ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե ցանկանում եք օպերատիվ ծանոթանալ ՀՀ դատախազության կայքէջի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել եւ ներքոշարադրյալ բաժինների նորությունների մասին Ձեզ կտեղեկացնենք անմիջապես:

Փաստաթղթեր print

ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ             ՈԼՈՐՏՈՒՄ

Պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ դատախազությունը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով, «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և հանձնարարականներով, այլ օրենսդրական ակտերով:

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը դատախազությանն իրավունք է վերապահում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան, իսկ 5-րդ կետը` բողոքարկել պետական շահերի պաշտպանության ոլորտին առնչվող դատական ակտերը:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`

1. Դատախազի  կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:

2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ
5) պետական շահերի պաշտպանության հայցը հարուցվում է այլ երկրների դատարաններում, կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն) լիազորում է այլ մարմնի կամ կազմակերպության:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազը պարտավոր է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան:

4. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետության շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչև հայց հարուցելը նախազգուշացնելու պետության շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:

5. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքներն ու պարտականությունները իրականացնելը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին, դիմողին կամ պատասխանողին:

6. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայության դեպքում նյութեր նախապատրաստելու նպատակով դատախազն իրավունք ունի իր որոշմամբ՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու, պահանջելու և ստանալու իրավական ակտեր, փաստաթղթեր և այլ տեղեկություններ.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու բացատրություններ:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները դատախազն իրականացնում է նաև այն դեպքերում, երբ պետական շահերի խախտման փաստի մասին տեղեկատվության աղբյուրը Հանրապետության Նախագահն է, կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը կամ Ազգային ժողովը՝ հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ:

8. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված լիազորությունները չպետք է դուրս գան պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներից:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ

1.Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների քաղաքացիական գործով կայացված օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
3. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
4. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազն ու նրա տեղակալները: Ընդ որում, քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը գլխավոր դատախազն ու նրա տեղակալները կարող են բողոքարկել անկախ տվյալ գործի քննությանը դատախազության մասնակցությունից:
6. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
7. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին, ստանալու գործի նյութերի պատճենը:

Վերը նշված դատախազական լիազորություններն իրականացվում են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և տարածքային դատախազությունների ոլորտը սպասարկող դատախազների կողմից:

 

Հեղինակային իրավունքները պաշտպանված են © 2005-2012
Հրապարակված փաստաթղթերը պաշտոնապես կարող են օգտագործվել միայն ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաստատվելուց հետո:
Մեր հասցեն` Հայաստանի Հանրապետություն
ք.Երեւան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@genproc.am
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն