ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք print



ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ
ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 10 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 163. Սեփականության իրավունքի հասկացությունը եւ բովանդակությունը

1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի եւ այլ ձեւերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող եւ այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
3. Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:

Հոդված 164. Գույքի պահպանման հոգսը

Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ  բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 165. Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը

Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հոդված 166. Սեփականության իրավունքի սուբյեկտները

1. Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը քաղաքացու կամ իրավաբանական անձի, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն օրենքներով:
3. Օրենքներով սահմանվում են գույքի այն տեսակները, որոնք կարող են գտնվել միայն պետության կամ համայնքների սեփականության ներքո:
4. Բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:

Հոդված 167. Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքը

1. Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է
 գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք
 օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական
 անձանց:
2. Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման սահմանափակումները, սույն օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներին համապատասխան, սահմանված են օրենքով:
3. Առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպություններն իրենց հիմնադիրներից (մասնակիցներից, անդամներից), իրենց որպես ավանդներ կամ վճարներ հանձնված, ինչպես նաեւ այդ իրավաբանական անձանց կողմից այլ հիմքերով ձեռք բերված գույքի սեփականատերերն են:

Հոդված 168. Պետական սեփականության իրավունք

1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է:
2. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը եւ բնական այլ պաշարները պետական սեփականություն են:
3. Պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
4. Հայաստանի Հանրապետության անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները եւ անձինք:

Հոդված 169. Համայնքների սեփականության իրավունք

1. Քաղաքային, գյուղական համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքների սեփականությունն է:
2. Համայնքի բյուջեի միջոցները համայնքի սեփականությունն են:
3. Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները եւ անձինք:
(Հոդվածը լրացվ. 26.12.08 ՀՕ-14-Ն)

Հոդված 170. Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները

1. Սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետեւյալ գույքային
 իրավունքները`
1) կառուցապատման.
2) գույքի օգտագործման.
3) սերվիտուտի.
4) գրավի:
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ` սեփականատիրոջ խախտումներից:
(170-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 171. Պետական գույքի մասնավորեցումը (ապապետականացումը)

Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Հոդված 172. Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը

1. Օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից
 իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք
 ձեռք է բերում այդ անձը:
Գույքի օգտագործման հետեւանքով ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերվում սույն օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
3. Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձին (իրավաբանական անձանց):
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաեւ այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
6. Բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը եւ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Հոդված 173. Նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը

Նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է
դրա պետական գրանցման պահից:

Հոդված 174. Վերամշակում

1. Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար:
2. Նյութերի սեփականատերը, դրանցից պատրաստված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով, պարտավոր է վերամշակման արժեքը հատուցել այն կատարած անձին, իսկ այդ անձի կողմից նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, նա պարտավոր է նյութերի սեփականատիրոջը հատուցել դրանց արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Նյութերի սեփականատերը, որը դրանք կորցրել է վերամշակողի անբարեխիղճ գործողությունների հետեւանքով, իրավունք ունի պահանջել, որ նոր գույքը հանձնվի իր սեփականությանը, եւ հատուցվեն իրեն պատճառված վնասները:

Հոդված 175. Հավաքելու համար հանրամատչելի գույքը սեփականացնելը

Այն դեպքերում, երբ օրենքին համապատասխան, սեփականատիրոջ ընդհանուր թույլտվությամբ կամ տեղական սովորույթի համաձայն, թույլատրվում է անտառներում, ջրավազաններում կամ այլ տարածքներում հատապտուղներ կամ այլ հանրամատչելի գույք հավաքել, ձկան կամ կենդանիների որս կատարել, համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն հավաքած կամ որսած անձը:

Հոդված 176. Պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը

1. Պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

 

Հոդված 177. Գույքի հանձնումը

1. Գույքի հանձնում է համարվում գույքը ձեռք բերողին, ինչպես նաեւ ձեռք բերողին առաքելու համար փոխադրողին կամ առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված գույքը ձեռք բերողին ուղարկելու համար կապի կազմակերպությանը հանձնելը:
Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից:
2. Եթե գույքի օտարման մասին պայմանագիրը կնքելու պահին այն արդեն գտնվում է ձեռք բերողի տիրապետման ներքո, գույքը նրան հանձնված է համարվում այդ պահից:
3. Գույք հանձնելուն հավասարեցվում է դրա վերաբերյալ կոնոսամենտ կամ ապրանքի տնօրինման մասին այլ փաստաթուղթ հանձնելը:

Հոդված 178. Տիրազուրկ գույք

1. Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
2. Տիրազուրկ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել սույն օրենսգրքի 179-186 հոդվածների կանոններով:
3. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:
4. Տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
(178-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 179. Շարժական գույքը, որից սեփականատերը հրաժարվել է

1. Շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
2. Անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հողամասում, ջրավազանում կամ այլ օբյեկտում կա նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ակնհայտ ցածր արժեք ունեցող դեն նետված գույք կամ դեն նետված մետաղների ջարդոն, խոտանված արտադրանք, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտեր, արտադրական եւ այլ թափոններ, իրավունք ունի այդ գույքը վերածել իր սեփականության` ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ:
Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ:

Հոդված 180. Գտանք

1. Կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որեւէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը եւ վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները եւ կրում է նրա պարտականությունները:
2. Եթե գույքը վերադարձնելու պահանջի իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին:
3. Գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին:
Արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, կարող է գույքը գտնողն իրացնել` ձեռք բերելով հասույթի գումարը հավաստող գրավոր ապացույցներ: Գտնված գույքի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:
4. Գույքը գտնողը, գույքի արժեքի սահմաններում, պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար միայն մեղքի առկայության դեպքում:

Հոդված 181. Գտանքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը

1. Եթե գտանքի մասին ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին հայտնելու պահից (180 հոդվածի 2-րդ կետ) հետո` վեց ամսվա ընթացքում, գտնված գույքն ստանալու իրավազոր անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել այն գտնող անձին, ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը:
2. Եթե գույքը գտնողը հրաժարվում է գտնված գույքը վերածել սեփականության, այն դառնում է համայնքի սեփականություն:

Հոդված 182. Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը եւ գույքը գտնողին վարձատրելը

1. Գույքը գտած եւ դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու
 ծախսերի հատուցում:
2. Գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչեւ քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար: Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում սոսկ այն ստանալու իրավազորություն ունեցող անձի համար, ապա դրա վարձատրության չափը որոշվում է այդ անձի հետ համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատարանով: Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար
 իրավազոր անձը հրապարակայնորեն պարգեւ է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգեւի պայմաններով:
Գույքը գտնողը, մինչեւ իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը:
3. Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:

Հոդված 183. Առանց հսկողության թողնված կենդանիներ

1. Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած եւ (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է` հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:
2. Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը եւ օգտագործմանը:
Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ եւ նրան է հանձնում կենդանիները:
3. Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձը եւ այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար, պարտավոր են դրանք պատշաճ պահպանել եւ դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար` մեղքի առկայության դեպքում:

Հոդված 184. Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը

1. Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել եւ օգտագործել է կենդանիներին:
Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականություն, ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում դրանք վերածվում են համայնքի սեփականության եւ օգտագործվում` տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած կարգով:
2. Կենդանիների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելուց հետո` դրանց նախկին սեփականատիրոջ ներկայանալու դեպքում, վերջինս, այդ կենդանիների կողմից իր նկատմամբ կապվածության մասին վկայող հանգամանքների առկայությամբ, իրավունք ունի պահանջել, որպեսզի դրանք իրեն վերադարձվեն նոր սեփականատիրոջ հետ համաձայնությամբ սահմանված պայմաններով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած պայմաններով:

Հոդված 185. Առանց հսկողության թողնված կենդանիներին պահպանելու համար ծախսեր հատուցելը եւ դրանց համար վարձատրելը

Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը` հաշվանցելով կենդանիների օգտագործումից ստացած օգուտները:
Առանց հսկողության թողնված կենդանիներին պահող անձը, սույն օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ունի վարձատրության իրավունք:

Հոդված 186. Գանձ

1. Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի եւ այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ եւ այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
 2. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը:
 3. Պատմության եւ մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, եւ գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջեւ վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Առանց գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից նման գանձ հայտնաբերելու դեպքում, վարձատրությունն ամբողջությամբ տրվում է գույքի սեփականատիրոջը:
4. Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային կամ ծառայողական պարտականությունների մեջ են մտնում պեղումներ եւ գանձ հայտնաբերելու որոնումներ կատարելը:

Հոդված 187. Ձեռքբերման վաղեմություն

1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ եւ անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Մինչեւ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն եւ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

Հոդված 188. Ինքնակամ կառույցը

1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
Ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է այն անձի սեփականության իրավունքը, որին սեփականության իրավունքով պատկանում է այն հողամասը, որի վրա գտնվում է կառույցը:
Ինքնակամ կառույցի նկատմամբ հողամասի սեփականատիրոջ սեփականության իրավունքի ճանաչումը հիմք չէ ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու, ինչպես նաև արգելք չէ սույն հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նշված հայցի բավարարման համար:
Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման հետ կապված ռիսկերը:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը:
Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
ՈՒրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման եւ հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
4. Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:
5. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները եւ օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, եւ դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաեւ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով եւ առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
7. (188-րդ հոդվածի 7-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել 15.12.05  ՀՕ-238-Ն օրենք)
(188-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-511-Ն, 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05  ՀՕ-238-Ն օրենքներ, լրացվ. 26.12.08 ՀՕ-14-Ն)

ԳԼՈՒԽ 12 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 189. Ընդհանուր սեփականության հասկացությունը եւ ծագման հիմքերը

1. Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
2. Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
3. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:
4. Ընդհանուր սեփականությունը ծագում է այն գույքը երկու կամ մի քանի անձանց սեփականության վերածվելու դեպքում, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոխման (անբաժանելի գույք) կամ օրենքով ենթակա չէ բաժանման:
Բաժանելի գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը ծագում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
5. Համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով, ընդհանուր գույքի նկատմամբ կարող է սահմանվել այդ անձանց բաժնային սեփականություն:
6. Պայմանագրային ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
(189-րդ հոդվածը փափախվ. 18.05.10 ՀՕ-69-Ն)

Հոդված 190. Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելը

1. Բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող է սահմանվել նրանց բաժինները որոշելու եւ փոփոխելու կարգ` ընդհանուր գույքի կազմավորման ու աճի մեջ նրանց ներդրմանը համապատասխան:
3. Բաժնային սեփականության մասնակիցը, որն ընդհանուր գույքի օգտագործման սահմանված կարգի պահպանմամբ իր հաշվին իրականացրել է այդ գույքից անբաժանելի բարելավումներ, կարող է պահանջել դրանց համապատասխան մեծացնելու ընդհանուր սեփականության իրավունքում իր բաժինը:
4. Ընդհանուր գույքից բաժանելի բարելավումներն անցնում են այն մասնակցի սեփականությանը, ով դրանք կատարել է, եթե այլ բան նախատեսված չէ բաժնային սեփականության մասնակիցների համաձայնությամբ:

Հոդված 191. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը եւ օգտագործելը

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում եւ օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել, որ իր տիրապետմանը եւ օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը տիրապետող եւ օգտագործող մյուս մասնակիցներից պահանջել վնասների հատուցում:

Հոդված 192. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելը

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլորմասնակիցների համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները:

Հոդված 193. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն օգտագործելուց ստացված պտուղները, արտադրանքը եւ եկամուտները

Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն օգտագործելուց ստացված պտուղները, արտադրանքը եւ եկամուտները ներառվում են ընդհանուր գույքի կազմում ու բաժնային սեփականության մասնակիցների միջեւ բաշխվում են նրանց բաժիններին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Հոդված 194. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն պահպանելու ծախսերը

1. Բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման այլ ծախսերին:
2. Սեփականատերերից մեկի կողմից, առանց մյուսների համաձայնության, կատարած անհարկի ծախսերը մնացած սեփականատերերի կողմից չեն հատուցվում: Այդ կապակցությամբ ծագող վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Հոդված 195. Գնելու նախապատվության իրավունքը

1. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով եւ այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
(195-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը ուժը կորցրել է  16.12.05  ՀՕ-13-Ն օրենք)
2. Բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը եւ վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:
3. Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները եւ պարտականությունները:
4. Բաժինը գնելու նախապատվության իրավունքը չի կարող զիջվել:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաեւ բաժինը փոխանակության պայմանագրով օտարելիս:

Հոդված 196. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը պայմանագրով ձեռք բերողին անցնելու պահը

1. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը պայմանագրով ձեռք բերողին է անցնում պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
2. Այն պայմանագրով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, ընդհանուր սեփականության իրավունքում բաժնի անցման պահը որոշվում է սույն օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ կետին համապատասխան:

Հոդված 197. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը եւ դրանից բաժին առանձնացնելը

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջեւ բաժանվել նրանց համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
3. Բաժնային սեփականության մասնակիցների միջեւ ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի եւ պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
4. Սույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել եւ ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաեւ այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
5. Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ` նրանց բաժիններին համաչափ:

Հոդված 198. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը, օգտագործելը եւ տնօրինելը

1. Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում եւ օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
2. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
3. Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

Հոդված 199. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը եւ դրանից բաժին առանձնացնելը

1. Համատեղ սեփականության մասնակիցների միջեւ ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
2. Ընդհանուր գույքը բաժանելիս եւ դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան
նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
3. Ընդհանուր գույքը բաժանելու եւ դրանից բաժին առանձնացնելու հիմքերը եւ կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:

 

Հոդված 200. Ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելը

1. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2. Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
(200-րդ հոդվածը փոփ. 16.12.05  ՀՕ-13-Ն օրենք)

Հոդված 201. Ամուսինների ընդհանուր սեփականությունը

1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
 2. Մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը եւ այլն), բացառությամբ թանկարժեք իրերի եւ պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների
ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում եւ այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջեւ կնքված պայմանագրով:
5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
(201-րդ հոդվածը փոփ. 22.12.10թ. ՀՕ-253-Ն)

ԳԼՈՒԽ 13 ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 202. Հողամասը` որպես սեփականության իրավունքի օբյեկտ

1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով`
 լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման
 վրա:
2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա եւ ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին եւ դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
4. Այն հողամասերը, որոնց օգտագործելն իրենց սահմանված նպատակային եւ գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ սահմանափակված է, որոշվում են օրենքով:
5. Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաեւ հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:
7. սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամասի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետեւանքները որոշվում են սույն օրենսգրքի 188 հոդվածին
 համապատասխան:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության
 իրավունքով, բացառությամբ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար տրամադրելու դեպքերի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով
 սահմանված` պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի,
 որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:
(202-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք, փոփոխվ. է 27.02.2012թ. ՀՕ-28-Ն)

Հոդված 203. Հողամաս,  շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու արգելքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:
Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաu, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք (այսուհետ՝ ներխուժում):
Ներխուժում է համարվում նաև՝
1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.
2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
2. Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամաuերում և oգտվելու դրանցում եղած բնական oբյեկտներից` պահպանելով oրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:
4. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
5. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է կառավարությունը:
(203-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 204. Հողամասի սեփականատիրոջ կողմից դրա վրա շենքեր, շինություններ կառուցելը

Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական եւ շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաեւ հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների (202 հոդվածի 4-րդ կետ) պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամասում:
(204-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 204 1 Հողամասի կառուցապատման իրավունքը

1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք` քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաեւ
հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով
կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել` փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության
 կարգով:
3. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի
 բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման
 իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը եւ շինությունները հողամասի  սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
 5. Կառուցապատման իրավունքը, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված
 չէ, տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով եւ չի կարող գերազանցել 99
 տարին:
6. Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի եւ այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման:
7. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(204.1-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 205. Հողամասի օգտագործման իրավունք ձեռք բերելու հիմքերը

1. Սեփականատերն իրեն պատկանող հողամասը կարող է տրամադրել այլ անձանց
 օգտագործման` ներառյալ վարձակալության:
2. Պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասի օգտագործման իրավունքը տրվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց` հողամասերն օգտագործման տրամադրելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով:
 3. Սույն օրենսգրքի 207 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հողամասի օգտագործման իրավունք կարող է ձեռք բերել նաեւ շենքի, շինության եւ այլ անշարժ գույքի սեփականատերը:
4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող հողամասի օգտագործման իրավունքը փոխանցվում է իրավահաջորդին:

 

Հոդված 206. Հողամասը տիրապետելու եւ օգտագործելու իրավունքը

1. Հողամասի սեփականատեր չհամարվող անձն օրենքով կամ սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կարող է տիրապետել եւ օգտագործել հողամասը:
2. Հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է հողամասի
սեփականատիրոջ համաձայնությամբ այն հանձնել վարձակալության կամ անհատույց
օգտագործման:

Հոդված 207. Անշարժ գույքի սեփականատիրոջ` հողամասն օգտագործելու իրավունքը

1. Այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն
 իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ
 գույքը:
2. ՈՒրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, վերջինս հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով եւ ծավալով, ինչ անշարժ գույքի նախկին սեփականատերը:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ` հողամասի օգտագործման
 իրավունքը փոփոխելու կամ դադարելու համար:
3. ՈՒրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք
 ունի տիրապետել, օգտագործել եւ տնօրինել իր գույքը` ներառյալ քանդել համապատասխան շենքերն ու շինությունները, եթե դա չի հակասում տվյալ հողամասի օգտագործման` օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:

Հոդված 208. Հողամասի օգտագործման իրավունքը դադարելու հետեւանքները

Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների եւ այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ եւ հողօգտագործողի միջեւ պայմանագրով:

Հոդված 209. Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս

1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության
 նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաեւ շենքի,
 շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ այն
 իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման եւ սպասարկման
 համար:
2. Արգելվում է օտարել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:
Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:
 3. Ստորաբաժանված շենքի, շինության մեջ առանձին տարածքի օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Այս դեպքում ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի եւ 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
(209-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 210. ՈՒրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ)

1. Հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարեւան
 հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հողամասի
 սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ
 օգտագործման իրավունք (սերվիտուտ):
2. Սերվիտուտ կարող է սահմանվել հարեւան կամ այլ հողամասով անցնելու եւ երթեւեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի եւ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման եւ հողաբարելավման, ինչպես նաեւ անշարժ գույքի սեփականատիրոջ այլ կարիքների համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտի սահմանման:
 3. Հողամասը սերվիտուտով ծանրաբեռնելը հողամասի սեփականատիրոջը չի զրկում այդ հողամասի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքներից:
4. Սերվիտուտը չի կարող լինել առուվաճառքի, գրավի եւ վարձակալության ինքնուրույն առարկա:
5. Սերվիտուտը կարող է լինել կամավոր եւ հարկադիր:
(210 հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159 օրենք)

Հոդված 211. Կամավոր սերվիտուտ

1. Կամավոր սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի եւ
 հարեւան կամ այլ հողամասի սեփականատիրոջ` նոտարական կարգով վավերացված գրավոր
 համաձայնությամբ:
2. Կամավոր սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի գործողության ժամկետը եւ պայմանները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
(211 հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159 օրենք)

Հոդված 212. Հարկադիր սերվիտուտ

1. Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող
 անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ
 համաձայնության չգալու դեպքում:
2. Հարկադիր սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սույն օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ կետում նշված պայմանները:
3. Հասարակական կարիքների համար հարկադիր սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:
3.1. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման եւ կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային եւ
ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների եւ դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման
նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի
սուբյեկտից, սահմանվում է անվճար, հարկադիր եւ մշտական սերվիտուտ:
(212-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, 26.06.02 ՀՕ-391-Ն օրենքներ)

Հոդված 213. Սերվիտուտի պետական գրանցումը

Սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների
պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այդ օրենքով
նախատեսված դեպքերի:
(213 հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159 օրենք)

Հոդված 214. Սերվիտուտի համար վճարը

1. Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատերն իրավունք ունի
հողամասն օգտագործելու համար վճար պահանջել այն անձանցից, ի շահ որոնց
սահմանվել է սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Կամավոր սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ,
 իսկ հարկադիր սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ օրենքով:
(214 հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159 օրենք)

 

Հոդված 215. Սերվիտուտի պահպանվելը հողամասի նկատմամբ իրավունքները փոխանցվելիս

Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:

Հոդված 216. Սերվիտուտի դադարելը

1. Սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի սեփականատիրոջ պահանջով սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են դրա սահմանման հիմքերը:
2. Այն դեպքերում, երբ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող հողամասը սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետեւանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, սեփականատերն իրավունք ունի դատական կարգով
 պահանջել դադարեցնելու սերվիտուտը:

Հոդված 217. Շենքերը եւ շինությունները սերվիտուտով ծանրաբեռնելը

Սույն օրենսգրքի 210-216 հոդվածներում նախատեսված կանոնների կիրառմամբ`
սերվիտուտով կարող են ծանրաբեռնվել շենքերը, շինությունները եւ այլ անշարժ
գույքը, որոնցից սահմանափակ օգտվելն անհրաժեշտ է:

Հոդված 218. Սեփականության oտարումը հասարակության և պետության կարիքների համար

Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:
(218-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 219. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի հատուցման գինը
(219-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 220. Հողամասը, պետության կամ համայնքի կարիքների համար,  դատարանի վճռով վերցնելը
(220-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 221. Պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատիրոջ իրավունքները
(221-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)

ԳԼՈՒԽ 14 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

Հոդված 222. Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի, ինչպես նաև
 ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության
 իրավունքի առանձնահատկությունները

1. Բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
2. Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
3. Բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
Ստորաբաժանված շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է ոչ բնակելի տարածքը, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի առանձնացվել ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
4. Բնակարանը պետք է օգտագործվի միայն դրա գործառնական նշանակությանը համապատասխան:
5. Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(222-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք, խմբագրվել 15.12.05  ՀՕ-238-Ն օրենք)

Հոդված 223. (223-րդ հոդվածն ուժը կորցած է ճանաչվել 15.12.05  ՀՕ-238-Ն օրենք)

Հոդված 224. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը

1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումներն  ու տարածքները, շենքի պահպանման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը,  որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:
Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը չեն փոփոխվում շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետևանքով բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում:
2. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատերն իրավունք չունի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից կամ գույքից առանձին օտարելու, գրավադրելու, օգտագործման հանձնելու բնակարանը և (կամ) ոչ բնակելի տարածքը կամ կատարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն առանձին այլ անձի հանձնելու այլ գործողություններ:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի եւ 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
4. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:
5. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում բնակարանի, ոչ բնակելի տարածքների եւ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվում շենքի, շինության շահագործման ակտը սահմանված կարգով ձեւակերպելուց հետո:
6. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում հողամասի, բնակարանի եւ ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
(224-րդ հոդվածը փոփ. 07.05.02 ՀՕ-336, 04.10.05 ՀՕ-188-Ն օրենքներ, լրաց. 15.12.05  ՀՕ-238-Ն օրենք)

Հոդված 225. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը

1. Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն
հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է,
որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման
ինքնուրույն առարկա, ինչպես նաեւ չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ
իրավահաջորդության կարգով:
Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաեւ իր ընտանիքի անդամները
(ամուսինը, անչափահաս երեխաները):
2. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները եւ դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով
վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը
ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով
սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:
3. Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
4. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից` հաշվարկված
հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի 9 քառակուսի մետրից:
Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
(225-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

ԳԼՈՒԽ 15 ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ

Հոդված 226. Գրավի իրավունքի հասկացությունը

1. Գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
2. Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
3. Գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի)
մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու
նախապատվության իրավունք ունի: Գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված
մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն,
մյուս` գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ
չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու
նախապատվության իրավունք ունի:
4. Գրավառուն իրավունք ունի, սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սկզբունքով, բավարարում ստանալ գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքների ապահովագրական հատուցումից, անկախ այն բանից, թե այն ում օգտին է ապահովագրված, եթե նման կորուստը կամ վնասվածքը չեն ծագել այնպիսի պատճառներից, որոնց համար պատասխանատու է գրավառուն:
5. Սույն պարագրաֆում պարունակվող` գրավի մասին ընդհանուր կանոնները կիրառվում են հիփոթեքի նկատմամբ, եթե այլ կանոններ չեն սահմանված սույն գլխի հիփոթեքին վերաբերող պարագրաֆում:
(226-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-78-Ն օրենք)

Հոդված 227. Գրավի ծագման հիմքերը

1. Գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաեւ օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երեւան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
2. Պայմանագրի ուժով ծագած գրավի մասին սույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե
այլ բան նախատեսված չէ օրենքով:

Հոդված 228. Գրավատու

1. Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:
2. Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
3. Իրավունքի գրավատու կարող է լինել այն անձը, ում պատկանում է գրավ դրվող իրավունքը:

Հոդված 229. Գրավառու

Գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով`
գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

Հոդված 230. Գրավի առարկա

1. Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
2. Այն գույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման (անբաժանելի գույք), չի կարող գրավ դրվել մաս առ մաս:
3. Առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում:
4. Գույքի առանձին տեսակների գրավը, մասնավորապես` քաղաքացիներին պատկանող այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով:
(230-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-224-Ն օրենք)

 

Հոդված 231. Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի գրավը

1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ:
2. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:
Գրավառուի պահանջով այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով սահմանված` գնելու նախապատվության իրավունքի մասին կանոնները:

Հոդված 232. Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները

1. Գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաեւ դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների նկատմամբ գրավի իրավունքը տարածվում է պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի եւ գույքային իրավունքների գրավ:

Հոդված 233. Գրավով ապահովված պահանջի ծավալը

Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաեւ գրավ դրված գույքը պահելու , պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
(233-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-233-Ն)
 

Հոդված 234. Գրավի պայմանագիրը եւ դրա ձեւը

1. Գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) եւ բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը:
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման:
4. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:

Հոդված 235. Գրավի իրավունքի ծագումը

1. Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
2. Եթե գրավի առարկան, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկան նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչեւ պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից:
(235-րդ հոդվածը լրաց. 23.05.06  ՀՕ-79-Ն օրենք)

Հոդված 236. Հաջորդող գրավ

1. Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ):
2. Հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:
3. Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(236-րդ հոդվածը փոփ. 11.05.04 ՀՕ-78-Ն օրենք, լրաց. 23.05.06  ՀՕ-79-Ն օրենք)

Հոդված 237. Գրավ դրված գույքը պահելը եւ պահպանելը

1. Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է`
1) գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան եւ վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաս գումարով.
2) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրավ դրված գույքը պահպանելու` ներառյալ այն երրորդ անձանց ոտնձգություններից եւ պահանջներից պաշտպանելու համար.
3) մյուս կողմին անհապաղ տեղեկացնել գրավ դրված գույքի կորստյան կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին:
2. Գրավառուն եւ գրավատուն իրավունք ունեն փաստաթղթերով ու փաստացի ստուգել մյուս կողմի մոտ գտնվող գրավ դրված գույքի առկայությունը, քանակը, վիճակը եւ պահպանման պայմանները:
3. Գրավառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կոպիտ խախտելու դեպքում, որը գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում, գրավատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ դադարեցնելու գրավը:

 

Հոդված 238. Գրավի առարկան օգտագործելը եւ տնօրինելը

1. Գրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից` դրա նշանակությանը
 համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ եւ եկամուտներ, եթե այլ
 բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու
 վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ
 բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ հիմքերով:
Մինչեւ գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
4. Գրավառուն իրավունք ունի օգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն
ներկայացնելով դրա օգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ եւ եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:
(238-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 239. Գրավ դրված գույքի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի հետեւանքները

1. Գրավատուն կրում է գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով:
2. Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, եթե չի
ապացուցում, որ, սույն օրենսգրքի 417 հոդվածին համապատասխան, կարող է ազատվել պատասխանատվությունից:
3. Գրավառուն գրավի առարկայի կորստի համար պատասխանատվություն է կրում դրա իրական արժեքի չափով, իսկ դրա վնասվածքի համար` այն գումարի չափով, որով այդ արժեքը պակասել է, անկախ այն բանից, թե գրավի առարկան գրավառուին հանձնվելիս ինչ գումարով է գնահատվել:
4. Եթե գրավառուին հանձնված գրավի առարկան վնասվածքի հետեւանքով այնքան է փոխվել, որ չի կարող օգտագործվել իր ուղղակի նշանակությամբ, գրավատուն իրավունք ունի հրաժարվել դրանից եւ հատուցում պահանջել դրա կորստյան համար:
Պայմանագրով կարող է նախատեսվել գրավառուի պարտականությունը` գրավատուին հատուցել գրավի առարկայի կորստով կամ վնասվածքով պատճառված այլ վնասներ:
Գրավով ապահովված պարտավորության պարտապան գրավատուն իրավունք ունի գրավի առարկայի կորստի կամ վնասվածքի հետեւանքով առաջացած վնասների հատուցումը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար:

Հոդված 240. Գրավի առարկան փոխարինելը եւ վերականգնելը

1. Գրավի առարկայի փոխարինում թույլատրվում է գրավառուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Հոդված 241. Գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությունը

1. Գրավառուն, որի մոտ գտնվում է կամ պետք է գտնվեր գրավ դրված գույքը,
իրավունք ունի այն հետ պահանջել ուրիշի, այդ թվում` գրավատուի ապօրինի տիրապետումից (274, 275 եւ 278 հոդվածներ):
2. Այն դեպքերում, երբ գրավառուին պայմանագրի պայմաններով իրավունք է վերապահված օգտվել իրեն հանձնված գրավի առարկայից, նա կարող է այլ անձանցից` ներառյալ գրավատուից, պահանջել իր իրավունքի բոլոր խախտումների վերացում, թեկուզեւ դրանք կապված չեն տիրապետումից զրկելու հետ (277 եւ 278 հոդվածներ):

Հոդված 242. Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս

1. Գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:
Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը եւ կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:
2. Եթե գրավի առարկա գույքն իրավահաջորդության կարգով անցել է մի քանի անձանց, իրավահաջորդներից (գույքը ձեռք բերողներից) յուրաքանչյուրը նշված գույքից իրեն անցած բաժնին համաչափ կրում է գրավով ապահովված պարտավորությունը չկատարելուց բխող հետեւանքները: Եթե գրավի առարկան անբաժանելի է կամ այլ հիմքերով մնում է իրավահաջորդների ընդհանուր սեփականության ներքո, նրանք դառնում են համապարտ գրավատուներ:

Հոդված 243. Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու եւ առգրավելու հետեւանքները

1. Այն դեպքերում, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով հաuարակության և պետության կարիքների համար օտարվելու, ռեկվիզիցիայի կամ ազգայնացման հետևանքով, ու գրավատուին տրվել է այլ գույք և (կամ) համապատասխան հատուցում, գրավի իրավունքը տարածվում է փոխարենը տրված գույքի վրա, կամ գրավառուն ձեռք է բերում գրավատուին հասանելիք հատուցման գումարից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:
2. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից` բռնագանձում տարածելու միջոցով կամ որպես հանցագործության համար պատժամիջոց, գրավառուն այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք ունի:
3. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը:
(243-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 244. Գրավի պայմանագրից բխող իրավունքները զիջելը

1. Գրավառուն իրավունք ունի գրավի պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցել այլ անձի` պահպանելով պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները փոխանցելու կանոնները (397-405 հոդվածներ):
2. Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքներն այլ անձի զիջելը վավեր է, եթե նույն անձին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:

Հոդված 245. Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքը փոխանցելը

Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելիս գրավը դադարում է, եթե գրավատուն պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրելու նոր պարտապանի փոխարեն:

Հոդված 246. Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը եւ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով
 ապահովված պարտավորությունը, եթե`
1) գրավատուի մոտ թողնված գրավի առարկան պայմանագրի պայմանների խախտմամբ դուրս է եկել նրա տիրապետությունից.
2) գրավատուն խախտել է գրավի առարկան փոխարինելու կանոնները  (հոդված 240).
3) գրավի առարկան կորել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար գրավառուն պատասխանատու չէ, իսկ գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից:
2. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, իսկ այդ պահանջը չբավարարվելու դեպքում` բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա, եթե`
1) գրավատուն խախտել է հաջորդող գրավի կանոնը (հոդված 236).
2) գրավատուն չի կատարել սույն օրենսգրքի 237 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները.
3) գրավատուն խախտել է գրավ դրված գույքի օգտագործման եւ տնօրինման կանոնները (238 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետեր):

Հոդված 247. Գրավը դադարելը

1. Գրավը դադարում է`
1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով.
2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
4) գրավ դրված գույքը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում:
2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետեւանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:
(247-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05  ՀՕ-238-Ն օրենքներ)

Հոդված 248. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հիմքերը

Գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը

1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան
դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան
դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի
առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է
կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել
գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի
արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար:     Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
(249-րդ հոդվածը փոփ. 31.03.03 ՀՕ-521-Ն, 04.10.05 ՀՕ-188-Ն օրենքներ)

Հոդված 2491 Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը

1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաեւ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:
(249 1-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 250. Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը)

1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ կարող է ահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:
2. Գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որեւէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության եւ իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը:
Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձեւավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի եւ գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:
(250 հոդվածը լրացվել է 03.04.01 ՀՕ-164, 31.03.03 ՀՕ-521-Ն,  16.12.05  ՀՕ-13-Ն օրենքներ)

 Հոդված 251. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը

1. Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

2. Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:

3. Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

4. Քաղաքացի գրավատուի (բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ) կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած համապատասխան գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված վեցամսյա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:

5. Բանկը (վարկային կազմակերպությունը) և քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
(251-րդ  հոդվածը լրացվել է 23.06.11 ՀՕ-233-Ն)

 

Հոդված 252. Գրավ դրված գույքի վրա բռնագանձման եւ դրա իրացման դադարեցումը

1. Պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչեւ գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը եւ դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է:
Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:
2. Անձը, որը պահանջում է դադարեցնել գրավ դրված գույքի բռնագանձումը կամ դրա իրացումը, պարտավոր է գրավառուին հատուցել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ այն իրացնելու կապակցությամբ կրած ծախսերը:

Հոդված 253. Գրավի տեսակները

Գրավի տեսակներն են`
1) գրավականը.
2) գրավատուն հանձնված գույքի գրավը.
3) իրավունքների գրավը.
4) դրամական միջոցների գրավը.
5) կոշտ գրավը.
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը.
7) հիփոթեքը:

Հոդված 254. Գրավական

Գրավական է համարվում այն գրավը, որի առարկան անցնում է գրավառուի տիրապետմանը:

Հոդված 255. Գրավատուն հանձնված գույքի գրավ

1. Անձնական օգտագործման շարժական գույքը քաղաքացիներից գրավ ընդունելը` ի ապահովումն կարճաժամկետ վարկերի, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները` գրավատները:
2. Գրավատանը պահվող գույքի գրավի պայմանագիրը ձեւակերպվում է գրավատան կողմից գրավատոմս տալու միջոցով:
3. Գրավ դրվող գույքը հանձնվում է գրավատուն:
4. Գրավատունը պարտավոր է, հօգուտ գրավատուի, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով` գրավն ընդունելու պահին տվյալ տեսակի եւ որակի գույքի շուկայական գնին համապատասխան:
5. Գրավատունն իրավունք չունի օգտագործել եւ տնօրինել գրավ դրված գույքը:
6. Գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի եւ վնասվածքի համար:
7. Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար:
8. Գրավատների կողմից քաղաքացիներին պատկանող գույքի գրավով նրանց վարկավորման կանոնները սահմանվում են օրենքով:
9. Գրավատանը դրված գույքի գրավի պայմանագրի պայմանները, որոնք սահմանափակում են գրավատուի իրավունքները սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նրան վերապահված իրավունքների համեմատությամբ, առոչինչ են:

Հոդված 256. Իրավունքի գրավը

1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է, այդ թվում` տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում մասնակցության իրավունքը, պահանջի եւ այլ օտարման ենթակա իրավունքները:
2. Ժամկետով տրված իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչեւ դրա գործողության ժամկետի ավարտը:
3. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:
4. Արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(256-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 257. Դրամական միջոցների գրավ

Գրավի առարկա դրամական միջոցները պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: Այդ գումարի վրա հաշվեգրվող տոկոսները պատկանում են գրավատուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված արժեթղթերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները:
(257-րդ հոդվածը լրաց. 23.05.06  ՀՕ-79-Ն օրենք)

Հոդված 258. Կոշտ գրավ

Կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան, կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
(258-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05  ՀՕ-238-Ն օրենքներ)

Հոդված 259. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ

1. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի եւ այլն) կազմը եւ բնական ձեւը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից:
Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցումը թույլատրվում է գրավով ապահովված պարտավորության կատարված մասին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուի կողմից օտարված` շրջանառության մեջ գտնվող ապրանքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից դադարում են գրավի առարկա լինել, իսկ գրավի պայմանագրում նշված գրավատուի ձեռք բերված ապրանքները դառնում են գրավի առարկա` գրավատուի մոտ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից:
3. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավատուն պարտավոր է վարել գրավների գրառման գիրք, որի մեջ գրառումներ են կատարվում վերջին գործառնության օրվա դրությամբ ապրանքների գրավի պայմանների եւ գրավ դրված ապրանքների կազմը կամ բնական ձեւը փոփոխող բոլոր գործառնությունների մասին` ներառյալ դրանց վերամշակումը, եթե գրավատուի գործունեության նկատմամբ հսկողության այլ պայմաններ նախատեսված չեն պայմանագրով:
4. Գրավատուի կողմից շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանները խախտելիս գրավառուն իրավունք ունի գրավ դրված ապրանքների վրա իր նշանները դնելու միջոցով կասեցնել դրանց հետ կատարվող գործառնությունները մինչեւ խախտման վերացումը:

§ 2. ՀԻՓՈԹԵՔ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԻ ՄԱՍԻՆ

Հոդված 260. Հիփոթեքի հասկացությունը

Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաեւ հողամասի կառուցապատման իրավունքի գրավը:
(260-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 261. Հիփոթեքի պայմանագիր

Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:

Հոդված 262. Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը

1. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) եւ բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը եւ կատարման ժամկետը:
2. Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով եւ այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:
Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաեւ անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը եւ այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:
3. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը եւ դրա կատարման ժամկետը:
Եթե պարտավորությունը հիմնված է որեւէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի
պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը եւ մյուս անհրաժեշտ պայմանները:
4. Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ
պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:
5. Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում` նոր ձեռք բերվող հողամասի գրավով:
(262-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 263. Հիփոթեքի պայմանագրի ձեւը

1. Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:
2. Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:
3. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի եւ գրավառուի, ինչպես նաեւ պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք եւ ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: (263-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 264. Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը

1. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:
2. Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
(264-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ

Հոդված 265. Հողամասի հիփոթեքի սահմանափակումները

1. Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիների եւ
իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը: Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ
հողամասում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի եւ շինությունների վրա:
2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից` որպես առանձին գույք, եւ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի
նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(265-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 266. Հողամասի հիփոթեքը, որի վրա գտնվում են գրավատուի շենքերը կամ շինությունները
(266-րդ հոդվածն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 267. Գրավ դրված հողամասում գրավատուի կողմից շենքեր եւ շինություններ կառուցելը

Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի
պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր եւ
շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի
եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:
(267-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

 

Հոդված 267 1 Կառուցապատման իրավունքի հիփոթեքը

Կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում գրավատուն իրավունք ունի
իրականացնելու կառուցապատման իր իրավունքը:
(267 1-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 268. Այն հողամասի հիփոթեքը, որի վրա կան երրորդ անձանց իրավունքներ

1. Եթե հիփոթեքը սահմանվել է այն հողամասի նկատմամբ, որը ծանրաբեռնված է այլ անձի կառուցապատման իրավունքով, ապա կառուցապատման իրավունք ունեցող անձը պահպանում է օրենքով կամ պայմանագրով սահմանված կառուցապատման իր իրավունքները եւ պարտավորությունները նույն ծավալներով եւ ժամկետով:
 2. Հողամասի վրա բռնագանձում տարածելու եւ այն իրացնելու դեպքում հողամասը ձեռք բերողին, իրավունքներից բացի, անցնում են այն պարտականությունները, որոնք կառուցապատողի հանդեպ ուներ գրավատուն:
(268-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

3. ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ), ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ

Հոդված 269. Ընդհանուր դրույթներ բնակելի տների (բնակարանների), շենքերի եւ շինությունների հիփոթեքի մասին

1. Պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող բազմաբնակարան
 եւ անհատական բնակելի տների ու բնակարանների հիփոթեք չի թույլատրվում:
2. Հյուրանոցները, հանրակացարանները, հանգստյան տները, ամառանոցները, այգետնակները եւ մշտական բնակության համար չնախատեսված այլ շենքերն ու շինությունները կարող են հիփոթեքի առարկա լինել ընդհանուր հիմքերով:

Հոդված 270. Բազմաբնակարան շենքերի բնակարանների հիփոթեքը

1. Բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին
օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:
2. Կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում, մինչեւ սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպումը, բնակարանի հիփոթեքի իրավունքը  տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:
3. Կառուցված բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից
հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի եւ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան
 հողամասի եւ բաժնի մասի վրա:
4. (270-րդ հոդվածի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել 15.12.05  ՀՕ-238-Ն օրենք)
(270-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05  ՀՕ-238-Ն  օրենքներ)

Հոդված 271. Կառուցվող բնակելի տների, շենքերի եւ շինությունների հիփոթեքը

1. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ եւ գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:
2. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով եւ կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու
սարքավորումներով:
(271-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

Հոդված 272. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը

1. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը եւ այն
 իրացնելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց
 վտարելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված
 դեպքերի:
2. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:
3. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչեւ հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության
վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման,
եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ
բնակարանում հիփոթեքի պայմանագիր կնքելուց հետո կնքված բնակելի տարածության
վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա են վտարման
սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ
պայմանագրով:
(272-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն օրենք)

ԳԼՈՒԽ 16 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 273. Սեփականության իրավունքը ճանաչելը

Սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:

Հոդված 274. ՈՒրիշի ապօրինի տիրապետումից իր գույքը հետ պահանջելու իրավունքը

Սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

Հոդված 275. Բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքը

1. Եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր եւ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
2. Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:
3. Դրամական միջոցները, ինչպես նաեւ ըստ ներկայացնողի արժեթղթերը չեն կարող հետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից:
4. Սեփականատերը հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցներն իրավունք ունի հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին իրազեկելու պահից մեկ տարվա ընթացքում:
(275-րդ հոդվածը փոփ. 13.10.09 ՀՕ-179-Ն)

Հոդված 276. Հաշվարկներ` ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելիս

1. ՈՒրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, ով գիտեր կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին (անբարեխիղճ տիրապետող), պահանջել վերադարձնելու կամ հատուցելու նաեւ այն բոլոր եկամուտները, որոնք այդ անձն ստացել է կամ կարող էր ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ տիրապետողից` վերադարձնելու կամ հատուցելու այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ սկսած այն պահից, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին կամ ծանուցում է ստացել գույքը վերադարձնելու մասին սեփականատիրոջ հայցով:
2. Ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից:
3. Բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:

Հոդված 277. Սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից

Սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզեւ այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:

Հոդված 278. Սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը

Սույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաեւ այն անձին, ով թեեւ սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաեւ ընդդեմ սեփականատիրոջ:

ԳԼՈՒԽ 17 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵԼԸ

 Հոդված 279. Սեփականության իրավունքի եւ այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը

1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`
1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281).
2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282).
3) սեփականության հաuարակության և պետության կարիքների համար օտարվելու (հոդված 218).
4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284).
5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285).
6) կատարվում է բռնագրավում (հոդված 288).
7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ).
8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում:
3. Պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:
4. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող գույքի պետականացումը (ազգայնացումը) կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի ու մյուս վնասների հատուցմամբ` սույն օրենսգրքի 286 հոդվածով սահմանված կարգով:
5. Գույքային իրավունքները դադարում են սույն օրենսգրքի 216 և 247 հոդվածներով, ինչպես նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
(279-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 280. Սեփականության իրավունքից հրաժարվելը

1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից եւ տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որեւէ իրավունք պահպանելու մտադրության, իսկ սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գույքը հետ չպահանջելով: Սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում դրանք ներմուծելու պահից մեկ տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:
2. Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները եւ պարտականությունները դադարելու համար, մինչեւ այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
(280-րդ հոդվածը խմբ. 13.10.09 ՀՕ-179-Ն)

Հոդված 281. Սեփականատիրոջ պարտավորություններով գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Սեփականատիրոջ պարտավորություններով նրան պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով գույքը կարող է առգրավվել դատարանի վճռի հիման վրա, եթե բռնագանձում տարածելու այլ կարգ նախատեսված չէ պայմանագրով:
2. Գույքի նկատմամբ, որի վրա բռնագանձում է տարածվել, սեփականատիրոջ իրավունքը դադարում է այդ գույքի նկատմամբ այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը:

Հոդված 282. Անձի սեփականության իրավունքը դադարելն այն գույքի նկատմամբ, որը չի կարող նրան պատկանել

1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, նման գույքը` դրա բնույթի եւ նշանակության հաշվառմամբ, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:
3. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով քաղաքացու կամ իրավաբանական անձի մոտ հայտնվել է այնպիսի գույք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, եւ որն ստանալու համար սեփականատիրոջ խնդրանքը մերժվել է, այդ գույքն օտարվում է այն գույքի համար սահմանված կարգով, որը չի կարող պատկանել տվյալ սեփականատիրոջը:

Հոդված 283. Հողամասը վերցնելու կապակցությամբ դրա վրա գտնվող անշարժ գույքն օտարելը
(283-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)

Հոդված 284. Անտնտեսվար պահվող մշակութային արժեքները վերցնելը

1. Այն դեպքերում, երբ օրենքի համաձայն` առանձնապես արժեքավոր եւ պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների սեփականատերը դրանք պահում է անտնտեսվար, ինչը սպառնում է դրանց նշանակության կորստին, նման արժեքները դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` պետության կողմից դրանց գինը հատուցելու միջոցով:
2. Մշակութային արժեքները վերցնելիս սեփականատիրոջը դրանց արժեքը հատուցվում է կողմերի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանի սահմանած չափով:

Հոդված 285. Ռեկվիզիցիա

1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներում գույքը կարող է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):
2. Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված գույքի հատուցման արժեքի չափը:
3. Անձը, ում գույքը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված գույքը, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:

Հոդված 286. Օրենքի ուժով սեփականության իրավունքը դադարելու հետեւանքները

Հայաստանի Հանրապետության կողմից սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետեւանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում` գույքի արժեքը, հատուցում է պետությունը: Վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը:

Հոդված 287. Գույքի գնահատումը սեփականության իրավունքը դադարելիս

Սեփականության իրավունքը դադարելիս գույքը գնահատվում է դրա շուկայական արժեքով:

Հոդված 288. Բռնագրավում

Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց առգրավվել դատավճռով` որպես հանցագործության համար պատժամիջոց (բռնագրավում):

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2013
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Ֆաքս՝ +374 (10) 511-646
Էլ. փոստ` info@prosecutor.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն