երբ պահառուն կատարել է արտակարգ ծախսեր, առանց պահատուից նախնական համաձայնություն ստանալու, չնայած որ գործի հանգամանքներով դա հնարավոր էր ստանալ, իսկ պահատուն հետագայում հավանություն չի տվել դրանց, պահառուն կարող է պահանջել հատուցելու արտակարգ ծախսերը միայն այն վնասի չափերով, որը կարող էր գույքին պատճառվել այդ ծախսերը չկատարելու դեպքում:
4. Արտակարգ ծախսերը հատուցվում են պահատվության համար վարձատրությունից
 բացի, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Հոդված 826. Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը

1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը:
2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել գույքն այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետկապված իր կատարած ծախսերը:

Հոդված 827. Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը

1. Պահառուն պարտավոր է պահատուին կամ նրա կողմից որպես ստացող նշված անձին վերադարձնել հենց այն գույքը, որը հանձնված է եղել իրեն ի պահ, եթե պայմանագրում նախատեսված չէ դիմազրկմամբ պահատվություն (հոդված 817):
2. Պահառուն պետք է գույքը վերադարձնի այն վիճակով, որով նա ի պահ է ընդունել` հաշվի առնելով դրա բնականոն վատթարացումը, նվազելը կամ գույքի բնական հատկությունների հետեւանքներով առաջացած այլ փոփոխություններ:
3. Գույքը վերադարձնելու հետ միաժամանակ պահառուն պարտավոր է հանձնել պահատվության ընթացքում դրանից ստացված պտուղները եւ եկամուտները, եթե այլ
բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:

Հոդված 828. Պահառուի պատասխանատվության հիմքերը

1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ
 վնասվածքի համար:
Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետեւանքով, որոնց մասին պահառուն չգիտեր եւ չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետեւանքով:
2. Պահատուի կողմից գույքը հետ վերցնելու պարտականության ծագումից հետո (826 հոդվածի 1-ին կետ) ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում:

Հոդված 829. Պահառուի պատասխանատվության չափը

1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետեւանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետեւանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են`
1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի չափով.
2) գույքի վնասվածքի համար` դրա արժեքի նվազած մասի չափով:
3. Այն դեպքում, երբ վնասվածքի հետեւանքով, որի համար պատասխանատվություն է կրում պահառուն, գույքի որակն այնքան է փոխվել, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նշանակությանը համապատասխան, պահատուն իրավունք ունի հրաժարվել գույքից եւ պահառուից պահանջել այդ գույքի արժեքը, ինչպես նաեւ հատուցելու այլ վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:

Հոդված 830. Պահառուին պատճառված վնասները հատուցելը

Պահատուն պարտավոր է հատուցել ի պահ հանձնված գույքի հատկություններով
պահառուին պատճառված վնասները, եթե գույքն ի պահ ընդունելիս պահառուն չգիտեր
եւ պարտավոր չէր իմանալ այդ հատկությունների մասին:

Հոդված 831. Պահատվության դադարելը պահատուի պահանջով

Պահառուն պարտավոր է պահատուի առաջին իսկ պահանջով վերադարձնել ի պահ
ընդունված գույքը, թեկուզեւ չի ավարտվել պահատվության պայմանագրով նախատեսված ժամկետը:
Այդ դեպքում պահատուն պարտավոր է պահառուին հատուցել պարտավորությունը վաղաժամկետ դադարելու հետեւանքով առաջացած վնասները, եթե այլ բան նախատեսված
չէ պայմանագրով:

Հոդված 832. Պահատվության մասին ընդհանուր դրույթների կիրառումը դրա առանձին տեսակների նկատմամբ

Պահատվության մասին ընդհանուր դրույթները (813-831 հոդվածներ) դրա առանձին տեսակների նկատմամբ կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ պահատվության առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի 834-853 հոդվածների կանոններով եւ այլ օրենքներով:

Հոդված 833. Պահատվությունն օրենքի ուժով

Սույն գլխի կանոնները կիրառվում են օրենքի ուժով ծագած պահատվության պարտավորությունների նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

§ 2. ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ

Հոդված 834. Պահեստային պահատվության պայմանագիր

1. Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն)
պարտավորվում է վարձատրությամբ պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն
հանձնված ապրանքները եւ դրանք վերադարձնել պահպանված վիճակում:
Ապրանքային պահեստ է համարվում ապրանքների պահատվության ձեռնարկատիրական
գործունեություն իրականացնող եւ պահատվության հետ կապված ծառայություններ
մատուցող կազմակերպությունը:
2. Պահեստային պահատվության պայմանագրի գրավոր ձեւը համարվում է պահպանված, եթե դրա կնքելը եւ ապրանքը պահեստ ընդունելը հավաստված է պահեստային փաստաթղթով (հոդված 839):

Հոդված 835. Ապրանքների պահատվությունն ընդհանուր օգտագործման պահեստում

1. Ապրանքային պահեստը համարվում է ընդհանուր օգտագործման պահեստ, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ առեւտրային կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ նա պարտավոր է ի պահ ընդունել
ցանկացած ապրանքատիրոջ ապրանք:
2. Ընդհանուր օգտագործման ապրանքային պահեստի կնքած պահեստային պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

Հոդված 836. Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու եւ պահատվության ժամանակ

1. Ապրանքային պահեստն ապրանքն ի պահ ընդունելիս պարտավոր է իր հաշվին զննել ապրանքները ու որոշել դրանց քանակը (միավորների կամ ապրանքների տեղերի թիվը կամ չափը, քաշը, ծավալը) եւ արտաքին վիճակը, եթե այլ բան նախատեսված չէ պահեստային պահատվության պայմանագրով:
2. Ապրանքային պահեստը պարտավոր է պահատվության ժամանակ ապրանքատիրոջը հնարավորություն ընձեռել զննելու ապրանքները կամ դրանց նմուշները, իսկ եթե պահատվությունն իրականացվում է դիմազրկմամբ, ստուգանմուշներ վերցնել եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար:

Հոդված 837. Պահատվության պայմանների եւ ապրանքների վիճակի փոփոխվելը

1. Այն դեպքում, երբ ապրանքների պահպանվածության ապահովման համար
 պահանջվում է փոփոխել դրանց պահատվության պայմանները, ապրանքային պահեստն
 իրավունք ունի ինքնուրույն ձեռնարկել պահանջվող միջոցները: Սակայն, եթե
 պահանջվում է էականորեն փոփոխել պահեստային պահատվության պայմանագրով
 սահմանված ապրանքների պահատվության պայմանները, ապրանքային պահեստը պարտավոր է ձեռնարկված միջոցների մասին տեղյակ պահել ապրանքատիրոջը:
2. Պահատվության ժամանակ պահեստային պահատվության պայմանագրով համաձայնեցված կամ բնական փչացման սովորական չափերի (չափանիշների) շրջանակներից դուրս վնասվածք հայտնաբերելիս ապրանքային պահեստը պարտավոր է
այդ մասին անհապաղ կազմել ակտ եւ նույն օրը ծանուցել ապրանքատիրոջը:

Հոդված 838. Ապրանքի քանակի եւ վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս

1. Ապրանքի տերը եւ ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը եւ ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում եւ քանակի ստուգում պահանջողը:
2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի եւ ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության
հետեւանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավոր դիմումը պետք է
պահեստ ներկայացվի անհապաղ, իսկ այն պակասորդի կամ վնասվածքի դեպքում, որը
չէր կարող բացահայտվել ապրանքը սովորական եղանակով ընդունելիս` այն ստանալուց եռօրյա ժամկետում:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի բացակայության դեպքում համարվում է, որ պահեստի կողմից ապրանքը վերադարձվել է պահեստային պայմանագրի պայմաններին համապատասխան, եթե այլ բան ապացուցված չէ:

Հոդված 839. Պահեստային փաստաթղթեր

1. Ապրանքային պահեստն ի հաստատումն ապրանքն ընդունելու, տալիս է հետեւյալ փաստաթղթերից մեկը`
1) երկակի պահեստային վկայագիր (հոդված 160).
2) հասարակ պահեստային վկայագիր (հոդված 161).
3) պահեստային անդորրագիր:
2. Երկակի կամ հասարակ պահեստային վկայագրով ի պահ ընդունված ապրանքը
պահատվության ընթացքում համապատասխան վկայագրի գրավի միջոցով կարող է դառնալ
գրավի առարկա:

Հոդված 840. Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը

1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն`
1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը եւ գտնվելու վայրը.
2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի.
3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաեւ ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը.
4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու քանակը` միավորների եւ (կամ) ապրանքային տեղերի թիվը եւ (կամ) ապրանքի չափը (քաշը, ծավալը).
5) ժամկետը, որով ապրանքն ի պահ է ընդունվել, եթե այդպիսի ժամկետ սահմանված է, կամ ցուցում այն մասին, որ գույքն ի պահ է ընդունվել ցպահանջ.
6) պահատվության համար վարձատրության չափը կամ այն սակագները, որոնց հիման վրա դա հաշվարկվում է, եւ պահատվության վճարման կարգը.
7) պահեստային վկայագիր տալու տարին, ամիսը, ամսաթիվը:
Երկակի պահեստային վկայագրի երկու մասերն էլ պետք է ունենան լիազորված անձի նույնանման ստորագրությունները:
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երկակի պահեստային վկայագիր չէ:
(840-րդ հոդվածը լրացվ.  է 13.04.11 ՀՕ-121-Ն, լրացվ. է 19.03.12 ՀՕ-49-Ն)

Հոդված 841. Պահեստային եւ գրավային վկայագրի տիրոջ իրավունքները

1. Պահեստային եւ գրավային վկայագրի տերն իրավունք ունի լրիվ ծավալով
 տնօրինելու պահեստում պահվող ապրանքը:
2. Գրավային վկայագրից առանձնացված պահեստային վկայագրի տերն իրավունք
ունի տնօրինել ապրանքը, սակայն չի կարող այն վերցնել պահեստից մինչեւ գրավային վկայագրով հավաստված վարկի մարումը:
3. Գրավային վկայագրի տերը, որը միաժամանակ պահեստային վկայագրի տերը
չէ, ապրանքի նկատմամբ գրավի իրավունք ունի գրավային վկայագրով հավաստված
վարկի եւ դրա տոկոսների չափով: Ապրանքի գրավի դեպքում այդ մասին նշում է կատարվում պահեստային վկայագրի վրա:

Հոդված 842. Պահեստային եւ գրավային վկայագրերը հանձնելը

Պահեստային եւ գրավային վկայագրերը կարող են միասին կամ առանձին
հանձնվել փոխանցագրերով:

Հոդված 843. Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը

1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային եւ գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ:
2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով:
3. Գրավային վկայագիր չունեցող եւ դրա հետ կապված` պարտքի գումարը չմուծած պահեստային վկայագրի տիրոջը սույն հոդվածի պահանջներին հակառակ ապրանքը հանձնած ապրանքային պահեստը, գրավային վկայագրի տիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում դրանով ապահովված ամբողջ գումարը վճարելու
 համար:
4. Պահեստային եւ գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս: Ընդ որում, սկզբնական վկայագրերի փոխարեն նրան տրվում են նոր վկայագրեր` պահեստում մնացած ապրանքի վերաբերյալ:

Հոդված 844. Հասարակ պահեստային վկայագրի բովանդակությունը

1. Հասարակ պահեստային վկայագիրը պետք է պարունակի սույն օրենսգրքի 840 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-7-րդ ենթակետերով եւ վերջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները, ինչպես նաեւ նշում այն մասին, որ այն տրված է ըստ ներկայացնողի:     2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը հասարակ պահեստային վկայագիր չէ:

Հոդված 845. Ապրանքի պահատվությունն այն տնօրինելու իրավունքով

Եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ պայմանագրից բխում է, որ ապրանքային պահեստը կարող է տնօրինել իրեն ի պահ հանձնված ապրանքը, ապա կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխի` փոխառության մասին կանոնները, ընդ որում, ապրանքների վերադարձման ժամկետը եւ տեղը որոշվում են սույն գլխի կանոններով:

§ 3. ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿՆԵՐ

Հոդված 846. Պահատվություն գրավատանը

1. Գրավատանը քաղաքացիներին պատկանող գույքի պահատվության պայմանագիրը
հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
2. Գրավատունը պահատվության պայմանագրի կնքումը հավաստում է պահատուին անվանական պահպանական անդորրագիր հանձնելով:
3. Գրավատանն ի պահ հանձնվող գույքը կողմերի համաձայնությամբ գնահատվում է ընդունման պահին եւ վայրում` առեւտրի մեջ սահմանված նույն տեսակի ու որակի գույքի գնման շուկայական գնին համապատասխան:
4. Գրավատունը պարտավոր է հօգուտ պահատուի իր հաշվին ապահովագրել ի պահ ընդունած գույքը` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան գնահատված արժեքի
չափով:

Հոդված 847. Գրավատնից չպահանջված գույքը

1. Եթե գրավատանն ի պահ հանձնված գույքը պահատուն հետ չի պահանջում գրավատան հետ համաձայնեցված ժամկետում, գրավատունը պարտավոր է այն մեկ ամիս պահել` դրա համար գանձելով պահատվության պայմանագրով նախատեսված չափով վճար:
Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը վաճառվում է աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
2. Չպահանջված գույքի վաճառքից գոյացած գումարից գրավատունը գանձում է հասանելիք գումարը, իսկ մնացորդը վերադարձնում է պահատուին:

Հոդված 848. Արժեքների պահատվությունը բանկում

1. Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ եւ քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ` ներառյալ փաստաթղթեր:
2. Բանկում արժեքների պահատվության պայմանագրի կնքումը հավաստվում է պահատուին բանկի կողմից անվանական պահպանական անդորրագիր հանձնելով, որը ներկայացնելը հիմք է պահվող արժեքները պահատուին վերադարձնելու համար:

Հոդված 849. Արժեքների պահատվությունը բանկի անհատական պահատեղում

1. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման եւ պահպանման համար:
2. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որեւէ մեկի` ներառյալ բանկի, հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում եւ հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ:
Պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:
3. Պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության
անհնարին էր որեւէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին, կամ դա հնարավոր
է դարձել անհաղթահարելի ուժի հետեւանքով:
4. Բանկի պահատեղում արժեքների պահատվության պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` վարձակալության
պայմանագրի մասին կանոնները:

Հոդված 850. Պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում

1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող պահասենյակները, անկախ ուղեւորների կամ այլ քաղաքացիների մոտ ուղեփաստաթղթերի առկայությունից, պարտավոր են ի պահ ընդունել նրանց գույքը:
2. Տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ի հավաստում պահասենյակում (բացառությամբ ավտոմատ պահատուփերի) գույքի ի պահ ընդունման, պահատուին հանձնվում է անդորրագիր կամ համարանիշ: Անդորրագիրը կամ համարանիշը կորցնելու դեպքում ի պահ հանձնված գույքը պահատուին վերադարձվում է գույքը նրան պատկանելու մասին ապացույցներ ներկայացնելու պայմանով:
4. Ժամկետը, որի ընթացքում պահասենյակը պարտավոր է պահել գույքը, որոշվում է հատուկ կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: Նշված ժամկետում չպահանջված գույքը պահասենյակը պարտավոր է պահել եւս երեսուն օր: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը կարող է վաճառվել սույն օրենսգրքի 826 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:
5. Պահասենյակում ի պահ հանձնված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետեւանքով պահատուի կրած վնասները պահառուն հատուցում է պահանջը ներկայացնելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում` գույքն ի պահ ընդունելու ժամանակ պահատուի կողմից դրա գնահատման արժեքի շրջանակներում:

Հոդված 851. Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում

1. Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց
 է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ
 եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս:
2. Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել սույն օրենսգրքի 818 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված բոլոր միջոցները:
3. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաեւ պահատվության նպատակով կազմակերպություններում եւ տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում
քաղաքացիների կողմից թողնված, սակայն, ի պահ չհանձնված վերնահագուստի,
գլխարկների եւ այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ:

Հոդված 852. Պահատվությունը հյուրանոցում

1. Հյուրանոցը, որպես պահառու, պատասխանատվություն է կրում կենվորի գույքի, բացառությամբ նրա դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի եւ այլ թանկարժեք գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Հյուրանոցի համաձայնությունը կենվորի հետ այս պատասխանատվությունը բացառելու մասին առոչինչ է:
Հյուրանոց մուտք եղած է համարվում հյուրանոցի աշխատակիցներին վստահված կամ հյուրանոցային համարում կամ դրա համար նախատեսված վայրում տեղադրված գույքը:
2. Հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի եւ այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից: Հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց կենվորի գիտության անհնարին էր որեւէ մեկի մոտենալն անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետեւանքով:
3. Իր գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը հայտնաբերած կենվորը
 պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հյուրանոցի տնօրինությանը: Հակառակ
 դեպքում` հյուրանոցն ազատվում է գույքի պահպանության համար պատասխանատվությունից:
4. Կենվորի գույքի պահպանվածության համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու մասին հյուրանոցի հայտարարությունը վերջինիս չի ազատում պատասխանատվությունից:
5. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում եւ այլ
նմանատիպ կազմակերպություններում քաղաքացիների գույքի պահատվության նկատմամբ:

Հոդված 853. Վեճի առարկա գույքի պահատվություն (սեկվեստր)

1. Սեկվեստրի պայմանագրով` երկու կամ ավելի անձինք, որոնց միջեւ գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ է առաջացել, այդ գույքը հանձնում են երրորդ անձի, որը պարտականություն է ստանձնում վեճը լուծվելու դեպքում գույքը վերադարձնել այն անձին, ում դա կհատկացվի դատարանի վճռով կամ բոլոր վիճող անձանց համաձայնությամբ (պայմանագրային սեկվեստր):
2. Երկու կամ ավելի անձանց միջեւ վեճի առարկա գույքը կարող է սեկվեստրի կարգով ի պահ հանձնվել դատարանի վճռով (դատական սեկվեստր):
Դատական սեկվեստրով պահառու կարող է լինել ինչպես դատարանի նշանակած, այնպես էլ վիճող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված անձը: Երկու դեպքերում էլ պահանջվում է պահառուի համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Սեկվեստրի կարգով ի պահ կարող է հանձնվել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը:
4. Սեկվեստրի կարգով գույքի պահատվությունն իրականացնող պահառուն վիճող կողմերի հաշվին վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ սեկվեստր սահմանած դատարանի վճռով:

ԳԼՈՒԽ 44. ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 854. Ընդհանուր դրույթներ փոխադրման մասին

1. Բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
2. Փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Փոխադրման ընդհանուր պայմանները որոշվում են տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով եւ դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
4. Տրանսպորտի առանձին տեսակներով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման պայմանները, ինչպես նաեւ կողմերի պատասխանատվությունն այդ փոխադրումների համար որոշվում են նրանց համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով եւ դրանց համապատասխան հրապարակված կանոններով:

Հոդված 855. Բեռի փոխադրման պայմանագիր

1. Բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը եւ այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը:
2. Բեռի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ)
 հանձնելով:

Հոդված 856. ՈՒղեւորի փոխադրման պայմանագիր

1. ՈՒղեւորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղեւորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղեւորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաեւ ուղեբեռը եւ հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղեւորը պարտավորվում է վճարել ուղեւորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաեւ ուղեբեռի փոխադրավարձը:
2. ՈՒղեւորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով:
3. ՈՒղեւորն իրավունք ունի օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`
1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.
2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.
3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:

Հոդված 857. Ֆրախտի պայմանագիր

Ֆրախտի (չարտերի) պայմանագրով մի կողմը (ֆրախտ տրամադրողը) պարտավորվում է մյուս կողմին (ֆրախտ ստացողին) բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման համար վճարի դիմաց տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակությունը կամ դրա մի մասը` մեկ կամ մի քանի չվերթի համար:
Ֆրախտի պայմանագրի կնքման կարգը սահմանվում է օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 858. ՈՒղիղ խառը հաղորդակցություն

Միասնական տրանսպորտային փաստաթղթով տրանսպորտի տարբեր տեսակներով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման ժամանակ (ուղիղ խառը հաղորդակցություն) տրանսպորտային կազմակերպությունների փոխհարաբերությունները, ինչպես նաեւ այդ փոխադրումների կազմակերպման կարգը որոշվում են տրանսպորտի համապատասխան տեսակների կազմակերպությունների միջեւ օրենքին համապատասխան կնքված համաձայնագրերով:

Հոդված 859. Փոխադրումն ընդհանուր օգտագործման տրանսպորտով

1. Առեւտրային կազմակերպության կողմից իրականացվող փոխադրումը համարվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտով կատարված, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է բեռներ, ուղեւորներ եւ ուղեբեռներ փոխադրել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):

Հոդված 860. Փոխադրավարձ

1. Բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման համար գանձվում է կողմերի համաձայնությամբ սահմանված փոխադրավարձ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռների, ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրավարձի չափերը որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնի հիման վրա:
3. Բեռի տիրոջ պահանջով փոխադրողի կողմից սակագներով չնախատեսված աշխատանքները եւ ծառայությունները վարձատրվում են կողմերի համաձայնությամբ:
4. Փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար հանձնված բեռները եւ ուղեբեռները` ի ապահովումն իրեն հասանելիք փոխադրավարձի եւ այլ վճարների
(373 եւ 374 հոդվածներ), եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:

Հոդված 861. Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը եւ բեռնաթափելը

1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման
պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման
նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի եւ
սարքին տրանսպորտային միջոցներ:
Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից:
2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթափում) իրականացնում է տրանսպորտային կազմակերպությունը կամ առաքողը (ստացողը)` օրենքի եւ դրան համապատասխան ընդունված կանոնների պահանջների պահպանմամբ:
3. Առաքողի (ստացողի) ուժերով եւ միջոցներով բեռնումը (բեռնաթափումը) պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե նման ժամկետներ սահմանված չեն օրենքով եւ դրան համապատասխան հրապարակված կանոններով:

Հոդված 862. Բեռը, ուղեւորին եւ ուղեբեռը տեղ հասցնելու ժամկետները

Փոխադրողը պարտավոր է բեռը, ուղեւորին կամ ուղեբեռը նշանակված վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում:

Հոդված 863. Պատասխանատվությունը փոխադրման պարտավորությունների խախտման համար

1. Փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու
դեպքում կողմերը կրում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ
կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Փոխադրողի` օրենքով սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու
կամ վերացնելու մասին ուղեւորների եւ բեռնատերերի հետ տրանսպորտային կազմակերպությունների համաձայնություններն անվավեր են, բացառությամբ օրենքով
սահմանված դեպքերի:

Հոդված 864. Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար եւ առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը

1. Փոխադրողը, ընդունված հայտին (պատվերին) կամ պայմանագրին
 համապատասխան, բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու,
 իսկ առաքողը` բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն
 այլ պատճառներով չօգտագործելու համար կրում են օրենքով, ինչպես նաեւ կողմերի
 համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Բեռ փոխադրողը եւ առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները
 չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար
 պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել`
1) անհաղթահարելի ուժի, ինչպես նաեւ տարերային բնույթի այլ երեւույթների (հրդեհների, ջրհեղեղների եւ այլնի) կամ ռազմական գործողությունների հետեւանքով.
2) որոշակի ուղղություններով բեռների փոխադրումներն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետեւանքով.     3) օրենքով սահմանված այլ դեպքերում:

Հոդված 865. Փոխադրողի պատասխանատվությունն ուղեւորի մեկնումն ուշացնելու համար

1. ՈՒղեւոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղեւորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղեւորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու կամ փոխադրողից անկախ այլ հանգամանքների հետեւանքով:
2. Տրանսպորտային միջոցի մեկնումն ուշացնելու պատճառով փոխադրումից ուղեւորի հրաժարվելու դեպքում փոխադրողը պարտավոր է ուղեւորին վերադարձնել փոխադրավարձը:

Հոդված 866. Փոխադրողի պատասխանատվությունը բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի եւ վնասվածքի համար

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչեւ բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, եւ որոնց վերացնելը իրենից կախված չէր:
2. Բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը
 հատուցում է`
1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.
2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.
3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:
Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:
3. Բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի եւ վնասվածքի հետեւանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:
4. Բեռի կամ ուղեբեռի պահպանված չլինելու պատճառների մասին փոխադրողի կազմած միակողմանի փաստաթղթերը (առեւտրային ակտ, ընդհանուր ձեւի ակտ եւ այլն) վեճի դեպքում, դատարանի կողմից ենթակա են գնահատման այդ հանգամանքները վկայող այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք կարող են հիմք ծառայել բեռ կամ ուղեբեռ փոխադրողի, առաքողի կամ ստացողի պատասխանատվության համար:

Հոդված 867. Բեռների փոխադրման հայցային վաղեմության ժամկետը

Բեռների փոխադրումից բխող պահանջներով հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է:

Հոդված 868. Փոխադրողի պատասխանատվությունն ուղեւորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար

ՈՒղեւորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար փոխադրողի
պատասխանատվությունը որոշվում է սույն օրենսգրքի 60 գլխի կանոններով, եթե
փոխադրողի առավել խստացված պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ
փոխադրման պայմանագրով:

Հոդված 869. Փոխադրումների կազմակերպման պայմանագրեր

1. Փոխադրողը եւ բեռնատերը բեռների համակարգված փոխադրումների իրականացման անհրաժեշտության դեպքում կարող են կնքել փոխադրումների կազմակերպման երկարաժամկետ պայմանագրեր:
2. Փոխադրողը, բեռների փոխադրումների կազմակերպման պայմանագրով, պարտավորվում է սահմանված ժամկետներում ընդունել, իսկ բեռնատերը` փոխադրման ներկայացնել պայմանավորված ծավալի բեռներ: Բեռների փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով որոշվում են տրանսպորտային միջոցներ տրամադրելու եւ փոխադրելու համար բեռները ներկայացնելու ծավալները, ժամկետները եւ այլ պայմանները, հաշվարկների կարգը, ինչպես նաեւ փոխադրումը կազմակերպելու այլ պայմաններ:

Հոդված 870. Տրանսպորտային կազմակերպությունների միջեւ պայմանագրերը

Տրանսպորտի տարբեր տեսակի կազմակերպությունների միջեւ կարող են կնքվել բեռների փոխադրումների ապահովման հետ կապված աշխատանքի կազմակերպման` բեռների կենտրոնացված ներմուծման, արտահանման եւ այլ պայմանագրեր:
Այդպիսի պայմանագրեր կնքելու կարգը սահմանվում է օրենքով եւ այլ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ 45. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ

 Հոդված 871. Տրանսպորտային առաքման պայմանագիր

1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում
 է վարձատրությամբ եւ մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ:
Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով եւ տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու եւ դրա ստանալն ապահովելու, ինչպես նաեւ բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ:
2. Տրանսպորտային առաքման պայմանագրով` որպես լրացուցիչ
ծառայություններ կարող է նախատեսվել բեռը տեղ հասցնելու հետ կապված այնպիսի անհրաժեշտ գործառնությունների իրականացում, ինչպիսիք են արտահանման կամ ներմուծման համար պահանջվող փաստաթղթեր ստանալը, մաքսային եւ այլ փաստաթղթեր ձեւակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը եւ բեռնաթափելը, հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսեր վճարելը, բեռ պահպանելը, նշանակված վայրում բեռ ստանալը, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված այլ
գործառնություններ եւ ծառայություններ կատարելը:
3. Սույն գլխի կանոնները կիրառվում են նաեւ այն դեպքերում, երբ, պայմանագրին համապատասխան, առաքողի պարտականությունները կատարում է փոխադրողը:
4. Տրանսպորտային առաքման պայմանագրի կատարման պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ տրանսպորտային առաքման մասին օրենքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով:

Հոդված 872. Տրանսպորտային առաքման պայմանագրի ձեւը

1. Տրանսպորտային առաքման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Հաճախորդը պետք է առաքողին հանձնի լիազորագիր, եթե դա անհրաժեշտ է նրա պարտականությունների կատարման համար:

Հոդված 873. Առաքողի պատասխանատվությունը տրանսպորտային առաքման պայմանագրով

1. Տրանսպորտային առաքման պայմանագրով` պարտականությունները չկատարելու
 կամ անպատշաճ կատարելու համար առաքողը պատասխանատվություն է կրում սույն
 օրենսգրքի 26 գլխի կանոններով նախատեսված հիմքերով եւ չափով:
2. Եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետեւանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջեւ որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջեւ:

Հոդված 874. Առաքողին տրամադրվող փաստաթղթերը եւ այլ տեղեկատվությունը

1. Հաճախորդը պարտավոր է առաքողին տրամադրել բեռի հատկության եւ դրա
 փոխադրման պայմանների մասին փաստաթղթեր եւ տեղեկատվություն, ինչպես նաեւ
 տրանսպորտային առաքման պայմանագրով նախատեսված` առաքողի պարտականությունները
 կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
2. Առաքողը պարտավոր է հաճախորդին հայտնել ստացված տեղեկատվության մեջ հայտնաբերված թերությունների մասին, իսկ տեղեկատվության ոչ լրիվ լինելու դեպքում` հաճախորդից պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ:
3. Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաքողն իրավունք ունի մինչեւ նման տեղեկատվություն տրամադրելը չկատարել համապատասխան պարտականությունները:
4. Հաճախորդը պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրելու հետ կապված իր պարտականության խախտմամբ առաքողին պատճառված վնասների համար:

Հոդված 875. Առաքողի պարտականությունները երրորդ անձի կողմից կատարելը

1. Եթե տրանսպորտային առաքման պայմանագրից չի բխում, որ առաքողն իր պարտականությունները պետք է կատարի անձամբ, նա իրավունք ունի դրանք կատարելու համար ներգրավել այլ անձանց:
2. Պարտականությունների կատարումը երրորդ անձի վրա դնելու հանգամանքն առաքողին չի ազատում հաճախորդի առջեւ պայմանագիրը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվությունից:

Հոդված 876. Տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը

1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց` այդ մասին ողջամիտ ժամկետում նախազգուշացնելով մյուս կողմին:
2. Պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը մյուս կողմին հատուցում է պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:

ԳԼՈՒԽ 46. ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ

 Հոդված 877. Փոխառության պայմանագիր

1. Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
2. Օտարերկրյա արժույթը եւ արժութային արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են փոխառության պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 142, 143 եւ 356 հոդվածների կանոնների պահպանմամբ:

Հոդված 878. Փոխառության պայմանագրի ձեւը

1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի եւ դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
3. Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 879. Փոխառության պայմանագրի տոկոսները

1. Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը եւ հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
2. Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
3. Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն
 այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`
1) քաղաքացիների միջեւ փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով եւ այն կապված չէ կողմերից որեւէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:
(879-րդ հոդվածը փոփ. 20.03.06  ՀՕ-41-Ն օրենք)

Հոդված 880. Փոխառուի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը

1. Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում
եւ կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:
Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ
վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ
փոխառության պայմանագրով:
3. Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
(Հոդված 880-ը լրացվ. 17.06.08 ՀՕ-126-Ն)

Հոդված 881. Փոխառուի կողմից փոխառության պայմանագիրը խախտելու հետեւանքները

1. Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչեւ գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
2. Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի
պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:

Հոդված 882. Փոխառության պայմանագիրը վիճարկելը

1. Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
2. Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի եւ փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:
3. Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:

Հոդված 883. Փոխառուի պարտավորության ապահովման կորստի հետեւանքները

Փոխառուի կողմից փոխառության պայմանագրով նախատեսված փոխառության գումարը վերադարձնելու պարտավորության ապահովման պարտականությունները չկատարելու, ինչպես նաեւ նման ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման այնպիսի հանգամանքներում, որոնց համար փոխատուն պատասխանատվություն չի կրում, վերջինս իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը եւ վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 884. Նպատակային փոխառություն

1. Եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը:
2. Փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք
ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը եւ
վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

 Հոդված 885. Պետական փոխառության պայմանագիր

1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս
Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը:
2. Պետական փոխառությունները կամավոր են:
3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:
4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում:
5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար
 կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ:

Հոդված 886. Փոխառության պարտավորությամբ պարտքի նորացումը

1. Կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ:
2. Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման
վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) եւ փոխառության պայմանագիր
կնքելու համար նախատեսված ձեւով (հոդված 878):

 

Հոդված 8861.   Ստորադաս փոխառություն

Փոխառության պայմանագրով, այդ թվում` պարտատոմսերի թողարկման և վաճառքի պայմաններով, կարող է նախատեսվել, որ փոխառուի լուծարման դեպքում փոխատուի պահանջները ենթակա են բավարարման փոխառուի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո (ստորադաս փոխառություն):
(8861 հոդվածը լրացվ. է 28.02.11 ՀՕ-55-Ն)

ԳԼՈՒԽ 47. ՎԱՐԿ

Հոդված 887. Վարկային պայմանագիր

1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով եւ պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը եւ տոկոսներ վճարել դրանից:
2. Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով եւ վարկային պայմանագրով:
(887 հոդվածի 2-րդ կետը փոփ. 05.12.00 ՀՕ-116 օրենք)

Հոդված 888. Վարկային պայմանագրի ձեւը

Վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 889. Վարկ տրամադրելուց կամ ստանալուց հրաժարվելը

1. Այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց:
2. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 884) վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:
3. Վարկառուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկն ստանալուց` այդ մասին մինչեւ պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով:

Հոդված 890. Ապրանքային վարկ

1. Կողմերը կարող են կնքել պայմանագիր, որը նախատեսում է մի կողմի պարտականությունը` մյուս կողմին տրամադրել տեսակային հատկանիշներով որոշվող գույք (ապրանքային վարկի պայմանագիր): Նման պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով եւ չի բխում պարտավորությունների էությունից:
2. Տրամադրվող գույքի քանակի, տեսականու, կոմպլեկտայնության, որակի, տարայի եւ (կամ) փաթեթի վերաբերյալ պայմանները պետք է կատարվեն գույքի առուվաճառքի պայմանագրի մասին կանոններին համապատասխան (481-501 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ ապրանքային վարկի պայմանագրով:

Հոդված 891. Առեւտրային վարկ

1. Այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձեւերով (առեւտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Առեւտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, եւ չի հակասում նման պարտավորության էությանը:

ԳԼՈՒԽ 48. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ (ՖԱԿՏՈՐԻՆԳ)

Հոդված 892. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր

1. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:   Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաեւ վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
2. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաեւ հաճախորդին` զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը:
3. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Հոդված 893. Ֆինանսական գործակալ

Որպես ֆինանսական գործակալ` դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրեր կարող են կնքել բանկերը եւ այլ վարկային կազմակերպությունները, ինչպես նաեւ նման տեսակի գործունեության իրականացման թույլտվություն (լիցենզիա) ունեցող այլ առեւտրային կազմակերպությունները:

Հոդված 894. Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը

1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ):
Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեցած պահանջը պայմանագիրը կնքելու, իսկ ապագա պահանջը` ոչ ուշ, քան այն ծագելու պահին:
2. Ապագա դրամական պահանջի զիջման դեպքում այն համարվում է ֆինանսական գործակալին փոխանցված` պայմանագրով նախատեսված պահանջի զիջման առարկա դրամական միջոցները պարտապանից ստանալու իրավունքը ծագելուց հետո: Եթե դրամական պահանջի զիջումը պայմանավորված է որոշակի իրադարձությամբ, այն ուժի մեջ է մտնում այդ իրադարձությունը վրա հասնելուց հետո:
Այդ դեպքերում դրամական պահանջի զիջման համար լրացուցիչ ձեւակերպում չի պահանջվում:

Հոդված 895. Հաճախորդի պատասխանատվությունը ֆինանսական գործակալի հանդեպ

1. Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
2. Զիջման առարկա դրամական պահանջը համարվում է իրական, եթե հաճախորդն օժտված է դրամական պահանջի փոխանցման իրավունքով, եւ այդ պահանջի զիջման պահին նրան հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով պարտապանն իրավունք ունի չկատարել պահանջը:
3. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործակալի կողմից զիջման առարկա համարվող պահանջը պարտապանի կատարմանը ներկայացնելու դեպքում, վերջինիս կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի եւ ֆինանսական գործակալի միջեւ կնքված պայմանագրով:

Հոդված 896. Դրամական պահանջի զիջման արգելքի անվավերությունը

1. Ֆինանսական գործակալին դրամական պահանջի զիջումը վավեր է, եթե նույնիսկ դրա արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնություն գոյություն ունի հաճախորդի եւ նրա պարտապանի միջեւ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթը հաճախորդին չի ազատում պարտապանի հանդեպ պահանջի զիջման հետ կապված եւ նրանց միջեւ դրա արգելքի կամ սահմանափակման մասին եղած համաձայնությամբ նախատեսված պարտավորության խախտման համար պատասխանատվությունից:

Հոդված 897. Դրամական պահանջին հաջորդող զիջում

1. Ֆինանսական գործակալի կողմից դրամական պահանջին հաջորդող զիջում չի թույլատրվում, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ պայմանագրով թույլատրվում է դրամական պահանջին հաջորդող զիջում, դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի դրույթները:

Հոդված 898. Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը

1. Պարտապանը պարտավոր է ֆինանսական գործակալին վճարել` պայմանով, եթե նա հաճախորդից կամ ֆինանսական գործակալից գրավոր ծանուցում է ստացել դրամական պահանջը տվյալ ֆինանսական գործակալին զիջելու մասին, եւ այդ ծանուցման մեջ սահմանված է կատարման ենթակա դրամական պահանջը, ինչպես նաեւ նշված է այն ֆինանսական գործակալը, ում պետք է վճարվի:
2. Պարտապանի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է ողջամիտ ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, պարտապանն իրավունք ունի տվյալ պահանջով վճարել հաճախորդին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած իր պարտավորության:
3. Ֆինանսական գործակալի հանդեպ պարտապանի կողմից դրամական պահանջը սույն հոդվածի կանոններին համապատասխան կատարելը պարտապանին ազատում է հաճախորդի առջեւ համապատասխան պարտավորությունից:

Հոդված 899. Ֆինանսական գործակալի իրավունքները պարտապանից ստացած գումարների նկատմամբ

1. Եթե դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի պայմաններով հաճախորդի ֆինանսավորումը կատարում է ֆինանսական գործակալը` հաճախորդից այդ պահանջը գնելու միջոցով, ֆինանսական գործակալն իրավունք է ձեռք բերում այն ամբողջ գումարի նկատմամբ, որը նա պահանջը կատարելու համար ստանալու է պարտապանից, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ վերջինիս ստացած գումարը պակաս է եղել այն գնից, որով գործակալը ձեռք է բերել պահանջը:
2. Եթե ֆինանսական գործակալին դրամական պահանջը զիջվել է նրա առջեւ հաճախորդի պարտավորության կատարման ապահովման նպատակով, եւ այլ բան նախատեսված չէ պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով, ֆինանսական գործակալը պարտավոր է հաճախորդին հաշվետվություն ներկայացնել ու նրան հանձնել հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարը գերազանցող մասը: Եթե պարտապանից ֆինանսական գործակալի ստացած դրամական միջոցները պակաս են ֆինանսական գործակալի հանդեպ հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարից, հաճախորդն իր պարտքի մնացորդի համար պատասխանատվություն է կրում ֆինանսական գործակալի առջեւ:

Հոդված 900. Պարտապանի հանդիպական պահանջները

1. Ֆինանսական գործակալի կողմից վճարման պահանջով պարտապանին դիմելու դեպքում պարտապանն իրավունք ունի, սույն օրենսգրքի 426-428 հոդվածներին համապատասխան, հաշվանցի ներկայացնել հաճախորդի հետ կնքված պայմանագրի վրա հիմնված իր դրամական պահանջները, որոնք պարտապանն ուներ այն ժամանակ, երբ ինքը ծանուցում էր ստացել պահանջը ֆինանսական գործակալին զիջելու մասին:
2. Պահանջները, որոնք պարտապանը կարող էր ներկայացնել հաճախորդին` կապված վերջինիս կողմից պահանջի զիջման արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնության հետ, ֆինանսական գործակալի հետ ունեցած հարաբերություններում ուժ չունեն:

Հոդված 901. Ֆինանսական գործակալի ստացած գումարները պարտապանին վերադարձնելը

1. Հաճախորդի կողմից պարտապանի հետ կնքված պայմանագրով իր պարտավորությունները խախտելու դեպքում պարտապանն իրավունք չունի ֆինանսական գործակալից պահանջել վերադարձնելու վերջինիս անցած պահանջով արդեն իսկ վճարված գումարները, եթե պարտապանն իրավունք ունի նման գումարներ ստանալ անմիջականորեն հաճախորդից:
2. Պահանջի զիջման արդյունքում ֆինանսական գործակալին վճարված գումարներն անմիջականորեն հաճախորդից պահանջելու իրավունք ունեցող պարտապանը, այդուհանդերձ, իրավունք ունի այդ գումարները պահանջել ֆինանսական գործակալից, եթե ապացուցում է, որ վերջինս հաճախորդին չի վճարել պահանջի զիջման դիմաց կամ վճարել է` իմանալով հաճախորդի կողմից պարտապանի հանդեպ
թույլ տրված այն պարտավորության խախտման մասին, որին վերաբերում է պահանջի զիջման հետ կապված վճարը:

ԳԼՈՒԽ 49. ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ

Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր

1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը եւ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:
2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ավանդ մուծված հաշվով բանկի եւ ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից:
Իրավաբանական անձինք իրավունք չունեն այլ անձանց փոխանցել իրենց ավանդներում (դեպոզիտներում) եղած դրամական միջոցները:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաեւ այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից:

Հոդված 903. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը

1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան:
2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաեւ վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները եւ տոկոսների գումարից բացի`
հատուցելու ավանդատուին պատճառված վնասները:
Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305):
3. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետեւանքները կիրառվում են նաեւ այն դեպքերում, երբ կատարվել է`
1) քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում` նրանց ապօրինի թողարկված բաժնետոմսեր եւ այլ արժեթղթեր վաճառելու միջոցով.
2) քաղաքացիների դրամական միջոցների ներգրավում ավանդներում, մուրհակի կամ այլ արժեթղթերի դիմաց, որոնք բացառում են ավանդների տերերի առաջին իսկ պահանջով այդ միջոցները հետ ստանալը եւ ավանդատուի կողմից սույն գլխի կանոններով նախատեսված այլ իրավունքներ իրականացնելը:

Հոդված 904. Բանկային ավանդի պայմանագրի ձեւը

1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, և բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով:
2. Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
(904-րդ հոդվածը փոփ. 20.03.06  ՀՕ-41-Ն օրենք)

Հոդված 905. Ավանդների տեսակներ

1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:
2. Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:
Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է՝ բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:
3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:
4. Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երեւան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(905-րդ հոդվածը լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն, լրացվ. է 08.12.12 ՀՕ-216-Ն)

Հոդված 906. Ավանդի գումարի տոկոսները

1. Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով:
Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով:
2. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը նվազեցնելու դեպքում տոկոսների նոր չափը կիրառվում է մինչեւ ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին հաղորդումը ներդրված ավանդների նկատմամբ` համապատասխան հաղորդման օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Իրավաբանական անձի հետ բանկի կնքած պայմանագրով սահմանված այդպիսի բանկային ավանդի տոկոսների չափը չի կարող միակողմանի փոփոխվել, եթե այլ բան
նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 907. Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը

1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսներն հավելագրվում են ավանդը բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչեւ այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
2. Բանկային ավանդի գումարից տոկոսներն ավանդատուին նրա պահանջով վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` ավանդի գումարից առանձին, իսկ այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ավանդի գումարին, որին հավելագրվում են տոկոսներ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Ավանդը վերադարձնելիս վճարվում են այդ պահին հավելագրված բոլոր տոկոսները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:
(907-րդ հոդվածը լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն)

Հոդված 908. Ավանդի վերադարձն ապահովելը

1. Բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը:
Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, սույն օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաեւ վերջիններիս սուբսիդիար պատասխանատվությամբ:
2. Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու եղանակները սահմանվում են բանկային ավանդի պայմանագրով:
3. Բանկային ավանդի պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է ավանդատուին տեղեկատվություն տրամադրել ավանդի վերադարձի ապահովման մասին:
4. Օրենքով կամ բանկային ավանդի պայմանագրով նախատեսված ավանդը վերադարձնելու պարտականությունները բանկի կողմից չկատարելու, ինչպես նաեւ ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքերում ավանդատուն իրավունք ունի բանկից պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդը, սույն օրենսգրքի 906 հոդվածի 1-ին կետով սահմանված չափով վճարելու դրա տոկոսները եւ հատուցելու պատճառված վնասները:

Հոդված 909. Երրորդ անձանց կողմից ավանդատուի հաշվում դրամական միջոցներ ներդնելը

Ավանդի հաշվում մուտքագրվում են ավանդատուի անունով երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնվել է նրանցից ստանալ դրամական միջոցներ:

Հոդված 910. Ավանդներ հօգուտ երրորդ անձանց

1. Ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով: Նման անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որեւէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Բանկային ավանդի համապատասխան պայմանագրի էական պայմանը քաղաքացու անվան (հոդված 22) կամ իրավաբանական անձի անվանման (հոդված 58) նշումն է, որի օգտին ներդրվում է ավանդը:
Բանկային ավանդի պայմանագիրը, հօգուտ այն քաղաքացու, որը պայմանագրի կնքման պահին մահացած է, կամ հօգուտ այդ պահին գոյություն չունեցող իրավաբանական անձի, առոչինչ է:
2. Մինչեւ երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:
3. Հօգուտ երրորդ անձի` պայմանագրի մասին կանոնները (հոդված 446) կիրառվում են հօգուտ երրորդ անձի բանկային ավանդի պայմանագրի նկատմամբ, եթե դա չի հակասում սույն հոդվածի կանոններին եւ բանկային ավանդի էությանը:

Հոդված 911. Բանկային գրքույկ

1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը եւ նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ:
Բանկային գրքույկում պետք է նշվեն եւ բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաեւ համապատասխան մասնաճյուղի անվանումը եւ գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաեւ հաշվում մուտքագրված եւ հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները եւ բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած
դրամական միջոցների մնացորդը:
Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի եւ ավանդատուի միջեւ ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ:
2. Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը եւ ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս:
Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ:
Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151):

ԳԼՈՒԽ 50. ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

Հոդված 912. Բանկային հաշվի պայմանագիր

1. Բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել եւ հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու եւ հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:
2. Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրավունքը:
3. Բանկն իրավունք չունի որոշել եւ վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաեւ այլ վարկային կազմակերպությունների կողմից, նրանց տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան, բանկային հաշվի պայմանագիր կնքելիս եւ կատարելիս:

Հոդված 913. Բանկային հաշվի պայմանագրի ձեւը

1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Բանկային հաշվի պայմանագրի գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 914. Բանկային հաշվի պայմանագիր կնքելը

1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջեւ համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:
2. Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին եւ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին:
3. Բանկն իրավունք չունի մերժել հաշիվը բացելը, որով համապատասխան գործառնությունների կատարումը նախատեսված է օրենքով, բանկի կանոնադրությամբ եւ նրան տրված թույլտվությամբ (լիցենզիայով), բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին մերժելը հետեւանք է բանկային սպասարկում մատուցելու` բանկի հնարավորությունների բացակայության կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
4. Բանկի կողմից բանկային հաշվի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու դեպքում հաճախորդն իրավունք ունի բանկին ներկայացնել սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված պահանջները:

Հոդված 915. Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքի հավաստումը

1. Հաճախորդի անունից դրամական միջոցներ փոխանցելու եւ վճարելու կարգադրություններ անելու` անձանց իրավունքները հաճախորդը հավաստում է օրենքով, դրան համապատասխան բանկային կանոններով ու բանկային հաշվի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը բանկին ներկայացնելու միջոցով:
2. Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին իր հաշվից դրամական միջոցներ դուրս գրել երրորդ անձանց պահանջով` կապված այդ անձանց հանդեպ հաճախորդի պարտավորությունների կատարման հետ: Բանկն ընդունում է այդ կարգադրությունները, պայմանով, որ դրանցում գրավոր նշվեն անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռում համապատասխան պահանջը ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին:
3. Պայմանագրով կարող է նախատեսվել հաշվում եղած դրամական միջոցներն էլեկտրոնային միջոցներով եւ այլ փաստաթղթերով տնօրինելու իրավունքների հավաստում` դրանցում օգտագործելով հաճախորդի ստորագրության (296 հոդվածի 3-րդ կետ), ծածկագրերի, նշանաբանների եւ այլ միջոցների նմանօրինակները, որոնք հավաստում են, որ կարգադրությունն արել է դրա համար լիազորված անձը:

Հոդված 916. Բանկի կողմից հաշվով կատարվող գործառնությունները

Բանկը պարտավոր է հաճախորդի համար կատարել տվյալ տեսակի հաշիվների համար օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով եւ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված գործառնություններ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 917. Հաշվով գործառնությունների ժամկետները

1. Բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով:
2. Բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 918. Հաշիվը վարկավորելը

1. Այն դեպքերում, երբ բանկային հաշվի պայմանագրին համապատասխան, բանկը վճարում է հաշվից, չնայած դրանում դրամական միջոցների բացակայությանը (հաշվի վարկավորում), նա նման վճար կատարելու օրվանից համարվում է հաճախորդին համապատասխան գումարով վարկ տրամադրած:
2. Հաշվի վարկավորման հետ կապված` կողմերի իրավունքները եւ պարտականությունները որոշվում են փոխառության (46 գլուխ) ու վարկի (47 գլուխ) կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 919. Հաշվով գործառնություններ կատարելու համար բանկի ծախսերի համար վճարելը

1. Բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հաշվով կատարվող գործառնությունների համար:
 2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված` բանկի ծառայությունների համար վճարը բանկը կարող է յուրաքանչյուր գործարքի ավարտից հետո վերցնել հաճախորդի հաշվում եղած միջոցներից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:

Հոդված 920. Բանկի կողմից դրամական միջոցներ օգտագործելու համար տոկոսները

1. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (հոդված 906):
3. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո:

Հոդված 921. Բանկի եւ հաճախորդի հանդիպական պահանջների հաշվանցը

1. Բանկի դրամական պահանջները հաճախորդից` կապված հաշվի վարկավորման (հոդված 918) եւ բանկի ծառայությունների համար վճարման (հոդված 919) հետ, ինչպես նաեւ դրամական միջոցների օգտագործման համար տոկոսներ վճարելու մասին հաճախորդի պահանջները բանկին (հոդված 920) դադարում են հաշվանցով (հոդված 426), եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
Նշված պահանջների հաշվանցն իրականացնում է բանկը:
2. Բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար:

Հոդված 922. Հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հիմքերը

1. Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:
2. Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Հոդված 923. Հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը

1. Հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում հաճախորդի կարգադրությունները եւ դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Հաճախորդի կարգադրությունները եւ նրան ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար հաշվում դրամական միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում հետեւյալ հաջորդականությամբ.
առաջին հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված, ինչպես նաեւ ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջները բավարարելու
համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարները.
երկրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի եւ հեղինակային պայմանագրերով վարձատրության վճարումների հաշվարկների համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարումները.
երրորդ հերթին` վճարային փաստաթղթերով պետական բյուջե եւ համայնքային բյուջեներ կատարվող վճարները.
չորրորդ հերթին` կատարողական փաստաթղթով նախատեսված այլ դրամական պահանջները բավարարելու համար վճարները.
հինգերորդ հերթին` այլ փաստաթղթերով վճարները` ըստ դրանց ներկայացման օրացուցային հաջորդականության:
Տվյալ հերթին պատկանող պահանջներով հաշվից միջոցները դուրս են գրվում փաստաթղթերի մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ:

Հոդված 924. Բանկի պատասխանատվությունը հաշվով գործառնություններն անպատշաճ կատարելու համար

Հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաեւ դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով եւ չափով:

Հոդված 925. Բանկային գաղտնիք

1. Բանկը երաշխավորում է բանկային հաշվի եւ բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը:
2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Պետական մարմիններին եւ դրանց պաշտոնատար անձանց նման տեղեկություններ կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
3. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից հրապարակվելու դեպքում հաճախորդը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի բանկից պահանջել պատճառված վնասների հատուցում:

Հոդված 926. Հաշվի տնօրինումը սահմանափակելու անթույլատրելիությունը

Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:

Հոդված 927. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը

1. Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:
2. Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետեւյալ դեպքերում`
1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
4. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:

Հոդված 928. Բանկերի հաշիվները

Սույն գլխի կանոնները տարածվում են թղթակցային հաշիվների, թղթակցային ենթահաշիվների եւ բանկերի այլ հաշիվների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:


ԳԼՈՒԽ 51. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 929. Կանխիկ եւ անկանխիկ հաշվարկներ

1. Քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները, որոնք կապված չեն նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, կարող են կատարվել կանխիկ դրամով (հոդված 142)` առանց գումարի սահմանափակման կամ անկանխիկ ձեւով:
2. Իրավաբանական անձանց միջեւ հաշվարկները, ինչպես նաեւ քաղաքացիների մասնակցությամբ հաշվարկները` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության հետ, կատարվում են անկանխիկ ձեւով: Այդ անձանց միջեւ հաշվարկները կարող են կատարվել նաեւ կանխիկ դրամով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ վարկային կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, եթե այլ բան չի բխում օրենքից եւ պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձեւով:

Հոդված 930. Անկանխիկ հաշվարկների ձեւերը

1. Անկանխիկ հաշվարկներ իրականացնելիս թույլատրվում են հաշվարկներ վճարման հանձնարարականներով, ակրեդիտիվով, ինկասո հաշվարկներ, չեկերով, վճարային քարտերով, ինչպես նաեւ օրենքով նախատեսված ու դրան համապատասխան բանկային կանոններով եւ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով սահմանված այլ ձեւերով հաշվարկներ:
2. Պայմանագրի կողմերն իրավունք ունեն ընտրել եւ պայմանագրով սահմանել սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվարկների ցանկացած ձեւը:

§ 2. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 931. Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին

1. Վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
2. Սույն պարագրաֆի կանոնները կիրառվում են տվյալ բանկում հաշիվ չունեցող անձի դրամական միջոցները բանկի միջոցով փոխանցելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ չի բխում այդ հարաբերությունների էությունից:
3. Վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաեւ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով եւ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

Հոդված 932. Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները

1. Վճարման հանձնարարականի եւ դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը եւ դրանց ձեւը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված եւ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:
2. Վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը:
Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ:
Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը եւ այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջեւ կնքված պայմանագրով:
3. Վճարողի հանձնարարականը բանկը կատարում է վճարողի հաշվում միջոցների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ վճարողի եւ բանկի միջեւ պայմանագրով: Բանկը հանձնարարականները կատարում է` պահպանելով հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հաջորդականությունը (հոդված 923):

Հոդված 933. Հանձնարարականի կատարումը

1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար:
2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր:
3. Բանկը պարտավոր է վճարողի պահանջով նրան անհապաղ ծանուցել հանձնարարականի կատարման մասին: Հանձնարարականի կատարման մասին ծանուցման բովանդակությանն առաջադրվող պահանջները եւ դրա ձեւակերպման կարգը սահմանվում են օրենքով, դրան համապատասխան նախատեսված բանկային կանոններով կամ կողմերի համաձայնությամբ:

Հոդված 934. Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար

1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով եւ չափերով:
2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետեւանքով, դատարանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը կարող է դնել այդ բանկի վրա:
3. Եթե բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնների խախտումը հանգեցրել է դրամական միջոցներն ապօրինի պահելուն, բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով եւ չափով:

§ 3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱԿՐԵԴԻՏԻՎՈՎ

Հոդված 935. Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին

1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը):
Ստացողին վճարող կամ նրան փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարող, ակցեպտավորող կամ հաշվառող էմիտենտ բանկի նկատմամբ կիրառվում են կատարող բանկի մասին կանոնները:
2. Ակրեդիտիվով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաեւ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով եւ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

Հոդված 936. Հետ կանչվող ակրեդիտիվ

1. Հետ կանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որն էմիտենտ բանկը կարող է փոփոխել կամ վերացնել առանց միջոցներ ստացողին նախապես ծանուցելու: Ակրեդիտիվի հետ կանչելը էմիտենտ բանկի համար որեւէ պարտավորություն չի ստեղծում միջոցներ ստացողի հանդեպ:
2. Կատարող բանկը պարտավոր է հետ կանչվող ակրեդիտիվով վճարել կամ այլ գործառնություններ կատարել, եթե դրանց կատարման պահին ծանուցում չի ստացել ակրեդիտիվի պայմանների փոփոխության կամ վերացման մասին:
3. Ակրեդիտիվը հետ կանչվող է համարվում, եթե ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ դրա տեքստում:

Հոդված 937. Հետ չկանչվող ակրեդիտիվ

1. Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության:
2. Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ): Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորության ստանձնում:
3. Կատարող բանկի հաստատած հետ չկանչվող ակրեդիտիվը չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց կատարող բանկի համաձայնության:

Հոդված 938. Ակրեդիտիվի կատարումը

1. Միջոցներ ստացողն ակրեդիտիվի կատարման համար կատարող բանկին է ներկայացնում ակրեդիտիվի բոլոր պայմանները հավաստող փաստաթղթեր: Այդ պայմաններից թեկուզեւ մեկի խախտման դեպքում ակրեդիտիվը չի կատարվում:
2. Եթե կատարող բանկն ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարել է կամ կատարել է այլ գործառնություն, էմիտենտ բանկը պարտավոր է հատուցել ակրեդիտիվի կատարման հետ կապված նրա կրած ծախսերը: Նշված, ինչպես նաեւ ակրեդիտիվի կատարման հետ կապված էմիտենտ բանկի մյուս ծախսերը հատուցում է վճարողը:

Հոդված 939. Փաստաթղթերն ընդունելուց հրաժարվելը

1. Եթե կատարող բանկը հրաժարվում է ընդունել իրենց արտաքին հատկանիշներով ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերը, նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել միջոցներն ստացողին եւ էմիտենտ բանկին` նշելով հրաժարվելու պատճառները:
2. Եթե էմիտենտ բանկը, ստանալով կատարող բանկի ընդունած փաստաթղթերը, գտնում է, որ դրանք իրենց արտաքին հատկանիշներով չեն համապատասխանում ակրեդիտիվի պայմաններին, իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց եւ կատարող բանկից պահանջել ակրեդիտիվի պայմանների խախտմամբ միջոցներ ստացողին վճարված գումարը, իսկ չծածկված ակրեդիտիվով` հրաժարվել վճարված գումարները հատուցելուց:

Հոդված 940. Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար

1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջեւ պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջեւ` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջեւ պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
3. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները ակրեդիտիվի պայմանները խախտելու հետեւանքով ոչ ճիշտ վճարելու դեպքում վճարողի առջեւ պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:

Հոդված 941. Ակրեդիտիվը փակելը

1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է`
1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով.
2) ակրեդիտիվը մինչեւ դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն.
3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների:
Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի էմիտենտ բանկին:
2. Ծածկված ակրեդիտիվի չօգտագործված գումարն ակրեդիտիվը փակելիս անհապաղ վերադարձվում է էմիտենտ բանկին: Էմիտենտ բանկը պարտավոր է վերադարձված գումարը մուտքագրել վճարողի հաշվում, որից դեպոնավորվել էին միջոցները:

 § 4. ԻՆԿԱՍՈ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 942. Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին

1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար եւ (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ:
2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ):
Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով եւ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
3. Հաճախորդի հանձնարարությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում էմիտենտ բանկը նրա առջեւ պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխով նախատեսված հիմքերով եւ չափով:
4. Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետեւանք է, ապա հաճախորդի առջեւ պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
5. Ինկասո հաշվարկների հետ կապված հարաբերությունները, սույն օրենսգրքով չկարգավորված մասով, կարգավորվում են օրենքով:

Հոդված 943. Ինկասո հանձնարարություն կատարելը

1. Որեւէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը:
2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձեւով, որով դրանք ստացվել են, բացառությամբ ինկասո գործառնությունները ձեւակերպելու համար անհրաժեշտ բանկերի նշումների եւ մակագրությունների:
3. Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման ըստ ներկայացման, կատարող բանկը պետք է ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո անհապաղ վճարի դրանք:
Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման այլ ժամկետում, կատարող բանկն ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո փաստաթղթերն անհապաղ պետք է ներկայացնի ակցեպտի` վճարողի ակցեպտն ստանալու համար, իսկ վճարի պահանջը պետք է կատարվի ոչ ուշ, քան փաստաթղթում նշված վճարման ժամկետի վրա հասնելը:
4. Մասնակի վճարները կարող են ընդունվել բանկային կանոններով սահմանված դեպքերում կամ ինկասո հանձնարարության մեջ հատուկ թույլտվության առկայությամբ:
5. Կատարող բանկը պետք է ստացված (ինկասավորված) գումարներն անհապաղ հանձնի էմիտենտ բանկի տնօրինությանը, որը պարտավոր է այդ գումարները մուտքագրել հաճախորդի հաշվում: Կատարող բանկն իրավունք ունի իրեն հասանելիք վարձատրությունը եւ ծախսերի հատուցումը պահել ինկասավորված գումարներից:

Հոդված 944. Կատարված գործառնությունների մասին ծանուցելը

1. Եթե վճարը եւ (կամ) ակցեպտը չեն ստացվել, կատարող բանկը պարտավոր է անհապաղ ծանուցել էմիտենտ բանկին չվճարելու կամ ակցեպտից հրաժարվելու պատճառների մասին:
Էմիտենտ բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հաճախորդին` նրանից ցուցումներ խնդրելով հետագա գործողությունների վերաբերյալ:
2. Բանկային կանոններով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ չստանալու դեպքում կատարող բանկն իրավունք ունի էմիտենտ բանկին վերադարձնել փաստաթղթերը:

§ 5. ՉԵԿԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ

Հոդված 945. Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին

1. Չեկով (հոդված 155) հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, եւ որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:
2. Մինչեւ չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:
3. Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:
4. Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը եւ պայմանները կարգավորվում են սույն օրենսգրքով, իսկ դրանով չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(945-րդ հոդվածը փոփ. 21.12.04 ՀՕ-153-Ն օրենք)

Հոդված 946. Չեկի ռեկվիզիտները

1. Չեկը պետք է պարունակի`
1) "չեկ" անվանումը.
2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին.
3) վճարողի անվանումը եւ այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը.
4) վճարման արժույթի նշումը.
5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի եւ տեղի նշումը.
6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը:
Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որեւէ մեկը, չեկ չէ:
Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում:
Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված:
2. Չեկի ձեւը եւ դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(946-րդ հոդվածը փոփ. 21.12.04 ՀՕ-153-Ն օրենք)

Հոդված 947. Չեկը վճարելը

1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից:
Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը եւ պայմանները սահմանվում են բանկային կանոններով:
2. Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով:
3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաեւ այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է:
Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը:
4. Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետեւանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել:
5. Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ:
(947-րդ հոդվածը փոփ. 21.12.04 ՀՕ-153-Ն օրենք)

Հոդված 948. Իրավունքները չեկով փոխանցելը

1. Իրավունքները չեկով փոխանցվում են սույն օրենսգրքի 149 հոդվածով սահմանված կարգով` սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
2. Անվանական չեկը չի կարող փոխանցվել:
3. Փոխանցվող չեկի վրա կատարված վճարն ստանալու մասին փոխանցագիրն ստացականի ուժ ունի:
Վճարողի կողմից կատարված փոխանցագիրն անվավեր է:
Փոխանցագրով ստացված փոխանցվող չեկի տերը համարվում է դրա օրինական տիրապետողը, եթե իր իրավունքը հիմնավորում է փոխանցագրերի անընդմեջ շարքով:

Հոդված 949. Վճարելու երաշխիքը

1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով:
Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից:
2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` "Համարել ավալ" մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից եւ ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար:
Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի եւ մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով, իսկ եթե ավալիստն իրավաբանական անձ է` նրա գտնվելու վայրի եւ մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով:
3. Ավալիստն ավալն ստացողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում:
Ավալիստի պարտավորությունն իրական է նույնիսկ այն դեպքում, եթե պարտավորությունը, որը նա երաշխավորել է որեւէ հիմքով, բացի ձեւը պահպանելուց, եղել է անվավեր:
4. Ավալիստը, վճարելով չեկը, ձեռք է բերում չեկից բխող իրավունքներն այն անձի հանդեպ, ում համար նա տվել է երաշխիք եւ այն անձանց, ովքեր պարտավոր են երաշխիք ստացածի հանդեպ:

Հոդված 950. Չեկն ինկասավորելը

1. Չեկի տիրոջը սպասարկող բանկին վճար ստանալու համար չեկն ինկասո ներկայացնելը համարվում է չեկը վճարման ներկայացնել:
Չեկը վճարվում է սույն օրենսգրքի 943 հոդվածով սահմանված կարգով:
2. Ինկասավորված չեկով չեկի տիրոջ հաշվում միջոցները փոխանցվում են վճարողից վճար ստանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ չեկի տիրոջ եւ բանկի միջեւ պայմանագրով:

Հոդված 951. Չեկը վճարելուց հրաժարվելը հավաստելը

1. Չեկը վճարելուց հրաժարվելը պետք է հավաստվի հետեւյալ եղանակներից մեկով`
1) նոտարի կողմից բողոքարկելով կամ օրենքով սահմանված կարգով հավասարանշանակ ակտ կազմելով.
2) չեկը վճարելուց հրաժարվելու մասին դրա վրա վճարողի մակագրությամբ` վճարման ներկայացնելու տարվա, ամսվա եւ ամսաթվի նշումով.
3) ինկասավորող բանկի մակագրությամբ` տարվա, ամսվա եւ ամսաթվի նշումով այն մասին, որ չեկը ժամանակին ներկայացվել է, սակայն չի վճարվել:
2. Բողոքը կամ դրան հավասարազոր ակտը պետք է կազմվի մինչեւ չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը:
Եթե չեկը ներկայացվել է ժամկետի վերջին օրը, բողոքը կամ դրան հավասարազոր ակտը կարող է կազմվել հաջորդ աշխատանքային օրը:

Հոդված 952. Չեկը չվճարելու մասին ծանուցելը

1. Չեկի տերը պարտավոր է բողոքի կամ դրան հավասարազոր ակտ կազմելու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, չվճարելու մասին ծանուցել իր փոխանցագրողին եւ չեկ տվողին:
2. Յուրաքանչյուր փոխանցագրող ծանուցումն ստանալու օրվանից հետո` հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում, պետք է ստացված ծանուցման մասին տեղեկացնի իր փոխանցագրողին: Նույն ժամկետում ծանուցում է ուղարկվում այդ անձի համար ավալ տվողին:
Նշված ժամկետում ծանուցում չուղարկած անձը չի կորցնում իր իրավունքները, սակայն հատուցում է չեկը չվճարելու մասին չծանուցելու հետեւանքով առաջացած վնասները: Հատուցվելիք վնասների չափը չի կարող գերազանցել չեկի գումարը:

Հոդված 953. Չեկը չվճարելու հետեւանքները

1. Վճարողի կողմից չեկը վճարելուց հրաժարվելու դեպքում չեկի տերն իրավունք ունի իր ընտրությամբ հայց հարուցել ընդդեմ չեկով պարտավոր մեկ, մի քանի կամ բոլոր անձանց (չեկ տվողի, ավալիստի, փոխանցագրողների), որոնք նրա հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Չեկի տերն իրավունք ունի նշված անձանցից պահանջել վճարելու չեկի գումարը, վճար ստանալու իր ծախսերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան տոկոսներ:
 Նույնպիսի իրավունք պատկանում է չեկով պարտավոր անձին այն բանից հետո, երբ նա վճարել է չեկը:
 3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դեմ չեկի տիրոջ հայցը կարող է ներկայացվել չեկը վճարման ներկայացնելու ժամկետի ավարտից վեց ամսվա ընթացքում: Պարտավոր անձանց միջեւ միմյանց հանդեպ հայցերով հետադարձ պահանջները մարվում են վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ համապատասխան պարտավոր անձը բավարարել է պահանջը կամ նրա դեմ հայց
հարուցելու օրվանից:

ԳԼՈՒԽ 52. ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 954. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր

1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի):
Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս այդ գույքի նկատմամբ, հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան եւ ի շահ շահառուի, կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ:
Գույքի հավատարմագրային կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել սահմանափակումներ:
3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես նման գույքի կառավարիչ: Այդ պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձեւակերպում չպահանջող գործողությունները կատարելիս հավատարմագրային կառավարիչը մյուս կողմին տեղեկացրել է որպես հավատարմագրային կառավարիչ դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարչի անունից կամ անվանումից հետո արվել է "Հ. Կ." նշումը:
4. Հավատարմագրային կառավարչի գործողությունների մասին ցուցումի բացակայության դեպքում նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ եւ նրանց առջեւ պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:

Հոդված 955. Հավատարմագրային կառավարման օբյեկտը

1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող են լինել անշարժ գույքի առանձին տեսակներ, արժեթղթեր, ոչ փաստաթղթային արժեթղթերով հավաստված իրավունքներ, բացառիկ իրավունքներ եւ այլ գույք:
2. Դրամը չի կարող լինել հավատարմագրային կառավարման ինքնուրույն օբյեկտ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 956. Կառավարման հիմնադիր

Հավատարմագրային կառավարման հիմնադիրը գույքի սեփականատերն է, իսկ սույն օրենսգրքի 968 հոդվածով նախատեսված դեպքերում` այլ անձը:

Հոդված 957. Հավատարմագրային կառավարիչ

1. Հավատարմագրային կառավարիչը կարող է լինել անհատ ձեռնարկատեր կամ առեւտրային կազմակերպություն:
2. Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով նախատեսված հիմքերով, հավատարմագրային կառավարիչ կարող է լինել ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առեւտրային կազմակերպությունը:
3. Գույքը ենթակա չէ փոխանցման պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հավատարմագրային կառավարմանը:
4. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով չի կարող լինել շահառու:

Հոդված 958. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի էական պայմանները

1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրում պետք է նշվեն`
1) հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմը.
2) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը` ի շահ որի իրականացվում է գույքի կառավարումը.
3) կառավարչի վարձատրության չափը եւ ձեւը, եթե պայմանագրով նախատեսված է վարձատրություն.
4) պայմանագրի գործողության ժամկետը:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մինչեւ հինգ տարի ժամկետով: Հավատարմագրային կառավարմանը փոխանցվող գույքի առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել պայմանագրի կնքման այլ սահմանային ժամկետներ:
Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որեւէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով եւ պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով:

Հոդված 959. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի ձեւը

1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
3. Անշարժ գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարման իրավունքը ենթակա է պետական գրանցման:

Հոդված 960. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնելը

1. Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացվում է կառավարման հիմնադրի այլ գույքից, ինչպես նաեւ հավատարմագրային կառավարչի գույքից: Այդ գույքն արտացոլվում է հավատարմագրային կառավարչի առանձին հաշվեկշռում, որով կատարվում է ինքնուրույն հաշվառում: Հավատարմագրային կառավարման հետ կապված գործունեությամբ հաշվարկների համար բացվում է առանձին բանկային հաշիվ:
2. Կառավարման հիմնադրի սնանկության դեպքում այդ գույքի հավատարմագրային կառավարումը դադարում է, եւ այն ընդգրկվում է մրցութային զանգվածի մեջ:

Հոդված 961. Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը

1. Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը գրավառուին չի զրկում այդ գույքի վրա բռնագանձում տարածելու իրավունքից:
2. Հավատարմագրային կառավարիչը պետք է նախազգուշացվի, որ հավատարմագրային կառավարման հանձնված գույքը ծանրաբեռնված է գրավով: Եթե հավատարմագրային կառավարիչը չգիտեր եւ չպետք է իմանար իրեն հավատարմագրային կառավարման հանձնված գույքը գրավ դրված լինելու մասին, ապա նա իրավունք ունի դատարանով պահանջել լուծելու գույքի հավատարմագրային կառավարման
պայմանագիրը, հատուցելու իր կրած իրական վնասները եւ վճարելու համաչափ վարձատրություն:

Հոդված 962. Հավատարմագրային կառավարչի իրավունքները եւ պարտականությունները

1. Հավատարմագրային կառավարիչն օրենքով եւ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված շրջանակներում հավատարմագրային կառավարմանը հանձնված գույքի նկատմամբ իրականացնում է սեփականատիրոջ լիազորություններ: Հավատարմագրային կառավարիչը կարող է անշարժ գույքը տնօրինել հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում: Հավատարմագրային կառավարչի նման գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են այդ գույքի հաշվին:
3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները (274, 275, 277 եւ 278 հոդվածներ):
4. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետներում իր գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում կառավարման հիմնադրին ու շահառուին:

Հոդված 963. Գույքը հավատարմագրային կառավարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումն այլ անձի հանձնարարելը

1. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարումն իրականացնում է անձամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Հավատարմագրային կառավարիչը կարող է հանձնարարել այլ անձի` իր անունից կատարելու գույքի կառավարման համար անհրաժեշտ գործողությունները, եթե ինքը դրա համար լիազորված է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով կամ ստացել է կառավարման հիմնադրի գրավոր համաձայնությունը կամ ստիպված է դա անել հանգամանքների ուժով` կառավարման հիմնադրի կամ շահառուի շահերն ապահովելու համար եւ հնարավորություն չունի ողջամիտ ժամկետում ստանալ
կառավարման հիմնադրի ցուցումները:
3. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր կողմից ընտրված հանձնակատարի գործողությունների համար, ինչպես իր սեփականի:

Հոդված 964. Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը

1. Գույքի հավատարմագրային կառավարման ժամանակ շահառուի կամ կառավարման հիմնադրի շահերի համար պատշաճ հոգատարություն չցուցաբերած հավատարմագրային կառավարիչը շահառուին հատուցում է գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում բաց թողնված օգուտը, իսկ կառավարման հիմնադրին` գույքի կորստի կամ վնասվածքի պատճառով հասցված վնասները` դրա բնական մաշվածության հաշվառմամբ, ինչպես նաեւ բաց թողնված օգուտը:
Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում պատճառված վնասների համար, եթե չի ապացուցում, որ այդ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի կամ շահառուի կամ կառավարման հիմնադրի գործողությունների հետեւանքով:
2. Իրեն տրամադրված լիազորությունների գերազանցմամբ կամ դրանց համար սահմանված սահմանափակումների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները հավատարմագրային կառավարիչը կրում է անձամբ: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին եւ չպետք է իմանային լիազորությունները գերազանցելու կամ նախատեսված սահմանափակումների մասին, ապա ծագած պարտավորությունները կատարվում են սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքում կառավարման հիմնադիրը կարող է հավատարմագրային կառավարչից պահանջել
հատուցելու իր կրած վնասները:
3. Գույքի հավատարմագրային կառավարման կապակցությամբ ծագած պարտավորություններով պարտքերը մարվում են այդ գույքի հաշվին: Նման գույքն անբավարար լինելու դեպքում բռնագանձումը կարող է տարածվել հավատարմագրային կառավարչի գույքի վրա, իսկ վերջինիս գույքի անբավարար լինելու դեպքում` հավատարմագրային կառավարման հիմնադրի` հավատարմագրային կառավարման չհանձնված գույքի վրա:
4. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով հավատարմագրային կառավարիչը կարող է գրավը տրամադրել այն վնասների հատուցումն ապահովելու համար, որոնք կարող են պատճառվել կառավարման հիմնադրին կամ շահառուին հավատարմագրային կառավարման պայմանագիրն անպատշաճ կատարելու հետեւանքով:

Հոդված 965. Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը

Հավատարմագրային կառավարիչն ունի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված վարձատրություն, ինչպես նաեւ գույքի հավատարմագրային կառավարման ընթացքում իր կատարած անհրաժեշտ ծախսերի հատուցում ստանալու իրավունք` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների հաշվին:

Հոդված 966. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը

1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաեւ որպես հետեւանք`
1) շահառու քաղաքացու մահվան կամ շահառու իրավաբանական անձի լուծարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3) հավատարմագրային կառավարիչ-քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչելու.
4) հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարումից հրաժարվելու` կապված հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության հետ.
5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին պայմանագրով պայմանավորված վարձատրությունը վճարելու պայմանով.
6) կառավարման հիմնադիր-քաղաքացուն սնանկ ճանաչելու:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրից կողմերից մեկի հրաժարվելու դեպքում մյուս կողմը, պայմանագիրը դադարելուց երեք ամիս առաջ, պետք է ծանուցվի այդ մասին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
3. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելու դեպքում հավատարմագրային կառավարման հանձնված գույքը փոխանցվում է կառավարման հիմնադրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 967. Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելը

1. Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելու դեպքում կարող է նախատեսվել հավատարմագրային կառավարմանը հանձնված տարբեր անձանց արժեթղթերի միացում:
2. Արժեթղթերը տնօրինելու հավատարմագրային կառավարչի իրավունքները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով:
3. Արժեթղթերի հավատարմագրային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
4. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են ոչ փաստաթղթային արժեթղթերով հավաստված իրավունքների նկատմամբ (հոդված 152):

Հոդված 968. Գույքի հավատարմագրային կառավարումն օրենքով նախատեսված հիմքերով

1. Գույքի հավատարմագրային կառավարում կարող է սահմանվել`
1) խնամարկյալի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության հետեւանքով` սույն օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում.
2) կտակի հիման վրա, որում նշանակված է կտակակատար.
3) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն գլխով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով հիմնադրված գույքի հավատարմագրային կառավարման հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի բխում նման հարաբերությունների էությունից:
Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարում սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով, սույն գլխի կանոններով նախատեսված` կառավարման հիմնադրի իրավունքները համապատասխանաբար պատկանում են խնամակալության եւ հոգաբարձության մարմնին, կտակակատարին կամ օրենքում նշված այլ անձի:


ԳԼՈՒԽ  52.1.  ՖՈՆԴԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
 

Հոդված 968.1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը

1. Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն` դրամական միջոցներ է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ միջոցները համապատասխան ֆոնդի միջոցներին և կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան:
2. Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված և սույն գլխով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:
3. Օրենքին համապատասխան` ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ և միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ:
4. Ֆոնդում դրամական միջոցների ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների նկատմամբ, և նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:
5. Ֆոնդի կառավարիչը ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները ֆոնդի կանոններին համապատասխան և ի շահ մասնակիցների արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձևավորված եկամուտը օրենքով և ֆոնդի կանոններով սահմանված կարգով և պայմաններով ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական և փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:
6. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն կետով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձևին համապատասխան եղանակով:
7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կնքած գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնած պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները:
8. Հրապարակային ֆոնդի և դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(968.1-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն, լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն)

 

Հոդված 968.2. Ֆոնդի կառավարման օբյեկտը

1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները և կառավարման արդյունքում ստացված եկամուտները , ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ:
2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունն են: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաև օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:
3. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար:
(968.2-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 

Հոդված 968.3. Ֆոնդի մասնակիցը

 Ֆոնդի մասնակիցը ֆոնդի փայը ձեռք բերած անձն է:
(968.3-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները

1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար (հոդված 444): Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):
2. Ֆոնդի կանոնները առնվազն ներառում են նաև`
1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, ներառյալ՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները.
2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման կարգը և պայմանները (ներառյալ` դրանց տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաև հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը և ժամկետները).
3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը և պայմանները.
4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.
5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.
6) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.
7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):
3. Սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, և դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում:
(968.4-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն, լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն)

 
Հոդված 968.5. Ֆոնդի կառավարման պայմանագրի ձևը

 Ֆոնդի կառավարման պայմանագիրը կնքվում է ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի փայի ձեռքբերմամբ:
(968.5-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:
2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:
3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստանձնած պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ և կնքվել են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, ներառյալ` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:
(968.6-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.7. Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները


1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:
2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը և այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն կետով նախատեսված գործողությունների հետևանքով առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքի 968.9 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`
1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները բարեխղճորեն ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).
2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.
3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև վերջինների և իր այլ հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:
4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274, 275, 277 և 278 հոդվածներ): Ընդ որում, սույն կետով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:
5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում ֆոնդի և դրա կառավարման հետ կապված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:
6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ և նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ:
(968.7-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն,  լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն)

 
Հոդված 968.8. Ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակումը

 Ֆոնդի կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձին` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթները պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացնելու համար:
(968.8-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.9. Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը

1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել: Ֆոնդի կառավարչի կողմից սույն մասով նախատեսված հատուցումն իրականացվում է ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) համապատասխան մասնակիցներին ֆոնդի կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով, բացառությամբ հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի, որի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային նշված խախտման մասին, ապա սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով հատուցում պահանջելու իրավունք:
3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսևորելու դեպքում:
(968.9-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն, լրացվ. է 22.12.10թ. ՀՕ-253-Ն, լրացվ. է 08.12.12 ՀՕ-216-Ն)

 

Հոդված 968.10. Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը

1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:
2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը` ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության կամ այլ էական փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը:
3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել ֆոնդի կառավարչի փոփոխության ձևով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:
(968.10-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.11. Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը

 1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետևանք`
1) ֆոնդի փայի օտարման, ներառյալ` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում).
2) ֆոնդի դադարեցման:
2. Ֆոնդը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
1) երբ լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը.
2) երբ լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց և չի փոխարինվել այլ անձով.
3) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:
3. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամսվա ընթացքում) և այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովմամբ), որ ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնելու ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն կետով նախատեսված պահանջները:
4. Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:
(968.11-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)

 
Հոդված 968.12. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը

1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին:
2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական ու փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:
3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, 968.6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 968.7 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով, 968.8 հոդվածով և 968.9 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կանոնները:
4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, ներառյալ` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ:
(968.12-րդ հոդվածը լրացվ. է 18.05.10 ՀՕ-69-Ն)


 

ԳԼՈՒԽ 53. ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)

Հոդված 969. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագիրը

1. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առեւտրային տեղեկատվության, ինչպես նաեւ պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների
այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ այլնի նկատմամբ իրավունքները:
Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի եւ առեւտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն եւ (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առեւտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել
ծառայություններ):
2. Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:

Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձեւը եւ գրանցումը

1. Համալիր թույլտվությունը կնքվում է գրավոր:
Պայմանագրի գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:
2. Համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես իրավատեր հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:
Եթե իրավատերը` որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցված է օտարերկրյա պետությունում, համալիր թույլտվության պայմանագիրը գրանցում է պայմանագրով որպես օգտագործող հանդես եկող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը գրանցած պետական մարմինը:
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն այն գրանցելուց հետո:
3. Արտոնագրային օրենսդրությամբ պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ համալիր թույլտվության պայմանագիրը ենթակա է գրանցման նաեւ արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում: Այդ պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առոչինչ:
(970-րդ հոդվածը լրացվ. է 29.04.10 ՀՕ-61-Ն)

Հոդված 971. Համալիր ենթաթույլտվություն

1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն
օգտագործելու իրավունքը որոշակի ժամկետի ընթացքում տրամադրել որոշակի թվով անձանց:
Համալիր ենթաթույլտվության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի երկար ժամկետով, քան համալիր թույլտվության այն պայմանագիրը, որի հիման վրա այն կնքվել է:
2. Եթե համալիր թույլտվության պայմանագիրն անվավեր է, ապա անվավեր են նաեւ դրա հիման վրա կնքված համալիր ենթաթույլտվության պայմանագրերը:
3. Ժամկետով կնքված համալիր թույլտվության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում համալիր ենթաթույլտվության պայմանագրով երկրորդական իրավատիրոջ (համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողի) իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են իրավատիրոջը, եթե վերջինս չի հրաժարվում այդ պայմանագրով նախատեսված իրավունքները եւ պարտականություններն ստանձնելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այս կանոնը
համապատասխանաբար կիրառվում է առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագիրը լուծելու դեպքում:
4. Օգտագործողը սուբսիդիար պատասխանատվություն է կրում երկրորդական օգտագործողների գործողություններով իրավատիրոջը պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:
5. Համալիր ենթաթույլտվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են համալիր թույլտվության պայմանագրի մասին` սույն գլխով նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ, այլ բան չի բխում ենթաթույլտվության առանձնահատկություններից:

Հոդված 972. Վարձատրությունը համալիր թույլտվության պայմանագրով

Համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողը կարող է իրավատիրոջը վարձատրել որոշակի միանվագ կամ պարբերական վճարների, հասույթից մասհանումների, իրավատիրոջ կողմից վերավաճառքի համար փոխանցված գույքի մեծածախ գնի եւ հավելագնի տարբերության կամ պայմանագրով նախատեսված այլ ձեւերով:

Հոդված 973. Իրավատիրոջ պարտականությունները

1. Իրավատերը պարտավոր է`
1) օգտագործողին փոխանցել տեխնիկական եւ առեւտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաեւ օգտագործողին եւ նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով.
2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով դրանց ձեւակերպումը սահմանված կարգով:
2. Եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով, իրավատերը պարտավոր է`
1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրի գրանցումը (970 հոդվածի  2-րդ եւ 3-րդ կետեր).
2) օգտագործողին մշտական տեխնիկական եւ խորհրդատվական աջակցություն ցույց տալ` ներառյալ նրա աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացման ուղղությամբ աջակցությունը.
3) վերահսկել համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների եւ մատուցվող ծառայությունների որակը:

Հոդված 974. Օգտագործողի պարտականությունները

Հաշվի առնելով համալիր թույլտվության պայմանագրով իրականացվող գործունեության բնույթը եւ առանձնահատկությունները` օգտագործողը պարտավոր է`
1) պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացնելիս պայմանագրում սահմանված ձեւով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային անվանումը.
2) ապահովել պայմանագրի հիման վրա իր կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի համապատասխանությունն իրավատիրոջ կողմից արտադրվող, կատարվող կամ մատուցվող նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների որակին.
3) անշեղորեն կատարել իրավատիրոջ հրահանգները եւ ցուցումները, որոնք ուղղված են բացառիկ իրավունքների համալիրի օգտագործման բնույթի, եղանակների ու պայմանների համապատասխանության ապահովմանն իրավատիրոջ կատարածին` ներառյալ օգտագործվող առեւտրային մակերեսների արտաքին ու ներքին ձեւավորմանը վերաբերող ցուցումները.
4) գնորդներին (պատվիրատուներին) մատուցել բոլոր այն լրացուցիչ ծառայությունները, որոնք նրանք կարող էին ստանալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) անմիջապես իրավատիրոջից ձեռք բերելու (նրան պատվիրելու) դեպքում.
5) չհրապարակել իրավատիրոջ արտադրության գաղտնիքները եւ նրանից ստացած այլ առեւտրային գաղտնի տեղեկատվությունը.
6) տրամադրել նախապես պայմանավորված քանակի ենթաթույլտվություններ, եթե այդպիսի պարտականություն նախատեսված է պայմանագրով.
7) գնորդներին (պատվիրատուներին)` նրանց համար առավել ակնառու եղանակով տեղեկացնել, որ ինքն իրավատիրոջ ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը կամ անհատականացման այլ միջոցն օգտագործում է համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա:

Հոդված 975. Կողմերի իրավունքների սահմանափակումը համալիր թույլտվության պայմանագրով

1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի իրավունքների սահմանափակում: Մասնավորապես, կարող են նախատեսվել`
1) իրավատիրոջ պարտավորությունը` այլ անձանց չտրամադրել բացառիկ իրավունքների նույնանման համալիրներ` դրանք օգտագործողին ամրացված տարածքում օգտագործելու համար կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում նույնանման սեփական գործունեությունից.
2) օգտագործողի պարտավորությունը` չմրցակցել իրավատիրոջ հետ այն տարածքում, որի վրա տարածվում է համալիր թույլտվության պայմանագրի գործողությունը.
3) օգտագործողի հրաժարվելը` իրավատիրոջ մրցակիցներից (հնարավոր մրցակիցներից) համալիր թույլտվության պայմանագրով նույնանման իրավունքներ ձեռք բերելուց.
4) օգտագործողի պարտավորությունը` իրավատիրոջ հետ համաձայնեցնել պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքներն իրականացնելու դեպքում օգտագործվող առեւտրային շինությունների տեղաբաշխումը, ինչպես նաեւ դրանց արտաքին եւ ներքին ձեւավորումը:
Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել հակամենաշնորհային մարմնի կամ այլ շահագրգիռ անձի պահանջով, եթե դրանք համապատասխան շուկայի վիճակի եւ կողմերի տնտեսական դրության հաշվառմամբ հակասում են հակամենաշնորհային օրենսդրությանը:
2. Առոչինչ են համարվում համալիր թույլտվության պայմանագրով կողմերի իրավունքները սահմանափակող այն պայմանները, որոնց ուժով`
1) իրավատերն իրավունք ունի որոշել օգտագործողի կողմից վաճառվող ապրանքի կամ օգտագործողի կատարած աշխատանքի, մատուցած ծառայության գինը կամ այդ գների վերին կամ ներքին սահմանը.
2) օգտագործողն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես գնորդների (պատվիրատուների) որոշակի խմբին կամ պայմանագրով որոշված տարածքում գտնվելու վայր (բնակության վայր) ունեցող գնորդներին (պատվիրատուներին):

Հոդված 976. Իրավատիրոջ պատասխանատվությունն օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում

1. Համալիր թույլտվության պայմանագրով` օգտագործողի կողմից վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի անհամապատասխանության վերաբերյալ օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
2. Օգտագործողին` որպես իրավատիրոջ արտադրանքը (ապրանքը) արտադրողի, պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը նրա հետ միասին կրում է համապարտ պատասխանատվություն:

Հոդված 977. Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը

1. Պայմանագրի ժամկետը լրանալիս իր պարտականությունները պատշաճ կատարած օգտագործողն այլ հավասար պայմաններում նոր ժամկետով պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի մյուս անձանց նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:
2. Օգտագործողը պարտավոր է իրավատիրոջը գրավոր տեղեկացնել նման պայմանագիր կնքելու իր ցանկության մասին` համալիր թույլտվության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում նման ժամկետ նշված չէ, ապա պայմանագրի ժամկետի ավարտից առաջ` ողջամիտ ժամկետում:
3. Նոր ժամկետով համալիր թույլտվության պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել կողմերի համաձայնությամբ:

Հոդված 978. Համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելը

Համալիր թույլտվության պայմանագիրը կարող է փոփոխվել սույն օրենսգրքի 30 գլխով նախատեսված կանոններին համապատասխան:
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագրի փոփոխվելը վկայակոչել միայն այդ փոփոխությունը սույն օրենսգրքի 970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված կարգով գրանցելուց հետո, եթե չեն ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար պայմանագրի փոփոխման մասին:

Հոդված 979. Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը

1. Առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագրի յուրաքանչյուր կողմը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից` մյուս կողմին այդ մասին վեց ամիս առաջ ծանուցելով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
2. Ժամկետի նշումով կնքված համալիր թույլտվության պայմանագրի վաղաժամկետ լուծումը, ինչպես նաեւ առանց ժամկետի նշման կնքված պայմանագրի լուծումը ենթակա են գրանցման` սույն օրենսգրքի 970 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված կարգով:
3. Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է:
4. Համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է իրավատիրոջը կամ օգտագործողին սնանկ ճանաչելու դեպքում:

Հոդված 980. Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում

 1. Օգտագործողին տրամադրված բացառիկ իրավունքների համալիրի մեջ մտնող որեւէ բացառիկ իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար: Նոր իրավատերը դառնում է այդ պայմանագրի կողմ` փոխանցված բացառիկ իրավունքին վերաբերող իրավունքների եւ պարտականությունների մասով:
2. Իրավատիրոջ մահվան դեպքում համալիր թույլտվության պայմանագրով նրա իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են ժառանգին, պայմանով, որ նա գրանցված է կամ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր: Հակառակ դեպքում` պայմանագիրը դադարում է:
Նոտարի նշանակած կառավարիչն իրականացնում է մահացած իրավատիրոջ իրավունքները եւ կատարում է նրա պարտականությունները մինչեւ ժառանգի կողմից այդ իրավունքները եւ պարտականություններն ընդունելը կամ մինչեւ ժառանգի` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելը:

Հոդված 981. Իրավատիրոջ ֆիրմային անվանումը փոփոխվելու հետեւանքները

Իրավատիրոջ կողմից իր ֆիրմային անվանումը, որի օգտագործման իրավունքը բացառիկ իրավունքների համալիրի մասն է կազմում, փոփոխելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը գործում է նոր իրավատիրոջ ֆիրմային անվանման նկատմամբ, եթե օգտագործողը չի պահանջում պայմանագրի լուծում եւ վնասների հատուցում: Պայմանագրի գործողությունը շարունակվելու դեպքում օգտագործողն իրավունք ունի պահանջել համաչափ նվազեցնելու իրավատիրոջը հասանելիք
վարձատրությունը:

Հոդված 982. Համալիր թույլտվության պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքը դադարելու հետեւանքները

Եթե համալիր թույլտվության պայմանագրի գործողության ժամանակահատվածում լրացել է այդ պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կամ նման իրավունքը դադարել է այլ հիմքով, համալիր թույլտվության պայմանագիրը շարունակում է գործել, բացառությամբ դադարած իրավունքին վերաբերող դրույթների, իսկ օգտագործողն իրավունք ունի պահանջել իրավատիրոջը հասանելիք վարձատրության համաչափ նվազեցում, եթե այլ բան նախատեսված չէ
պայմանագրով:
Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում վրա են հասնում սույն օրենսգրքի 979 հոդվածի 3-րդ կետով եւ 981 հոդվածով նախատեսված հետեւանքները:

ԳԼՈՒԽ 54. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 983. Ապահովագրությունը, դրա դասակարգումը

1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
2. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
   Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
   Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեuակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն oրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մաuին համապատաuխան oրենքներով:
3. Եթե որոշակի անձանց վրա oրենքով պարտականություն է դրվում` որպեu ապահովադիրներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին իրականացնել կյանքի կամ ոչ կյանքի պարտադիր ապահովագրություն, ապա այն իրականացվում է uույն գլխի դրույթներին և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատաuխան պայմանագիր կնքելու միջոցով:
4. Oրենքով կարող են նախատեuվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի և ոչ կյանքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):
5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեսակներով, դասերով և դրանց համապատասխան ենթադասերով ապահովագրություն:
(Հոդված 983-ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 9831. Ապահովագրության տարրերը

1. Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
2. Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
3. Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
4. Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
5. Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
6. Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
7. Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
8. Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
9. Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
10. Ապահովագրական uակագինը uահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մաuնակցության չափն է վնաuի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են`
1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների կամ կորուuտների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեuված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
(Հոդված 9831-ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 984. Շահեր, որոնց ապահովագրությունը չի թույլատրվում

1. Չի թույլատրվում`
1) հակաօրինական շահերի ապահովագրությունը.
2) խաղերին, վիճակախաղերին եւ գրազին մասնակցելու հետեւանքով առաջացած վնասների ապահովագրությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին հակասող` ապահովագրության պայմանագրի պայմաններն առոչինչ են:

Հոդված 985. Գույքային ապահովագրության պայմանագիր

(Հոդված 985-ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 986. Գույքի ապահովագրություն

(Հոդված 986-ն  ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
(986-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք)

Հոդված 987. Վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն

(Հոդված 987-ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 988. Պայմանագրով պատասխանատվության ապահովագրությունը

(Հոդված 988-ն  ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 989. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրությունը

(Հոդված 989 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 990. Անձնական ապահովագրության պայմանագիր

(Հոդված 990 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
(990-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք)

Հոդված 990.1. Ապահովագրության դասակարգումը

(Հոդված 9901-ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
(990.1-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք)

Հոդված 991. Պարտադիր ապահովագրություն

(Հոդված 991 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 992. Պարտադիր ապահովագրություն իրականացնելը

(Հոդված 992 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 993. Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետեւանքները

(Հոդված 993 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 994. Ապահովագրողները 

1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
2. Ապահովագրողների և դրանց գործունեության վերաբերյալ պահանջները, դրանց լիցենզավորման, պետական կարգավորման և վերահuկողության իրականացման կարգը uահմանվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքով և այլ իրավական ակտերով:
(Հոդված 994-ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 995. Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը

1. Հoգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը, այդ թվում` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեuված չէ պայմանագրով, կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում oգտին կնքվել է պայմանագիրը:
2. Նախքան ապահովագրական հատուցում կատարելն ապահովագրողն իրավունք ունի շահառուից (ներառյալ` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է) պահանջելու ապահովագրության պայմանագրով ապահովադիր կողմի (ներառյալ` ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի) ստանձնած պարտականությունների կատարում, որոնք այդ կողմը չի կատարել, սակայն պարտավոր էր կատարել այդ պահի դրությամբ: Եթե շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մաuին պահանջ է ներկայացնում, ապա ապահովադիր կողմի նախապես կատարման ենթակա պարտականությունները չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետևանքների ռիuկը կրում է շահառուն:
(Հոդված 995-ը լրացվ. 09.45.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 996. Ապահովագրության պայմանագիրը

1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
3. Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` սույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները:
4. Ապահովագրության պայմանագրի և (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով և վերջինիս տրամադրել պայմանագրի և (կամ) վկայագրի կրկնօրինակը:
5. Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուu կողմին (ապահովադրին) պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաu պատճառելու, նրա որոշակի տարիքի հաuնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեuված այլ իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու դեպքերում:
    Ապահովագրական հատուցում uտանալու իրավունք ունի այն անձը (շահառուն), ում oգտին պայմանագիրը կնքվել է:
Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հoգուտ ապահովագրված անձի (շահառուի), եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպեu շահառու: Առանց ապահովագրված անձի գրավոր համաձայնության` ապահովագրված անձ չհանդիսացող ապահովադիրը կամ երրորդ անձն ամեն դեպքում շահառու լինել չի կարող: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
     Ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները: Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրված անձի մահվան դեպքում շահառու հանդիսացող այլ անձինք, եթե ապահովագրության պայմանագրով ապահովադիր է հանդիսանում ապահովագրված անձը:
6. Գույքի ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին), հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովադրի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
     Գույքի ապահովագրության պայմանագրով գույքը կարող է ապահովագրվել հoգուտ այն անձի (ապահովադրի կամ շահառուի), որը oրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի: Ապահովադրի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգռվածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
7. Ձեռնարկատիրական ռիuկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովադրի ձեռնարկատիրական ռիuկը, և տվյալ պայմանագրով շահառու կարող է հանդիսանալ միայն ապահովադիրը: Ապահովադիր չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիuկի ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
(996-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 997. Ապահովագրությունը գլխավոր ապահովագրության պայմանագրով

1. Որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով միատարր ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերական ապահովագրությունը նույն ապահովագրողի մոտ կարող է ապահովագրողի և ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:
2. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս, անհապաղ հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
3. Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
4. Ապահովագրական վկայագրերն ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին:
(997-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 998. Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները


1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`
1) ապահովագրության օբյեկտը.
2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
3) ապահովագրական գումարի չափը.
4) ապահովագրական հատուցման կարգը.
6) ապահովագրավճարի չափը.
7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները.
8) վնասի գնահատման կարգը.
9) ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:
2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝
1) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
2) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը.
3) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին.
4) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝
1) ապահովագրության վկայագրի համարը.
2) ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն.
3) ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.
4) ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը.
5) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
6) ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին.
7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը.
8) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.
9) ապահովագրական գումարի չափը.
10) ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
11) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:
4. Ապահովագրական պայմանագրերի և վկայագրերի գրանցումը և հաշվառումն իրականացնում է ապահովագրողը: Իրավասու պետական մարմինը կարող է սահմանել ապահովագրության պայմանագրերի և վկայագրերի գրանցման և հաշվառման կարգ:
(998-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրացվ. է 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփոխվ. է 19.03.2012թ. ՀՕ-49-Ն)

Հոդված 999. Ապահովագրության պայմանագրի պայմաններն ապահովագրության ընդհանուր պայմաններով որոշելը

1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:
2. Ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում, պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
(999-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1000. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները

1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիu ապահովադիրն ապահովագրողի գրավոր պահանջով պարտավոր է նրան գրավոր տեղեկություններ հայտնել ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում հնարավոր վնաuի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երևան գալու` իրեն հայտնի հավանականության մաuին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն և չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էական տեղեկություններ բացահայտելու պահանջն ապահովագրողի հայեցողությունն է, և ապահովադիրը նման կոնկրետ պահանջի բացակայության պայմաններում ապահովագրական պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատվություն չի կրում տեղեկատվության չբացահայտման համար:
3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ ապահովադիրը uույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մաuին ապահովագրողին հայտնել է ակնհայտ uուտ տեղեկություններ, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և կիրառել uույն oրենuգրքի 313 հոդվածի 2-րդ կետով նախատեuված հետևանքները:
4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովադրի պատաuխանների բացակայությամբ, ապա ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչել` վկայակոչելով ապահովադրի կողմից համապատաuխան հանգամանքները չհայտնելու փաuտը:
(1000-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 10001. Ապահովագրական պատահարը

1. Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:
2. Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը, պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:
3. Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննելու ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավելու այլ անձանց:
(Հոդված 10001 -ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 10002. Ապահովագրական ռիսկի գնահատումը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրելու և զննելու ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակելու փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:
2. Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:
3. Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:
(Հոդված 10002 -ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1001. Ապահովագրողի` ապահովագրական ռիսկը գնահատելու իրավունքը

(Հոդված 1001 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1002. Ապահովագրության գաղտնիությունը

Ապահովագրողն իրավունք չունի հրապարակելու իր մաuնագիտական գործունեության արդյունքում ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի մաuին իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Ապահովագրողը ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված խախտված իրավունքների տեuակից և (կամ) դրանց խախտման բնույթից, պատաuխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
(Հոդված 1002-ը փոփոխվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1003. Ապահովագրական գումարը և ապահովագրական արժեքը

1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի և ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական) արժեքը: Ապահովագրական արժեքն ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի շուկայական (իրական) արժեքն է:
3. Եթե գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկություններ ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, ապա մյուս կողմն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները և ծախսերը:
4. Եթե գույքն ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապա ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնելու լրացուցիչ ապահովագրություն նաև այլ ապահովագրողի մոտ, բայց միայն ընդհանուր ապահովագրական գումարի` բոլոր ապահովագրական պայմանագրերով տվյալ գույքի ապահովագրական արժեքը չգերազանցող չափով:
5. Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, ապա գույքին պատճառված վնասը հատուցման է ենթակա միայն ապահովագրական արժեքի չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ, և մինչև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, ապա մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:
7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետևանքն է, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով:
8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միևնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):
   Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:
9. Եթե օբյեկտն ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով, ներառյալ` տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, ապա թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:
 Եթե սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միևնույն ապահովագրական դեպքով վրա հասած միևնույն հետևանքների համար ապահովագրական հատուցում վճարելու` ապահովագրողների պարտականություն, ապա այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները:
10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը:
( Հոդված 1003-ը փոփոխվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 10031. Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը

1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
4) 4) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
2. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է ապահովադրին (շահառուին)` նրա մշտական բնակության հասցեով:
( Հոդված 10031-ը լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն, l8acv. 18.05.10 ՀՕ-69-Ն)

Հոդված 1004. Գույքի ապահովագրական արժեքը վիճարկելու անթույլատրելիությունը

(Հոդված 1004 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)


Հոդված 1005. Ոչ լրիվ գույքային ապահովագրություն

(Հոդված 1005 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1006. Լրացուցիչ գույքային ապահովագրություն

(Հոդված 1006 -ն ուժը  կորցրած է ճանաչվել09.04.07 ՀՕ-178-Ն)


Հոդված 1007. Ապահովագրական արժեքը գերազանցող ապահովագրության հետեւանքները

(Հոդված 1007 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1008. Գույքային ապահովագրությունը տարբեր ապահովագրական ռիսկերից

(Հոդված 1008 -ն ուժը  կորցրած է ճանաչվել 09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1009. Համատեղ ապահովագրությունը (համաապահովագրությունը)

1. Ապահովագրական oբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն):
2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիuի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, ապա նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջև համապարտ պատաuխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:
3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողն ապահովադրի հետ հարաբերություններում հանդես է գալիս մյուս ապահովագրողների անունից:
4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որևէ մեկին դիտարկի որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր:
(1009-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)


Հոդված 1010. Ապահովագրավճարը

1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:
2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիu ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական oբյեկտի և ապահովագրական ռիuկի բնույթը, իրավունք ունի կիրառելու ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական uակագներ: Oրենքով նախատեuված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի uահմանած ապահովագրական uակագների հիման վրա:
3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչև հերթական ապահովագրավճարի վճարումը, որը կետանցվել է, ապա ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս հաշվանցելու կետանցված ապահովագրական վճարի գումարը:
4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն:
5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելն ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հետևանքների մասին:
6. Եթե ապահովադիրն ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետևանքները:
7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:
8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:
9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջելու միայն մինչև պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:
10. Եթե ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո` մեկ ամսվա ընթացքում, և մինչև ապահովագրավճար վճարելն ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:
11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջելու նվազեցնել ապահովագրավճարը, ինչը չի տարածվում մինչև այդ պահանջը վճարված կամ վճարվելիք ապահովագրավճարների վրա:
12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկն ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:
13. Սույն հոդվածի 2-12-րդ կետերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա:
(1010-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, փոփոխվ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1011. Ապահովագրված անձին փոխարինելը

Ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրված անձը կարող է ապահովադրի կողմից փոխարինվել այլ անձով` ապահովագրված անձին այդ մասին գրավոր ծանուցելով:
(1011-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1012. Շահառուն

1. Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքելու հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինելու այլ անձով` այդ մաuին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին:
2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որևէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում uտանալու համար:
3. Մինչև ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում (եթե ապահովագրված չէ նրա կյանքը) ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգներին, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով:
4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք, և նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջև:
(1012-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1013. Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը

1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:
2. Ապահովագրության պայմանագիրը տարածվում է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:
(1013-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1014. Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը և դրա իրավական հետևանքները

1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու հնարավորությունը, և ապահովագրական ռիuկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով:
2. Ապահովադիրն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը՝ այդ մասին ոչ պակաս, քան տասնհինգ օր առաջ ծանուցելով ապահովագրողին:
3. Ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալու՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները.
2) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը:
4. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը թույլ է տվել ապահովագրության պայմանագրի էական խախտում` խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ, ստանալու պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը: Եթե մինչև սույն կետի համաձայն` պայմանագիրը լուծելու օրն ապահովագրական հատուցում չի կատարվել, ապա ապահովադիրն իրավունք ունի ապահովագրավճարներն հետ ստանալու ամբողջությամբ: Եթե պայմանագրի լուծման հիմք հանդիսացած խախտումը պայմանագրով վճարման ենթակա հատուցման ոչ լրիվ կատարումն է, ապա ապահովադիրն իրավունք ունի հետ ստանալու ապահովագրավճարներն ամբողջությամբ:
6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում, և եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.
2) կյանքի կուտակային ապահովագրության դեպքում ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը, վճարված ապահովագրական հատուցումները:
7. Ապահովագրողը չի կարող միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝
1) նա գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են ապակողմնորոշիչ, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
2) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով:
8. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
9. Ապահովադիրը և ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահի լուծել ապահովագրության պայմանագիրը:
10. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, ինչպես նաև սույն օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ:
11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1014-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրացվ. է 08.12.12  ՀՕ-216-Ն)


Հոդված 1015. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիu ապահովագրողին հայտնած հանգամանքների` իրեն հայտնի դարձած փոփոխությունների մաuին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապեu ազդել ապահովագրական ռիuկի մեծանալու կամ նվազելու վրա:
Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում և ապահովադրին տրված ապահովագրական կանոններով նախատեսված փոփոխությունները:
2. Ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքների մաuին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջելու փոփոխել ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիuկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:
3. Ապահովադրի կամ շահառուի կողմից uույն հոդվածի 1-ին կետով նախատեuված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը և պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը և հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնաuները կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:
4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջելու լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիuկի մեծացումն առաջացնող հանգամանքները:
5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիuկն աճելու կամ նվազելու` uույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված իրավական հետևանքներն առաջանում են միայն, եթե դրանք ուղղակիորեն նախատեuված են պայմանագրով:
(1015-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)


Հոդված 1016. Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, որի oգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե oրենքով այլ բան նախատեuված չէ:
2. Անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, որին փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչև պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:
4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեuված չէ: Սույն կետով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողն ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:
(1016-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1017. Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հաuնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մաuին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեuված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի uահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
Նման պարտականություն կրում է նաև շահառուն, որը տեղյակ է իր oգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մաuին, եթե նա մտադիր է oգտվել ապահովագրական հատուցում uտանալու իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեuված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հաuնելու մաuին կամ, որ այդ մաuին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեuված կանոնները համապատաuխանաբար կիրառվում են կյանքի ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով uահմանված ժամկետը չի կարող պակաu լինել երեuուն oրվանից:
(1017-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1018. Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեuված ապահովագրական պատահարը վրա հաuնելիu ապահովադիրը պարտավոր է ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնաuները նվազեցնելու համար: Ապահովադիրը նման միջոցներ կիրառելիu պետք է հետևի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մաuին իրեն հայտնվել է:
2. Հատուցման ենթակա վնաuները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախuերը, եթե այդպիuիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատաuխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիuկ այն դեպքում, երբ համապատաuխան միջոցներն արդյունավետ չեն եղել: Նման ծախuերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամաuնորեն, անկախ այն բանից, որ դրանք այլ վնաuների հատուցման հետ միաuին կարող են գերազանցել ապահովագրական գումարը:
3. Ապահովագրողն ազատվում է ապահովադրի կողմից հնարավոր վնաuները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետևանքով առաջացած վնաuները հատուցելուց:
(1018-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1019. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները

1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հաuել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետևանքով, բացառությամբ uույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեuված դեպքերի:
2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաu պատճառելու համար քաղաքացիական պատաuխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնաuը պատճառվել է դրա համար պատաuխանատու անձի մեղքով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինu ինքնաuպան է եղել, և ինքնաuպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:
(1019-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1020. Ապահովագրական հատուցումը և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը

1. Եթե այլ բան նախատեuված չէ oրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե՝
1) ապահովագրական պատահարը առաջացել է որպեu հետևանք՝
ա) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության,
բ) ռազմական գործողությունների, ինչպեu նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների,
գ) քաղաքացիական պատերազմի և օրենքով սահմանված այլ դեպքերի.
2) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի` դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
3) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետևանքով առաջացած վնաuների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեuված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝
1) ապահովադիրն այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը, և այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.
2) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը, և այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.
3) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:
(1020-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1021. Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)

1. Եթե այլ բան նախատեuված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաu պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առ ոչինչ է:
2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնաuների համար պատաuխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
3. Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
4. Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնաuների համար պատաuխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատաuխան մաuով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
(1021-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 10211. Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը

1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:
2. Անձը, որի կողմից պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապա ապահովագրված է համարվում ապահովադրի պատաuխանատվության ռիuկը:
3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացնել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:
4. Պատճառված վնաuի համար պատաuխանատվության ռիuկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հoգուտ այն անձանց, որոնց կարող է վնաu պատճառվել (հoգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հoգուտ ապահովադրի կամ պատճառված վնաuի համար պատաuխանատվություն կրող այլ անձի, կամ պայմանագրում նշված չէ, թե ում oգտին է այն կնքվել:
5. Եթե պատճառված վնաuի համար պատաuխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպեu նաև oրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիuի պատաuխանատվություն նախատեuող այլ դեպքերում, ապա անձը, որի oգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի uահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջելու հատուցել պատճառված վնաuը , բացառությամբ այն վնասների, որոնք ենթակա չեն ապահովագրական ընկերության կողմից հատուցման:
6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:
(Հոդված 10211 լրացվ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրացվ. 18.05.10 ՀՕ-69-Ն)

Հոդված 1022. Հայցային վաղեմությունն ապահովագրության հետ կապված պահանջներով

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից:
(1022-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1023. Վերաապահովագրության պայմանագիրը

1. Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:
2. Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:
3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջև պատաuխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:
4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:
(1023-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Հոդված 1024. Պարտադիր ապահովագրությունը

1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), որի վրա օրենքով դրված է այդպիuի ապահովագրության պարտականությունը:
2. Եթե անձը, որի վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է oրենքով uահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հաuնելու դեպքում նա պարտավորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար, եթե ապահովագրությունն իրականացվեր պատշաճ կարգով:
(1024-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն օրենք, փոփ.09.04.07 ՀՕ-178-Ն)
 

Հոդված 1025. Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ

Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առեւտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումների ապահովագրման հարաբերությունների, բժշկական ապահովագրության, բանկային ավանդների ապահովագրության, կենսաթոշակների ապահովագրության, ինչպես նաեւ ապահովագրության այլ տեսակների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ տեսակների ապահովագրությունների մասին օրենքներով:
Սույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն օրենսգրքի 995 հոդվածով, 1000 հոդվածի 3-րդ կետով, 1000.1 հոդվածի 1-ին կետով, 1000.2 և 1003.1 հոդվածներով, 1010 հոդվածի 3-րդ և 8-րդ կետերով, 1011 և 1012 հոդվածներով, 1015 հոդվածի 3-րդ կետով, 1017 հոդվածի 2-րդ կետով, 1018 հոդվածի 3-րդ կետով և 1020 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրերի վրա:
(Հոդված 1025-ը լրացվ է 18.05.10 ՀՕ-69-Ն)

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Ֆաքս՝ +374 (10) 511-646
Էլ. փոստ` info@prosecutor.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն